ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
Հայոց բանակի ծնունդը մեր ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության, հայրենասիրության արգասիքն է։ Հայոց բանակը դարձավ յուրաքանչյուր հայի, ողջ ժողովրդի պաշտելի զավակը։ Հայոց բանակին արյուն-ավիշ տվեցին արվեստագետն ու բանվորը, գիտնականն ու շինականը, զինվորն ու զորականը։ Ուստի բանակի ստեղծումն ու կայացումը տոն է ոչ միայն բանակայինների համար. իրենց սիրով, աջակցությամբ, բարեմաղթանքներով հայ զինվորի ու զինվորականի կողքին են երկրի գիտնականն ու երաժիշտը, քանդակագործն ու գրողը, մարզիկն ու երգիչը։
Մեկ անգամ եւս հիշենք եւ հիշատակենք մեր ազգի այն երախտավորներին, որոնց խոսքն արժեքավոր եւ գնահատելի է մեզ համար:
Մի՛ կարծեք, թե ես սահմանափակվել եմ երգարվեստի շրջանակներում, եւ ինձ համար որեւէ նշանակություն չի ունեցել իմ երկրի, հայրենիքի ճակատագիրը։ Անհեթեթ կլինի կարծել, թե մեր բանակն այսօր կարելի է համեմատել, ասենք, անգլիական բանակի հետ, սակայն ամեն ինչ միանգամից չի լինում։ Միայն այն, որ մենք այսօր բանակ ունենք, որի մասին խոսում են տարածաշրջանում, արդեն հաղթանակ է, արդեն ձեռքբերում է։ Սակայն մենք դեռ հզորանալու ենք, որպեսզի, ապավինելով սեփական ուժերին, կարողանանք դիմակայել թշնամուն։ Հիշու՞մ եք, պահ կար, երբ մենք մեր զավակներին փախցնում էինք, թաքցնում զորակոչից։ Սակայն մոռանում էինք մի կարեւոր հանգամանք. լավ է մեռնել սրով, քան սրից։ Սա ապացուցման կարիք չունեցող ճշմարտություն է, եւ եթե մենք այդ ճշմարտությանը հավատարիմ չմնանք՝ չենք կարող հավատով խոսել այն բանակի մասին, որն այլեւս չի սարսափելու թուրքական յաթաղանից, եւ ինքն է իր ճակատագիրը կերտելու։
Բանակը յուրահատուկ պատվար է, որին ոչ միայն պիտի հավատաս, այլեւ պիտի ապավինես։
Այո՛, ես գիտեմ, որ բանակում մեղր չեն բաժանում, բայց ուզում եմ իմանանք, որ այդ բանակը բոլորիս համար է, եւ նրա հզորությամբ ու մարտունակությամբ է կանխորոշվում մեր ապագան։ Մեր նախնիներն այդպես կարծել, սակայն այլ կերպ են գործել։ Եվ մենք հիմա պիտի լավ գիտակցենք, որ եկել է դաշույնը սրելու ժամանակը, այն դաշույնը, որը ժամանակին թշնամու սիրտը չենք խրել…
ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հայոց բանակի մասին խոսելիս՝ սիրտս ուռչում է հպարտությունից, աչքերս արցունքոտվում են։ Փա՛ռք նրանց, ովքեր ազգային բանակ նվիրեցին մեզ, փա՛ռք նրանց, ովքեր զորացրին մեր բանակը, ովքեր մեր որդիների ծառայությունը դարձրին դյուրին ու անվտանգ, ովքեր մեր տոնացույցին բանակի օր նվիրեցին։ Մայրական օրհնանքս բոլոր զինվորականներին։
ՎԱՐԴՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայ մարդը (ե՛ւ ավագները, ե՛ւ երիտասարդները), պետք է մեծապես հպարտանա իր ազգությամբ, պատմական անցյալով, քանի որ ավելի խելացի, կարող, մեծավաստակ ժողովուրդ չկա աշխարհում, քան հայ ժողովուրդը։ Մեր բանակի անհավանական, հրաշափառ ծնունդը դրա ապացույցն է։ Մեր երկրի անվտանգության առաջին երաշխավորը զինվորի ոգին է, բարոյականությունը, հայրենասիրությունը, քաջությունը։ Իսկ հայրենասեր լինելու համար զինվորը պետք է ճանաչի իր արմատը, անցյալը, պատմական ժառանգությունը։ Մարդուց ոչինչ չի մնում, մնում է ապրած տարիների վաստակը՝ գործը։ Ցանկանում եմ, որ մեր բանակի զինվորները բարձր գնահատեն ծառայական կյանքի յուրաքանչյուր րոպեն, իրենց պատվախնդիր ու հերոսական գործին նվիրվեն անմնացորդ։
ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆԻ
Հայ զինվորն ու սպան հաղթանակով են պսակել ազգային բանակի ծնունդը, հաղթել են, երբ պարտությունը թվացել է անխուսափելի, երբ հաղթանակը հավասար է եղել հրաշքի։ Հաղթել են խաղաղ բանակաշինության տարիներին, կառուցել են, զորացրել, կատարելագործել։ Սպան զինվորին է փոխանցել իր քաջությունը, հայրենասիրությունը, ոգին, պարտքի ու արժանապատվության զգացումը, օրինակ է ծառայել իր առաքինությամբ, վարքով, կեցվածքով։ Զինվորը բանակ է բերել իր կամքը, արիությունը, որդիական սերը սեփական երկրի հանդեպ։ Մեր զինվորներին ու սպաներին մաղթում եմ համերաշխություն, սեր, գթասրտություն, քաջություն, կորով։ Թող միշտ հպարտությամբ դիմավորեն բանակի օրը։
ԱՆԱՀԻՏ ՍԱՀԻՆՅԱՆ
Երկրի ու ժողովրդի գոյությունը հիմնականում պայմանավորված է բանակով ու մշակույթով, զինվորը պաշտպանում է ազգը ֆիզիկապես, իսկ արվեստագետը նրա հոգեւոր պաշտպանն է։ Մարտունակ բանակ ու հզոր մշակույթ ունեցող ժողովրդին ոչ ոք չի կարող հաղթել։ Ուրեմն՝ բանակն ու մշակույթը պետք է միասին լինեն։ Վտանգված, անպաշտպան երկրում չի կարող ստեղծվել ինքնատիպ, ազգային ու ազդեցիկ մշակույթ, զուգահեռաբար՝ առանց հզոր, ոգեշունչ մշակույթի չի կարող լինել ուժեղ, արժանապատիվ ու հայրենասեր բանակ։ Խորին հարգանք ու խոնարհում հայ զինվորին եւ նրա սրբազան գործին։
ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բանակը մեր հավատն է ու հպարտությունը, մեր գոյատեւման գրավականը, ապագայի հանդեպ մեր հավատի ու լավատեսության առաջին երաշխիքը։ Մենք այսօր հաղթահարում ենք բոլոր դժվարությունները, առաջ ենք գնում, չենք կոտրվում, ընկճվում, քանի որ ֆիզիկապես պաշտպանված ենք սեփական երկրում՝ շնորհիվ ուժեղ ու մարտունակ ազգային բանակի։ Մեր ժողովուրդը միշտ բանակապաշտ է եղել, սիրել է զինվորին։ Մի բան եմ ուզում՝ ավելի շատ սեր ու ջերմություն տանք հայ զինվորին, ավելի հոգատար ու ուշադիր լինենք։ Մեր սերը նրանց ավելի հայրենասեր, ազգապաշտ, խիզախ ու անձնվեր կդարձնի։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Զինվորական համազգեստով հայրենակիցներիս հանդիպելիս ամեն անգամ հպարտության, ապահովության հաճելի զգացում եմ ունենում, ասես ուժ եմ առնում, հոգնածությունս անցնում է, ավելի մեծ հավատով ու լավատեսությամբ եմ սկսում նայել ապագային։ Բանակը չի սիրում թույլերին, բանակն ուժեղների համար է։ Ուժեղները չեն հանձնվում, չեն պարտվում, հավատում են սեփական ուժերին, հաղթանակին ու պայքարում են մինչեւ վերջ: Ուժ եմ մաղթում հայ զինվորին, սպային, գեներալին, մեծ ու համարձակ երազանքներ, խիզախ նպատակներ։ Համոզված եմ, որ մեր բանակն այսուհետ միայն հաղթանակներ է տոնելու։
ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆ
Ֆիզիկապես պաշտպանված ենք, ու մեր պաշտպանն այսօր օտարը չէ՝ մենք ենք, մեր զավակները։ Սեփական ուժերով, նվիրումով ու հայրենասիրությամբ, մեր ռազմական տաղանդով ու խելքով բանակ ստեղծեցինք։ Ու այդ բանակն այսօր լիովին պաշտպանում է մեզ։ Մեր բանակը ամենահզորն է տարածաշրջանում, թեեւ մեր երկիրն ամենափոքրն է։ Նշանակում է՝ մենք խելոք ենք, հայրենասեր, ուժեղ, կենսունակ։ Մենք կարող ազգ ենք։ Մեր ժողովուրդն իր դժվարին պատմության ընթացքում որքա՜ն երկար ու ի՜նչ բաղձանքով է սպասել սեփական զորք, զինվոր ունենալու երազին, ի՜նչ նվիրումով, ի՜նչ կարոտով են հայոց մեծերը փայփայել հայոց զինուժի, հայ զինվորի տեսիլքը։ Ցանկանում եմ, որ հայ զինվորը երբեք չմոռանա, որ ինքը հերոսների զարմից է, զգա իր հազարամյա, փառահեղ պատմության ներկայությունն իր հոգում ու ինքն իրեն փառավորի ավուր սխրանքներով։
ԱՐԱ ՇԻՐԱԶ
Բանակը մեր հայրենասիրության, ուժի, քաջության խտացումն է, մեր կենսունակության ավիշը։ Բանակը մեր ինքնության, պատվի խորհրդանիշն է։ Մենք երբեք այսպիսի բանակ չենք ունեցել, այսքան մարտունակ, արհեստավարժ, ոգեղեն, հայրենասեր, խիզախ, ինքնավստահ։ Հայրենիքն սկսվում է զինվորից։ Սահմանն սկսվում է զինվորով. այս իրողությունը խորհուրդ ունի։ Փառք Աստծո, որ կարողացել ենք զինվորի ուժին, հերոսականությանը, խիզախությանը հավելել բազում անհրաժեշտ առաքինություններ՝ բարություն, հավատարմություն, սեր, մտերմություն։ Հայոց բանակի բոլոր զինծառայողներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, թող անսպառ լինեն նրանց եռանդը, կենսունակությունը, ուժը։ Բոլոր դժվարությունները ակնթարթի պես անցնելու են, մնալու է հպարտությունը։
ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ