Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՇԱՐՔԱՅԻՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ԼՍՈՒՄ Է»



Մեծ մարդկանց կյանքում լինում են դրվագներ, որոնք, փոքր լինելով վերջիններիս նշանակալից գործերի համեմատ, այնուամենայնիվ, բնորոշում են այդ մարդկանց էությունը եւ օգնում ճիշտ հասկանալու եւ գնահատելու նրանց ներքին աշխարհը։

Այդպիսի բազում դրվագներով հարուստ է նաեւ Վիկտոր Համբարձումյանի կյանքը։

Հայրենական մեծ պատերազմը Վիկտոր Համբարձումյանը դիմավորեց Լենինգրադում։ 1941թ. սկզբին նա նշանակվել էր Ռուսաստանի երկրորդ մայրաքաղաքի համալսարանի պրոռեկտոր գիտական գծով։ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ էր, պրոֆեսոր։ Եվ այդ ամենը՝ ընդամենը երեսուներեք տարեկան հասակում։

Տարիքը, ինչպես տեսնում եք, զորակոչային էր, եւ երիտասարդ պրոֆեսորը, մի կողմ թողած գիտական կոչումները, բարձր պաշտոնը, ներկայանում է զինկոմիսարիատ՝ խնդրելով իրեն զորակոչել գործող բանակ։

…Բանակայիններով լի շենքում նրան ճանաչողներ եղան։ Նա է՝ պրոֆեսոր Վիկտոր Համազասպովիչը։ «Չի կարող պատահել»,-կասկածեցին ոմանք։ «Ոչ մի կասկած, հենց նա է»,-պնդեցին մյուսները։

Բոլոր կասկածներն ակամա փարատեցին զորակոչված ուսանողները, որոնք զինվորական շորերի մեջ անմիջապես ճանաչեցին իրենց փոքրամարմին, թավ հոնքերով պրոֆեսորին.

-Վիկտոր Համազասպովի՛չ, այդ ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ։

– Այնպես, ինչպես բոլորդ,-եղավ կարճ ու կտրուկ պատասխանը։

Շարքային Համբարձումյանը ոչնչով չէր տարբերվում մյուսներից, պետերի հրամանները կատարում էր պատրաստակամությամբ, ինչպես վայել է կարգապահ զինվորին.

-Շարքային Համբարձումյանը լսում է…

Շուտով Համբարձումյանի տեղն իմացան նաեւ ակադեմիայում։ Այսպես եղավ՝ մահճակալին պառկած զինվորը բացում է «Լենինգրադսկայա պրավդա» թերթի թարմ համարը եւ ուշադրություն դարձնում մի լուսանկարի վրա, որի տակ կարդում է. «Խոշոր գիտնական, հանրահայտ աստղագետ Վիկտոր Համբարձումյան»։ Նրա համար դժվար չէր կռահել, որ իր կողքի մահճակալին պառկածը հենց այդ «խոշոր գիտնական, հանրահայտ աստղագետ Վիկտոր Համբարձումյանն է»։ Իր «հայտնագործության» մասին բանակայինը հայտնում է պետին, սա էլ՝ գեներալին։ Վերջինիս մնում էր կապվել ակադեմիայի հետ ու հայտնել Համբարձումյանի մասին։ Եվ շուտով իրադարձություններն այլ ընթացք ստացան։ Բարձրագույն ղեկավարության հրամանով` Լենինգրադի պետական համալսարանը տարհանվում էր թիկունք՝ Թաթարական Ինքնավար Հանրապետության Ելաբուգա քաղաք, եւ շարքային Համբարձումյանին հայտնում են, որ ինքը նշանակված է համալսարանի բաժանմունքի ղեկավար, եւ պետք է ներկայանա ու գլխավորի տարհանման գործը։ Նրա տրամադրության տակ դրվում է մի ամբողջ կառաշար՝ բաղկացած քսանչորս ապրանքատար վագոնից, որոնցով պետք է փոխադրվեին ոչ միայն բաժանմունքի սարքավորումներն ու գույքը, այլեւ աշխատակիցներն իրենց ընտանիքների անդամներով։

Կառաշարի պետին բաժին ընկան իր համար անսովոր դժվարություններ՝ ճանապարհ զենիթային թնդանոթների որոտի ներքո, ռմբակոծություն Մոսկվայի մատույցներում, երկնքում բռնկվող հրթիռների ճայթյուն, վիճաբանություններ կայարանապետերի հետ, երեխաների լաց, հանապազօրյա սննդի հայթայթում…

Շուտով այդ կարգի բոլոր դժվարությունները մնացին հետեւում, եւ համալսարանի բաժանմունքը Ելաբուգա հասցնելու մարտական առաջադրանքը Համբարձումյանը կատարեց պատվով։

«Ամեն ինչ՝ ռազմաճակատի համար». եւ Ելաբուգայի բաժանմունքը՝ Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ, ամեն ինչ արեց բանակին օգնելու համար (լուծվեց ռադիոկապի հանկարծակի խախտումների հանելուկը, ժամանակի ազդանշանների հաղորդումը «կույր թռիչքների» ընթացքում եւ այլն)։ Մի քանի տարի անց Վիկտոր Համբարձումյանն իր աշխատանքների համար արժանացավ պետական մրցանակի գիտության եւ տեխնիկայի բնագավառում։ Վստահ կարելի է ասել, որ դա նաեւ «մարտական» պարգեւ էր…

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

2005, թիվ 38

Խորագիր՝ #11 (1029) 27.03.2014 – 2.04.2014, Հոգևոր-մշակութային


27/03/2014