ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ
Մարտական հենակետում խաղաղ էր։ Հաճելի զրույց ծավալվեց տղաների հետ։ Պատմեցին առօրյա հոգսերից ու դժվարություններից, առանց դժգոհելու՝ սևեռուն հայացքները անընդհատ սահմանին, որտեղ թշնամու հենակետերն էին։
-Ինչ էլ լինի, պետք է արդարացնենք մեր թիկունքում ապրող հարազատ ժողովրդի վստահությունը։ Թե պետք լինի՝ անգամ դատարկ բազուկներով թշնամուն ծովը կլցնենք։ Թող շատ չհոխորտան…,- ասում էին տղաները։
Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ս. Մինասյանի հետ բարձրանում ենք դիրքեր տանող ճանապարհով: Մերթ երևացող, մերթ փախչող արևի ճառագայթների հետ անտառ լցված մշուշը կամաց-կամաց բարձրանում է սարերը: Գիշերը տեղացած անձրևը ճանապարհը դարձրել էր դժվարանցանելի: Մարտական հենակետ չհասած՝ մեքենան այլևս անզոր եղավ առաջ շարժվելու, եւ հրամանատարի հետ որոշեցինք ոտքով շարունակել ճանապարհը…
Ճանապարհին երիտասարդ հրամանատարը ծանոթություն էր տալիս տեղանքի մասին և ամեն հարմար առիթով գովեստի խոսքեր էր ասում հենակետերում կանգնած պայմանագրայինների մասին:
-Տղաներին շատ բան ասել պետք չէ, նրանք քաջ գիտակցում են, որ հայրենիքն սկսվում է հենց այս սահմանագծից, իսկ ներքևում նրանց ծննդավայրերն են: Ասածս պատկերավոր խոսք չէ. անձնակազմը հիմնականում համալրված է մերձակա բնակավայրերի բնակիչներից: Բոլորն էլ նվիրված են իրենց հող ու ջրին, իրենց օջախներին: Պատերազմը նրանց ստիպեց զենք վերցնել: Ունեն փորձ ու հմտություն, իսկ տեղանքի քաջածանոթությունը մեծապես օգնում է մարտական առաջադրանքների կատարմանը,- այսպես ասաց հրամանատարը և հայացքը հառեց վեր, որտեղից արագ քայլերով մի սպա էր իջնում: Մինչ հրամանատարը կներկայացներ սպային, նա ինքը ներկայացավ՝ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայան:
…Փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը մոտակա գյուղի ծնունդ է: Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում: Վերադարձից կարճ ժամանակ անց սկսվում է Արցախյան ազատագրական պայքարը: Լեռնիկը միանում է հայրենի եզերքի համար ոտքի ելած տղաների ջոկատին: 1990թ.-ին անդամագրվել է Հատուկ գնդին: 1992 թվականին մասնակցել է Լաչինի միջանցքի ազատագրական մարտերին: Եղել է վաշտի, 2003թ.-ին` գումարտակի, իսկ 2005թ.-ից արդեն պայմանագրային գումարտակի հրամանատար: Նրա հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը երկու տարի ՀՀ զինված ուժերում ճանաչվել է լավագույնը: Պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Մարտական հերթապահության» 1-ին աստիճանի, «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ աստիճանների, «Մարշալ Հովհաննես Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան» մեդալներով: Պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է որսորդական զենքով և սրով: Ամուսնացած է, ունի մեկ տղա և հինգ դուստր: Մարտական հենակետում եղանակային անբարենպաստ պայմաններում անգամ մեծ աշխատանքներ էին կատարվել. լրակահավորվել էին խրամատները, խրամաբջիջները, նորացվել էին հին ծածկաճեղքերը, վերանորոգել կացարանը: Մի քանի օրվա ընթացքում կատարվել էր մոտ 100 մետրից ավելի խրամատի փայտե երեսպատում: Ապահովության համար ավելի էին հաստացրել դիտակետերի և խրամատի ճակատը:
♦♦♦
Վաշտի հրամանատար Գեորգի Ասրյանի հետ անցնում ենք խրամուղիներով: Մարտական հենակետը հսկում են այս վաշտի առաջին դասակի տղաները: Իրոք, նկատելի աշխատանքներ են կատարվել առաջնագծում՝ ամրապնդվել են մարտական հենակետերը, խորացվել- լայնացվել են խրամուղիները, տեղադրվել կողմնորոշիչ վահանակներ: Ընդհանրապես, գարնան հետ սկսվում են լրացուցիչ շատ աշխատանքներ՝ խրամուղիների ամենօրյա մաքրում, վերանորոգումներ և այլն:
Վաշտի հրամանատարը մարզի Արծվաբերդ գյուղից է, պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան», «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» մեդալներով, թանկարժեք նվերներով, պատվոգրերով: Եվ ընդհանրապես մարտական հերթապահություն իրականացնող այս վաշտում հրաշալի տղաներ են ծառայում` հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Վարդան Գրիգորյան, շարքայիններ՝ Արմեն Մխիթարյան, Արամայիս Մխիթարյան, Վասպուր Մելիքբեկյան, Արման Ոսկանյան:
Մարտական հենակետում ինժեներական աշխատանքներին մասնակցում էին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Կամո Պապյանը, շարքայիններ՝ Վահրամ Ալիխանյանը, Էդվարդ Դումանյանը, Արտակ Բաբայանը, Վրեժ Ասլիբեկյանը, Տաճատ Բաբասյանը, Շահիկ Չոբանյանը։
Դիմացի բարձունքներից երևում են հակառակորդի մարտական հենակետերը: Տղաները աշխատում են` խստիվ պահպանելով անվտանգության կանոնները: Աշխատանքը եռում է, բայց նրանք հասցնում են նաև խոսել ու կատակել, նույնիսկ իրենց հոգսերից պատմել:
– Տան միակ աշխատող ձեռքն եմ,- ասում է Կամոն: – Ծառայությանս 20 տարին լրացավ: Չորս երեխա եմ պահում. տղաս ծառայում է, զինվոր է, աղջիկս մանկավարժականի 4-րդ կուրսում է, մյուս տղաս 11-րդ դասարանում է սովորում, փոքր աղջիկս երկուսուկես տարեկան է… 14 օր դիրքերում ենք լինում, 14 օր` տանը: Սակայն եռօրյա պարապմունքները, վերակարգերը, նաև ինժեներական այս աշխատանքները, մանավանդ հիմա` գյուղատնտեսական գարնանային այս եռուն աշխատանքների շրջանում, երբ ամեն օրը ոսկի է, մեզ` պայմանագրայիններիս, շատ են խանգարում… Ես ուղղակի չեմ հասցնում հոգալ իմ ընտանիքի կարիքները…
Տղաները խոսում են, կատակի են տալիս իրենց դժվարությունները, հոգսերը, բայց և չեն թաքցնում իրենց ուրախությունը աշխատավարձերի սպասվելիք բարձրացումից:
-Հազիվ եմ հասցնում երեխաներիս ծախսերը հոգալ,- ասում է Ռազմիկ Ծատուրյանը:- Անհամբեր սպասում եմ խոստացված աշխատավարձերի բարձրացմանը, որը բավականին կթեթևացնի իմ ընտանեկան հոգսերը: Ես, եթե իմ թիկունքը` ընտանիքս մի քիչ ապահով լինի, ես ավելի մեծ նվիրվածությամբ կծառայեմ, թեև առանց այդ էլ ես ինձ չեմ խնայում ծառայության մեջ…
…Տավուշ աշխարհը Հայաստանի ամենաչքնաղ անկյուններից է: Այն եզակի տարածքներից է, որտեղ ապրում են իրենց հողին ու ջրին սիրահարված, քաջ ու բարի, աշխատասեր մարդիկ: Նույնիսկ խորհրդային տարիներին թշնամու ոտքը երբեք չի մտել այս դրախտային աշխարհը: Ասում են, թե խորհրդային տարիներին մեր մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը հաճախ է հյուրընկալվել Տավուշում, շրջել է գյուղերով, ծանոթացել է բերդերին ու ամրոցներին, հիացել է մատուռներով, եկեղեցիներով, վանքերով, սիրել է զրուցել գյուղացիների, հասարակ մարդկանց հետ: Իսկ երբ մայրաքաղաքում հարցրել են Վարպետին, թե նա որտեղ էր, որտեղից է գալիս, մեծ բանաստեղծը շատ կարճ պատասխան է տվել.
-Ես գալիս եմ Հայաստանից:
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր