Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԱՏ, ԳԻՏԵԼԻՔ



Զրույց ՀՀ կրթության եվ գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ

-Պարոն նախարար, անկախությունից ի վեր ազգային դպրոց ձեւավորելու խնդիրը եղել է առաջնային գիտակրթական համակարգի ռազմավարական ծրագրերում։ Այդուհանդերձ, մինչ օրս չեն հստակեցվել ազգային դպրոցի չափորոշիչները, չի տրվել գոնե մոտավոր սահմանում, թե ինչ են հասկանում ազգային դպրոց ասելով իրավասու այրերը եւ այդ գաղափարի ջատագովները։ Գուցե Դուք բնորոշեք՝ ի՞նչ արժանիքներ պիտի ունենա հանրակրթական դպրոցը, որ հավակնի ազգայինի կոչման։
-Իրավացիորեն նկատեցիք, որ կրթության, մասնավորապես՝ հանրակրթության մասին խոսելիս հաճախ է հնչում ազգային դպրոց արտահայտությունը։ Նաեւ իրավացի եք այն առումով, որ մինչ օրս բանախոսների ելույթներում չի հնչել միասնական կամ գոնե մոտ ձեւակերպում, թե ինչ են հասկանում իրենք՝ ազգային դպրոց ասելով։ Ի դեպ, այդ բառակապակցությունը մեծ ձգողական ուժ ունի, եթե խոսքը վերաբերում է հրապարակային ելույթներն ավելի ոգեշունչ ու սրտառուչ դարձնելու ցանկությանը, բայց երբ փորձում ես տրոհել այդ գաղափարը եւ հասկանալ, թե որոնք են ազգայինի բաղադրիչները հանրակրթության բնագավառում, պարզում ես, որ խնդիրն այդքան էլ հստակ չէ։ Ես չեմ հավակնում վերջին ատյանի բանաձեւումներ անելու, բայց իմ կարծիքով՝ ազգային դպրոցի կայացման ճանապարհին կարեւորագույն փուլ է հանրակրթական համակարգի արդիականացումը եւ զարգացումը։ Օրենսդրական դաշտը՝ սահմանադրությունը, հանրակրթության մասին օրենքը, կրթության մասին օրենքը եւ դրանից բխող մեր գործունեությունը հանգում են մի գաղափարի, ըստ որի՝ հանրակրթական դպրոցը ոչ միայն մայրենի լեզվով գիտելիք ստանալու վայր է, այլեւ դաստիարակության խնդիր իրագործող հաստատություն, այսինքն՝ կրթությունը ուսումնառություն է եւ դաստիարակություն։ Իսկ դաստիարակության առաջնային նպատակը հայ քաղաքացի ձեւավորելու հրամայականն է. մարդ, որը ունի քաղաքացու ինքնագիտակցություն՝ իր իրավունքներով, պարտականություններով, պատասխանատվությամբ, մտածելակերպով ու վարքով, միեւնույն ժամանակ գիտակցում է, որ ինքը հայ քաղաքացի է՝ իր արմատով, անցյալով, արժեհամակարգով, գաղափարներով։ Եթե մենք խոսենք միայն քաղաքացի դաստիարակելու անհրաժեշտության մասին եւ անտեսենք ազգայինը, կզրկվենք կրթական համակարգի թերեւս ամենակարեւոր շեշտադրումից եւ ճանապարհ կբացենք ազգային ինքնությանն ուղղված նոր սպառնալիքների եւ մարտահրավերների համար։
-Որքանո՞վ է հանրակրթական դպրոցը կատարում հայ քաղաքացի դաստիարակելու առաքելությունը։
-Քաղաքացիական ինստիտուտների զարգացումը, քաղաքացիական հասարակության ձեւավորման ընթացքը չի սահմանափակվում դպրոցի շրջանակում։ Եվ հսկայական կարեւորություն ունի այն բարոյահոգեբանական մթնոլորտը, որը պարուրում է երկիրը։ Մեր իրականության մեջ կան շատ երեւույթներ, որոնք պարզապես անհամատեղելի են ազգային դաստիարակության տրամաբանությանն ու գաղափարներին։ Ես կարող եմ այսօր մեծ առաքելություն վերապահել դպրոցին եւ ասել, որ դպրոցը միայնակ կարող է հեղաշրջում անել հայ մարդու մտածելակերպի մեջ եւ հայ հասարակության բարոյական նկարագրում, բայց դա կլինի անիրատեսություն։ Դպրոցը կարող է լինել բարոյական հեղափոխության շոգեքարշ Հայաստանում, բայց այն չի կարող կտրվել հասարակությունից եւ դառնալ բարոյական բարեկեցության եւ ազգային դաստիարակության օազիս, որովհետեւ ե՛ւ աշակերտը, ե՛ւ ուսուցիչը գալիս են նույն հասարակությունից։ Եվ «վարակազերծել» դպրոց մտնող հոսքը եւ դպրոցին վերապահել իր ուժերից վեր եւ անօրինաչափ առաքելություն՝ անտեսելով տեղեկատվական, մշակութային եւ այլազան ազդեցություններն ու պայմանականությունները, իրատեսական չէ։ Նրանք, ովքեր այդպիսի առաքելություն են վերապահում դպրոցին, ըստ իս, փորձում են խուսափել պատասխանատվության սեփական բաժնից։ Իսկ մենք երբեք պատասխանատվությունից չենք խուսափել ու մեր բաժին մեղքը չենք բարդել ուրիշի վրա։
…Ես ռացիոնալ ազգայնականության կողմնակից եմ, ես կողմնակից եմ այն մոտեցումներին, որոնք թույլ կտան ոչ մեկուսանալ, ո՛չ էլ լիովին բացվել աշխարհի առաջ եւ քայլել ժամանակին համընթաց՝ այդ երկու հակոտնյա գաղափարների արանքում սինթեզելով այն ռազմավարությունը, որը մեզ թույլ կտա պահպանել ազգային ինքնությունը եւ լինել արդիական։ Հիշենք, որ հայկական քաղաքակրթությունը համաշխարհային քաղաքակրության զարգացման ֆավորիտներից է եղել։
-Ի՞նչ նկարագիր ունի այսօր հայ ազգային գաղափարախոսությունը։
-Ցանկացած գաղափարախոսություն կենսունակ է այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը հավատում է այդ գաղափարախոսությանը եւ ունի այն վարքի դրույթ դարձնելու ցանկություն։ Խորհրդային գաղափարախոսությունը պարտվեց, որովհետեւ չկար համաձայնություն հռչակված արժեքների եւ իրականության միջեւ։ Ցավոք, այսօր էլ կա դրամատիկ եւ, ըստ իս, վտանգավոր խզում մեր հռչակած արժեքների ու հասարակության իրական արժեհամակարգի միջեւ՝ երկակի ստանդարտներ, բարոյալքում, արժեքի ու շահի հակադրություն… Այս պայմաններում ազգային գաղափարախոսության մասին վեհաշունչ ու գեղեցիկ խոսքերը նույնքան անպտուղ են, որքան դրանց իրացման հնարավորությունները։ Այսօր մեր գերխնդիրն է ճիշտ միավորվել որպես ազգ, որպես հասարակություն, կրել մի գաղափար, որը մեզ կնույնացնի կենսական արժեքների գերակայությամբ։ Եթե մենք միավորված լինենք գոնե արժեհամակարգի վերին հորիզոնականներում ամրագրված արժեքների նույնականությամբ, ապա անկախ քաղաքական զարգացումներից, տնտեսական ճգնաժամերից ու իշխանափոխություններից, կունենանք կայուն, անցնցում զարգացման երաշխիքներ։ Հակառակ պարագայում՝ ձեւական ազգային պատկանելությունը մեզ այլեւս չի կարող ի մի բերել, կտրոհվենք ու դատապարտված կլինենք մեր գոյությունը քարշ տալ համաշխարհային քաղաքակրթության ետնաբեմում։
-Պարոն Աշոտյան, ի վերջո, որո՞նք են մեզ իրար միացնելու ունակ արժեքները, որո՞նք են այն հենքերը, որոնց վրա պիտի բարձրանա մեր ազգային-գաղափարական կառույցը։
-Մեր ազգային արժեհամակարգը խարսխված է եղել ու պիտի լինի քրիստոնեական արժեքների եւ ազգային ինքնության բնութագրիչների վրա։ Դա հավատն է, լեզուն, ընտանիքը, մշակույթը, պատմությունը, վերջապես, բարու եւ չարի միանման ընկալումը։ Բարոյականությունը երեւույթների գնահատման սկզբունքն է, հասարակության բարոյականությունը երեւույթների գնահատման՝ հասարակության մեջ իշխող չափանիշների ամբողջությունն է։ Քանի դեռ մեր իրականության մեջ արժեք ու գիտելիք չկրող մարդը կարող է հաջողակ լինել, քանի դեռ տգետ, անբարո մարդը կարող է լինել ընդունված, ապրել բարեկեցիկ, մենք չենք կարող հասարակության մեջ ձեւավորել արժեքի ու գիտելիքի պահանջարկ։ Այդուհանդերձ, ես դեմ չեմ, որ մոդեալավորվեն այն գաղափարներն ու արժեքները, որոնք պետք են մեր հասարակությանը, սակայն չեմ կարծում, թե դա պետք է արվի խորհրդային մեթոդներով՝ վերածելով տեղեկատվական հոսքերը մերկապարանոց քարոզչության։ Մենք պիտի հավատանք այն ամենին, ինչի մասին խոսում ենք, պետք է չշփոթենք ցանկալին հնարավորի հետ։
-Այսօր մարտահրավերները շատ ագրեսիվ են, աշխարհը զարգանում է իր տրամաբանությամբ՝ առանց հաշվի առնելու մասնավոր շահերը։
-Այսօր ավելի դժվար չէ, քան նախկինում։ Ու մշակութային էքսպանսիային դիմակայելու ճանապարհը ոչ թե սեփական դռները փակելն է օտարի առաջ, այլ հակադրելը սեփականը, ավելի ուժեղը, ավելի կենսունակը։ Երբ Գուտենբերգը ստեղծեց առաջին տպիչ մեքենան, Հակոբ Մեղապարտը այն օգտագործեց իր սեփական ազգի արժեքը վերարտադրելու եւ աշխարհով մեկ սփռելու համար։ Տեխնոլոգիական առաջընթացը, իրոք, մարտահրավեր է, եթե դու չես կարողանում այն ծառայեցնել ի շահ քո պետության, ժողովրդի, մշակույթի։ Համաձայն եմ, որ այսօր մարտահրավերներն ագրեսիվ են. այնքան հեշտ, այնքան աննկատ է արժեհամակարգի այլասերումը մտնում մեր տուն, դրա համակարգային ազդեցությունն ամիսների, տարիների ընթացքում դառնում է ակներեւ ու ցցուն։
-Հակազդող լծակներից մեկն էլ այն է, որ հանրակրթության պետական չափանիշը, բացի գիտելիքից, կրի նաեւ արժեքային խումբ։ Եվ այն իրացվի, ոչ թե ունենա ձեւական բնույթ։
-Կրթության առաքելությունն անձի բարեկեցությունից մինչեւ պետության բարեկեցություն ապահովելն է՝ նպաստելով անձի զարգացման, ազգային ինքնության պահպանման եւ վերարտադրման մեխանիզմների կատարելագործմանը։ Իսկ բոլորիս, յուրաքանչյուրիս խնդիրն է հասարակության մեջ արթնացնել բարոյականության եւ արժեքի պահանջարկ, այդ դեպքում դպրոցն օր առաջ կլծվի այդ պահանջարկի բավարարմանը։ Երբեմն ապշում եմ, թե ինչ հաճույքով են որոշ մարդիկ վատաբանում եւ սեւացնում կրթական համակարգը։ Բանակը, դպրոցը, եկեղեցին չարախոսության գլխավոր թիրախներն են, որովհետեւ այս երեքն են պետության հիմքը։ Պաշտպանություն, հավատ, գիտելիք. եթե կարողանանք այս երեք սյուները կանգուն պահել, պետության ու հասարակության զարգացումը ոչ մի մարտահրավեր չի կասեցնի։
-Պարոն նախարար, խնդրում եմ պատմեք երկու գերատեսչությունների համատեղ ծրագրերի մասին։
-ՀՀ պաշտպանության նախարարությունը ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը զբաղված են միեւնույն գործով՝ Հայաստանի անվտանգության համակարգը հզորացնելով։ Մեկս՝ ֆիզիկական անվտանգությանն ուղղված արտաքին մարտահրավերներին դիմակայելով, մյուսս՝ կրթության համակարգում արժեք եւ գիտելիք վերարտադրելով։ Մեր երկու գերատեսչությունների կապը, բնականաբար, շատ սերտ է եւ ակտիվ։ Իմ գործընկեր պարոն Օհանյանը ամենացանկալի հյուրերից է կրթական համակարգի բոլոր օղակներում՝ դպրոցներից մինչեւ բուհեր ու գիտական հիմնարկներ։ Մենք փորձում ենք մոտենալ բանակին եւ բանակը մոտեցնել մեզ։ Ունենք համատեղ գործունեության ծրագիր, ինչը իրականացնում ենք ամենայն բարեխղճությամբ։
Մեծ ուշադրություն ենք դարձնում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման դրվածքին։ Դասագրքերի մի մասը նորացվել են, ներառելով հայոց ռազմարվեստի, պատմության, Արցախյան պատերազմի մասին մեծաքանակ նյութերով։ Հանրապետության դպրոցների 70 տոկոսը ունեն ժամանակակից չափանիշներով կահավորված ռազմագիտության կաբինետներ՝ զենքի պահպանման սենյակներով։ Եթե նախկինում դպրոցներն ունեին միայն ուսումնական «ԱԿ» ինքնաձիգ, ապա այսօր համալրվել են ուսումնական նռնակներով եւ օդամղիչ հրացաններով։ 300 դպրոցների ռազմագիտության կաբինետներն ապահովված են հեռուստացույցով եւ DVD-ներով։ Աշակերտները հնարավորություն ունեն դիտելու ռազմահայրենասիրական ֆիլմեր՝ ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական։ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի կարեւոր թեմաներն ավելի ընկալելի դարձնելու համար դպրոցներին տվել ենք նյութը պարզաբանող խտասկավառակներ։ Դպրոցները պարբերաբար ստանում են հայրենասիրական բնույթի պաստառներ։ Արդեն 8 դպրոց ապահովված է «Մենամարտ» վարժասարքով, ինչը հնարավորություն է տալիս հրաձգության գործնական պարապմունքները դարձնել ավելի արդյունավետ եւ անվտանգ։ Շուտով «Մենամարտ» վարժասարք կստանա եւս 15 դպրոց։ Ստեղծել եւ ստեղծում ենք դպրոց-կենտրոններ, որոնք ունեն հարուստ նյութատեխնիկական բազա, արգելագոտիներ, տարածքներ, որտեղ կարող են կազմակերպվել ռազմամարզական մեծամասշտաբ միջոցառումներ։
Այս տարի առաջին անգամ կազմակերպվեց օլիմպիադա «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից։ Քաղաքային փուլն ավարտվել է։ Աշակերտները միջոցառմանը մասնակցել են ակտիվորեն, մրցել են նաեւ աղջիկները։ Հանրապետական փուլը տեղի կունենա մայիսին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։
Ավանդական են դարձել «Կորյուն» ռազմամարզական խաղերը, որոնց շրջանակում աշակերտները մրցում են՝ սկսած ինքնաձիգ քանդել-հավաքելուց մինչեւ էստաֆետային եւ ռազմակիրառական խաղեր։
Ամեն տարի դպրոցականները երկօրյա ռազմադաշտային պարապմունքներ են անցկացնում զորամասերում։ Պետք է նշել, որ յուրաքանչյուր դպրոց կցված է մերձակա որեւէ զորամասի եւ պարբերաբար հնարավորություն է ունենում շփվելու զորամասի անձնակազմի հետ, ծանոթանալու բանակային պայմաններին, ռեժիմին, մթնոլորտին եւ ականատեսի աչքերով պատկերացում կազմելու բանակի մասին։ Յուրաքանչյուր դպրոց գոնե ամիսը մեկ անգամ հյուրընկալում է զորամասի անձնակազմին, կամ աշակերտներն են այցելում զորամաս։
Այս ամենով հանդերձ, ռազմահայրենասիրական դաստիարակությունը չի իրականացվում միայն «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում։ Արտադպրոցական միջոցառումների զգալի մասը միտված է հենց ազգային գաղափարների ու արժեքների քարոզչությանը։ Մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս հավաստիացնել, որ հանրապետության բոլոր դպրոցներում ոչ միայն նշվում են պետական տոները, այլեւ կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված Արցախյան պատերազմի մարտիկներին։ Պարբերաբար ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումներ է կազմակերպում նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գեղագիտական դաստիարակության եւ մշակույթի կենտրոնը, որն իր դահլիճում պարբերաբար հյուրընկալում է սպաների եւ զինվորների, ինչպես նաեւ կազմակերպում է արտագնա համերգներ ու միջոցառումներ ազգային բանակի տարբեր զորամասերում։
Վերջում ցանկանում եմ ավելացնել, որ հայրենասեր քաղաքացի դաստիարակելու խնդիր ունեն ոչ միայն «Նախնական զինվորական պատրաստության», այլեւ մյուս բոլոր առարկաների ուսուցիչները։ Յուրաքանչյուր առարկայի մատուցման ենթատեքստում պետք է լինի աշակերտին բարոյական արժեքներով տոգորելու նպատակ։ Այսինքն՝ անկախ այն բանից, թե ինչ առարկա է դասավանդում, ուսուցիչը գաղափարական դաստիարակության խնդիր է լուծում։ Փորձում ենք անել ամեն բան, որ այս ոլորտում աշխատանքը լինի հնարավորինս արդյունավետ։
-Շնորհակալություն պարոն նախարար, անկեղծ զրույցի համար։ Հուսամ, որ մեր կրթական համակարգը կկարողանա դիմակայել մեր հոգեւոր անվտանգությանն ուղղված մարտահրավերներին, կկարողանա պահպանել ազգային դիմագիծը, կվերագտնի այն փառքն ու կշիռը, որ ունեցել են մեր հռչակավոր դպրանոցները, եւ կերաշխավորի մեր ներկայությունը համաշխարհային քաղաքակրթության, Ձեր խոսքերով ասած, ոչ թե ետնաբեմում, այլ ամենագլխավոր դերերում։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #11 (876) 23.03.2011 – 30.03.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


31/03/2011