ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ՈՒ ԻՐ ԼՈՒԾՈՒՄԸ
Հայկական հարցը շատ է հին։ Իր ամբողջությամբ նրան մեզանում քչերն են ծանոթ ու տեղյակ։ Նա իր սկզբնական շրջանում զուտ քաղաքական խնդիր էր և հետամուտ էր ձեռք բերելու հայի կորցրած քաղաքական անկախությունը։ Բայց ժամանակի ընթացքում ջախջախվեց ինքը – հայ ժողովուրդը, ջախջախվեցին նրա ուժերն ու հույսերը ու իջնելով, իջնելով պարսկական ու տաճկական բռնակալության տակ՝ պահանջը հասավ մինիմումի։
Թե հայոց հարցը քաղաքացիական խնդիր է, ոչ թե քաղաքական, էդ լավ գիտեն թե՛ Եվրոպայում, թե՛ Տաճկաստանը և թե՛ Ռուսաստանը, և հայոց սեպարատիզմի առասպելին լուրջ մարդիկ չեն հավատում։
Արդ, որտե՞ղ և ո՞ր օրից գոյություն ունի հայկական հարցը իր ներկա բնավորությամբ։
-Էն օրից, ինչ որ վտանգվել է հայ ժողովրդի կյանքը, գույքը, պատիվն ու կուլտուրական զարգացումը։ Եվ գոյություն է ունեցել Պարսկաստանում, գոյություն է ունեցել և ունի Տաճկաստանում։ Գոյություն չունի և չի ունեցել Ռուսաստանում, թեկուզ իշխան Գալիցինի օրերում։ Ընդհակառակը, հայ ժողովուրդը միշտ նայել է Ռուսաստանի վրա որպես իր խնդրի ավանդական պաշտպանի վրա։
Ռուսաստանը էն միակ մեծ պետությունն էր, որ, անվերադառնալի վճռած, իր պատմական հարվածներն ուղղել էր Պարսկաստանի, բայց մանավանդ Տաճկաստանի վրա, և ուզում էր մի կողմից Ցարգրադի դարպասի ճակատին կախել իր վահանը, մյուս կողմից իջնել դուրս գալ Պարսից ծոցը։ Էսպես. ճանապարհն ուղիղ Կովկասի վրով, այլև քրիստոնյա ու անհամեմատ ավելի բարձր իր քաղաքակրթությամբ։ Եվ հայ ժողովուրդը բազմատանջ Վրաստանի հետ միասին ապավինեց նրան։ Իսկ Կովկասը իր բարեկամ քրիստոնյա ժողովուրդներով Ռուսաստանի համար թե՛ ռազմական, թե՛ տնտեսական տեսակետից հանդիսանում էր միակ ու հաստատուն կռվանը Արևելքում։
Եվ մի շարք ռուս-պարսկական պատերազմներից հետո վերջնականապես 1828 թվին Ռուսաստանը տիրեց Հին Սյունիքը, Գուգարքն ու Արարատյան երկիրը և միանգամ ընդմիշտ վերջ տվեց կոտորածներով, գաղթականություններով ու առևանգումներով հայտնի հայկական հարցին հայոց աշխարհքի էս մասում, կամ ուրիշ խոսքով՝ պարսկահայկական հարցին։
Մնաց տաճկահայկական հարցը։
1829, 55 և 78 թվականների պատերազմներով էլ իր ձեռքի տակը բերելով Ալեքսանդրապոլն ու Ղարսը և այլ շրջաններ – էդ մասերում էլ լուծեց հայ ժողովրդի կյանքի, գույքի և պատվի հարցը։ Սակայն սրանով լուծվեց տաճկահայկական հարցի մի մասը, իսկ մնացած մասում, ինչ որ մնաց թուրքի ձեռքի տակ – Էրզրում, Վան, Մուշ և այլ տեղեր, մնացին ու շարունակվեցին նույն կոտորածները, նույն գաղթականությունները, նույն բռնաբարությունները ու առևանգումները – մի խոսքով նույն հին հայկական հարցը։
Եվ պարբերաբար եվրոպական պետությունների շահերի դիմաց, լուսավոր մարդկության խղճմտանքի դիմաց, ամբողջ հայության մորմոքով սրտի դիմաց ծառանում է էդ արյունոտ ու արցունքոտ հարցը։ Այժմ էլ ահա նորից բարձրացել է նա սրբազան ահավորությամբ։ Ինչպե՞ս պետք է վճռվի նա և էդ մնացած մասում։
Եվ ահա, հարցի պատմությանն ու ընթացքին հետևելով, եկանք կանգնեցինք էնտեղ, որ հայկական հարցի մնացորդն էլ պետք է լուծի Ռուսաստանն էնպես, ինչպես լուծել է մինչև այժմ. կամ ուրիշ խոսքով, եկանք կանգնեցինք Խոյ ու Մակու։ Եվ ահա սահմանի մյուս կողմը թյուրք կառավարությունը, որ միշտ խաղացրել է եվրոպական պետություններին, լավ գիտենալով, որ նրանք էլ են խաղ անում, աճապարանքով հրամանագրում է իր պաշտոնյաներին – խաղաղություն պահպանել հայկական նահանգներում, թե չէ ռուսը անց կկենա։
Էսպեսով ամբողջ աշխարհքը գիտի, որ թե… ռուսն անց կկենա։
Թուրքը երբեք չի կարողացել և այժմ էլ չի կարող առնել ռուսի առաջը։ Հապա ո՞վ կուզենա առնել ռուսի առաջը։
Եվրոպական մեծ պետությունները կուզենան։
Նրանք են միշտ պաշտպանել թուրքին ռուսի դեմ, և կարող է պատահել, որ նորից նրանք պաշտպանեն։
-Արդյոք թուրքի սիրո՞ւց։
-Ո՛չ։
-Գուցե հայերին մարդավայել օր ու կյանք տալու համա՞ր։
-Երբե՛ք։
Իրենց շահերի և հատկապես Ռուսաստանի հզորացման առաջն առնելու համար։
Ռուսաստանը հյուսիսից դեպի հարավ իջնելով, Անգլիան Հնդկաստանից դեպի հյուսիս բարձրանալով, աշխարհքի էս երկու հզորների շահերն ու ազդեցությունները վաղուց են իրար դեմուդեմ եկել Միջին ու Փոքր Ասիայում։ Եվ Անգլիան ամեն կերպ աշխատել է միշտ Ռուսաստանի դեմ ստեղծել մի պատվար, պաշտպանել է մերթ Պարսկաստանին, մերթ Տաճկաստանին և առհասարակ Ռուսաստանին թշնամի ամեն մի ուժ, սրա ծավալման ու հզորացման առաջն առնելու համար։
Մյուս կողմից՝ գերման ու սլավոն ցեղերի հին ներհակությունը հաստատվել է նոր իրական հանգամանքներով։ Գերմանիան է ազդեցություններ ու իրավունքներ ձեռք բերել Տաճկաստանում և հայտնվել ռուսի ճանապարհին։ Ավստրիան է տեսնում օրը ցերեկով, որ Ռուսաստանը իր ամեն մի զարկով ոչ թե շարունակ մեծանում է Տաճկաստանի հաշվին, այլև իրար ետևից ազատագրում բոլոր սլավոն ցեղերին, իսկ ինքը Ավստրիան ունի 25 միլիոն սլավոն հպատակ։ Սրանց հետ միասին եթե առնենք և այլ ուրիշ հանգամանքներ, քաղաքական թե տնտեսական, պարզ կլինի մեզ համար, թե ինչու Ավստրիան ու Գերմանիան էլ հաճախ պաշտպանել են Տաճկաստանին ռուսի դեմ, որ հունա-սլավոնականության մեծ ներկայացուցիչն ու վերածնողն է հանդիսանում։
Դեռ 16 դարից, Ղրիմի թաթար խաների դեմ մղած կռիվների օրից, իր հետ ունենալով սլավոն ցեղերը, վեր է կացել Ռուսաստանը Տաճկաստանի դեմ։ Եվ քանի-քանի անգամ մահացու հարվածներ է տվել նրան։ Բայց կանոնավոր կերպով ամեն մի հաղթանակից հետո նրա դեմ են դուրս եկել եվրոպական մեծ պետությունները ու կանգնեցրել են պատերազմի դաշտում. -Ո՛չ, Տաճկաստանը պետք է ապրի, ու դու չպետք է զորանաս նրա հաշվին։
Ահա թե որտեղ է, ինչպես Տաճկաստանի հետ կապված ուրիշ հարցերի, էնպես էլ հայկական հարցի դժբախտության պատճառը, և ահա թե ինչու և ինչպես է ապրել Թուրքիան։
Հայկական հարցը վայրենի կոտորածների և կեղեքումների հարց է, հալածանքների ու գաղթականությունների հարց է. նա գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր է։ Եվ նրա հաջողությունը միշտ կապված է եղել Ռուսաստանի հաջողության հետ։ Ով վեր է կացել Ռուսաստանի հաջողության դեմ, վեր է կացել հայկական հարցի հաջողության դեմ, և ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակից է տաճկական գազանություններին ու հայկական սարսափներին։ Նա պատասխանատու է հայ ժողովրդի ծով արյան ու մարդկության պատմության առաջ։
Բայց մեր մեջ հավատ կա արմատացած, թե Անգլիան ու Ֆրանսիան եղել են հայկական հարցի բարեկամները։
Ինձ թվում է՝ մեզ էս քաղցր մոլորության մեջ գցել են Գլադստոնի, Դիլլոնի, Բերարի, Պրեսանսեի նման լավ մարդկանց ճառերը ի պաշտպանություն հայ ժողովրդի, ընդդեմ Թուրքիայի վատթար կառավարության։ Իսկ իրենց պետությունները, որ միշտ եղել են Ռուսաստանի զորացման դեմ Արևելքում, դրա հետ միասին միշտ էլ դեմ են եղել հայկական հարցին։
Եվ նա՝ Թյուրքիան, դիմել է, դիմում է ու կդիմի ամենահրեշավոր միջոցների՝ վերջ դնելու էդ ժողովրդին իր հարցի հետ միասին, հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը միանգամ ընդմիշտ փակելու համար։
Իր հերթին Ռուսաստանը զարկել է, զարկում է և կզարկի Թյուրքիային, մինչև ուժասպառ չանի նրան՝ հասնելով իր նախորոշած նպատակին ու կատարելով մի մեծ պատմական միսիա թե՛ Բալկաններում և թե՛ Արևելքում։ Իսկ եվրոպական մեծ պետությունները աշխատել են ամեն կերպ առնել Ռուսաստանի ծավալման ու զորացման առաջը։ Իրերի պատմական էս դասավորությունից ափաշկարա պարզ է, որ հայ ժողովուրդը պետք է լիներ ռուսի հետ և իր կյանքի, գույքի ու պատվի ապահովության հույսը պետք է կապեր Ռուսաստանի հաջողության հետ։
Պարզ է նույնպես, որ եվրոպական մեծ պետությունները, որոնք դեմ են եղել Ռուսաստանի զորացմանն Արևելքում – պետք է պաշտպանեին Տաճկաստանին և դեմ լինեին հայկական հարցին։
Էս 35 տարվա ընթացքում ծանր տպավորությունների տակ ծնվել ու մեծացել է մի սերունդ, որ շատ հասկանալի հոգեբանական ու իրական պատճառներով թերահավատ է տակավին. բայց էն մարդիկ, որոնք լավ գիտեն, թե կարճատև ու անցողական են ամեն վատ մարդիկ ու վատություններ, էն մարդիկ, որ անսասան հավատում են լավ գաղափարների աստիճանական, հաստատուն զարգացումին ու հաղթանակներին, ինչպես անհատների մարդասիրությանը, էնպես էլ ազգերի առաջադիմությանն ու ազնվացումին, էն մարդիկ, որ պարզ աչքով տեսնում են պատմական ու իրական էն հիմունքները, որ ապահովում են ազգերի լավ հարաբերությունները,- պետք է հավատան լավ օրերին ու լավ հարաբերություններին և պետք է ակնկալեն հայի համար մի մարդավայել ազգային վիճակ ու մի ցանկալի ապագա, որի մեջ Ռուսաստանն ունեցել է ու կունենա վճռական ազդեցություն։
1913թ.
Տպագրվում է մասնակի կրճատումներով
Խորագիր՝ #11 (1029) 27.03.2014 – 2.04.2014, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից, Ռազմաքաղաքական