ԲԱՆԱԿԸ ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆՆ Է
Բանակը մեր անկախ պետականության մեծագույն ձեռքբերումն է, ազգի ինքնաճանաչման հայելին: Փառք ու պատիվ այն զորամասերին, որտեղ կրթվում, դաստիարակվում, մարտական ոգի են ձեռք բերում մեր զինվորները, որտեղ արժանապատիվ ու հայրենասեր զինվորականների հրամանատարությամբ կերտվում է մեր բանակի վաղվա օրը: Համոզված ենք, որ զինվորի դաստիարակության վճռորոշ բաժինը հայրենասիրությունն է, արիությունը` համեմված մարտական հստակ գիտելիքներով:
Հպարտություն ապրեցի վերջերս` ներկա գտնվելով զորամասերից մեկում, որի հրամանատարն է գնդապետ Հ. Թևոսյանը:
Հսկիչ-անցագրային կետի մոտ ողջունող հերթապահ-զինվորների պահվածքը հուշեց, որ մուտք ենք գործում մի զորամաս, որտեղ ամեն ինչ ենթարկված է զինվորական խիստ կարգուկանոնին, զորամաս, որտեղ զինվորները քաջ գիտակցում են իրենց գործի անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Կատարյալ մաքրությամբ փայլող զորամասի ամեն անկյուն աչք է շոյում: Հերոսների մասին պատմող ցուցապաստառները, վահանակները ակամա ակնածանք են առաջացնում մարդու հոգում: Զորամասի ցանկացած հատված խոսում է զինվորականի հագեցած առօրյայի մասին:
Զինվորը պիտի քաջ գիտակցի, որ բանակն իր տունն է, իսկ դրա համար հրամանատարությունը պետք է ջանք ու եռանդ չխնայի: Համոզված եմ, որ գնդապետ Հ. Թևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում յուրաքանչյուր հայ զինվոր բանակն իր տունն է համարում:
ԼԻԼԻԹ ՄԻՐԶԱՋԱՆՅԱՆ
Խորագիր՝ #09 (1027) 13.03.2014 – 19.03.2014, Բանակ և հասարակություն