ԻՏԱԼԱՑԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ Ա. ԱՅՎԱԶՅԱՆԻ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ
ԻՏԱԼԱՑԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ Ա. ԱՅՎԱԶՅԱՆԻ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ
Փարիզյան «Սիժեստ» (Sigest) հրատարակչությունում լույս է տեսել Ա. Այվազյանի «Հայ զինվորականությունը Բյուզանդական կայսրությունում. Հակամարտությունն ու դաշնությունները Հուստինիանոս եւ Մավրիկիոս կայսրերի օրոք» անգլերեն մենագրության երկրորդ՝ վերանայված և ընդլայնված հրատարակությունը։
Ստորև թարգմանաբար հայ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում իտալացի անվանի ռազմական պատմաբան Ռաֆայել Դ’Ամատոյի գրախոսությունը մասնակի կրճատումներով։ Այն վերջերս է հրապարակվել «Միջնադարյան պատերազմ» միջազգային գիտահանրամատչելի հանդեսում։
Դկտ. Այվազյանը հեղինակել է մի արժեքավոր գիրք, որում ծայրահեղ ճշգրտությամբ նկարագրված են վեցերորդ դարից մինչև յոթերորդ դարի սկզբները տեղի ունեցած իրադարձություններն ու վայրերը, ինչպես նաև հայոց պատմության բեմում ու Բյուզանդիայի հետ փոխառնչություններում հանդես եկած գլխավոր դեմքերն ու դեպքերը։
Գրքի առաջին մասում քննության է առնված հայկական մի բանակի՝ Հուստինիանոս կայսեր իշխանության դեմ 538-539 թթ. բարձրացրած ապստամբությունը, որի գագաթնակետն Ավնիկի ճակատամարտն էր, ապա և՝ հայ ապստամբների Սասանյան Պարսկաստանի տարածքում ապաստանելը։ Սույն ապստամբության գլխավոր հերոսը նախարար Արտավան Արշակունին էր՝ Հուստինիանոսի զորավարներից մեկը, որն ապստամբությունից հետո կարևոր դիրքեր զբաղեցրեց Հռոմի կայսերական բանակում։ Այվազյանը հմտորեն ներկայացնում է Հայաստանում տիրող բարդ իրավիճակը։ Երկիրը թեև բաժանված էր երկու գերտերությունների՝ Հռոմի և Պարսկաստանի միջև, բայցեւայնպես պաշտպանվում էր հիմնականում ազգային բանակով, որը տոգորված էր ազգային հպարտության և անկախության տրամադրություններով։ Հեղինակը բացատրում է, որ կայսերական նահանգապետ Ակակիոսի դաժան հարկահանության և կառավարման դեմ ուղղված ապստամբությունը բարձրացրել էր մեծավ մասամբ հայ զինվորներից բաղկացած հռոմեական բանակներից մեկը։
Առաջին գլխում Այվազյանը հետազոտում է ապստամբության դրդապատճառները։ Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը քննող երկրորդ գլխում նա զուգահեռաբար վերականգնում է ապստամբների և նրանց ճնշելու նպատակով Հուստինիանոսի ուղարկած զորավար Սիտտասի միջև տեղի ունեցած առճակատման տարբեր փուլերը (ի դեպ, Սիտտասն ինքն էլ, հավանորեն, հայ էր)։ Երրորդ գլխում շատ հաջող վերականգնման է ենթարկվել Ավնիկի ճակատամարտը, որի ընթացքում Սիտտասն սպանվեց, կայսերական բանակն էլ պարտություն կրեց։ Ներկայացնելուց հետո ապստամբության ավարտը (երբ հայկական ուժերը հեռացան Պարսկահայաստան, առաջարկելով իրենց ծառայությունները սասանյան արքային, իսկ ավելի ուշ ինքնակամ վերադարձան հռոմեացիների ճամբար) Այվազյանը վերլուծում է հայերի մարտավարությունը՝ այն համեմատելով մինչ այդ նրանց՝ հռոմեացիների ու պարսիկների դեմ տված կռիվների հետ։ Նա եզրակացնում է, որ նախընտրությունը հաճախ տրվում էր հետևյալ մարտավարությանը. ա) նահանջ դեպի Հայաստանի խիստ կտրտված տեղանք և նոր միայն այնտեղ թշնամու հետ ճակատամարտի բռնվել՝ սովորաբար հակահարձակման անցնելով, բ) մարտի հրահրում բարձրլեռնային գոտում, որտեղ հայ ռազմիկների համար կռվելն ավելի հեշտ էր, գ) թշնամու զորքերի հրամանատարների նախածրագրված ոչնչացում։
Նա նաև ցուցադրում է ինչպես հռոմեացիների, այնպես էլ պարսիկների շրջանում հայ մարտիկների վայելած մեծ հեղինակությունը։
Գրքի երկրորդ մասում Այվազյանը վերլուծում է հայերին Բյուզանդական կայսրության թշնամիների ցանկից դուրս թողնելու պատճառները։ Այդ ցանկը կազմել էր Մորիկ կայսրն իր հանրահայտ ռազմական տրակտատ «Ստրատեգիկոն»-ում ։ Նա բացահայտում է, որ Հռոմեական կայսրությունում հին շրջանից սկսած ընդհուպ մինչև միջնադար հայերի հանդեպ գործել է համընդհանուր բնույթի մի նախապաշարմունք, որն ուղղված էր նրանց բուռն և անկախ բնավորության ու ամուր ազգային ինքնության դեմ։ Այսուամենայնիվ, նշված ցանկում նրանց չներառելու գլխավոր պատճառն այն էր, որ Մորիկի կառավարման տարիներին (582-602) հայերը կարևոր դիրքեր էին զբաղեցնում հռոմեական զինված ուժերում, հետևաբար բացարձակորեն անպատշաճ կլիներ նրանց (անգամ սասանյան զորքում ծառայողներին) ներկայացնել որպես կայսրության թշնամիների, հատկապես՝ սպայակույտի համար նախատեսված դաշտային մի ձեռնարկում։ Չէ՞ որ սպաներից շատերն իրենք էլ հայ էին։
Ինձ համար հատկապես գնահատելի է հռոմեական ռազմական մեքենայի ներսում և նրանից դուրս մարտնչող հայ ռազմիկների ոգու վերաբերյալ հեղինակի հստակ և անկողմնակալ քննությունը։ Միաժամանակ, հեղինակն ընդգծում է վեցերորդ և յոթերորդ դարերում (ինչպես նաև՝ ավելի ուշ) բյուզանդական բանակում հայերի ունեցած կարևոր դիրքը։ Այդպես էր հատկապես յոթերորդ դարի սկզբին, երբ սլավոններն ու ավարները գրավեցին Բալկանները՝ ստիպելով կայսրությանն իր մարդուժը հավաքագրել Անատոլիայում և Հայաստանում։ Այվազյանը նաև շեշտում է, թե ինչպիսի հպարտությամբ էին հաճախ հայերը ծառայում իբրեւ հռոմեական զորավարներ, թեպետեւ իրենց իսկ երկիրը ենթակա էր կայսերական վերահսկողության։
Դկտ. Այվազյանի գիրքը վառ ապացույց է, թե որքան կարևոր է, երբ պատմաբանները քննում ու ներկայացնում են իրենց սեփական երկրի պատմությունը (միջազգային գիտական հանրությանը)։ Տեղական գիտելիքին տիրապետելու շնորհիվ նրանք ընդունակ են նորովի ու հստակորեն լուսաբանելու գլխավոր հերոսներին ու վայրերին վերաբերող եզրութաբանությունը, ինչպես նաև բացահայտելու հասարակական-քաղաքական այն տարրերը, որոնք հաճախ անտեսում են օտար պատմաբանները, սակայն խիստ կարևոր են ընդհանուր պատմության ընկալման համար։
Խորագիր՝ #11 (1029) 27.03.2014 – 2.04.2014, Հոգևոր-մշակութային