Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ



2014 թ. մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը (նախագահ` Գեղամ Հարությունյան) կազմակերպեց արդեն ավանդույթ դարձած հերթական այցը պաշտպանության բանակի զորամասեր: Երեւանից Ստեփանակերտ մեկնեցին 40 դասախոսներ, որոնք ներկայացնում էին հանրապետության առաջատար բուհերը եւ գիտական հաստատությունները: Այցելության նպատակն է է՛լ ավելի սերտացնելու փոխգործակցությունը երկու հանրապետությունների զինված ուժերի միջեւ:

Մեր խումբն ուղղվեց հարավարեւելյան հատվածի՝ պաշտպանական շրջանի զորամասերից մեկը (հրամանատար՝ գնդապետ Կ. Առստամյան): Մեզ ընդունեց հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Մ. Սարգսյանը:

Մինչեւ դասախոսությունն սկսելը բավականին հանգամանալից զրույց ունեցանք փոխգնդապետ Սարգսյանի հետ: Նա ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց զորամասի առօրյան, անձնակազմի հետ տարվող աշխատանքները եւ մարտական պատրաստականության վիճակը: Մեզ հաճելիորեն զարմացրեց եւ ուրախացրեց այն հանգամանքը, որ մենք այցելել էինք 2013 թ. երեք պատվադրոշների արժանացած զորամաս:

Զրուցեցինք սերժանտական խորհրդի նախագահ, ավագ սերժանտ Ռաֆիկ Սարգսյանի, «Հայ ասպետ» ինտելեկտուալ ակումբի ղեկավար, շարքային Թաթուլ Հակոբյանի եւ շարքային Արսեն Խաչատրյանի հետ: Տղաները զրուցում էին անկաշկանդ եւ բարձրացրին իրենց հուզող մի շարք հարցեր: Մեզ առաջին հերթին հետաքրքրում էին, թե ինչ բնույթի եւ ինչ թեմաների վերաբերյալ դասախոսություններ կցանկանային լսել: Համանման հարցերով դիմեցինք նաեւ դասախոսությանը ներկա սերժանտական կազմին: Պարզվեց՝ նրանց ամենից շատ հետաքրքրում էին հետեւյալ թեմաները` ժամանակակից հայ մշակույթը, նրա զարգացման ուղիները, տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական իրադրությունը, ֆիդայական շարժման գործիչները, հայ նշանավոր զորավարները եւ նրանց անցած մարտական ուղին, Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը, հակառակորդի հոգեբանական առանձնահատկությունները եւ այլն:

Ինքնին հասկանալի է, որ մարտական զորամասերում անելիքները առանց այդ էլ շատ են, սակայն կարծում եմ, որ պետք է որոշակի ժամանակ հատկացնել եւ հարցման միջոցով պարզել, թե թեմատիկ դասախոսությունները որքանով են նպաստում զինծառայողների հայրենասիրական ձգտումների եւ մարտական ոգու բարձրացմանը:

Մի ցանկություն եւս: Միշտ չէ, որ դասախոսություններին հնարավոր է լինում ընդգրկել ողջ անձնակազմին, քանի որ զինծառայողների մի մասը գտնվում է մարտական հերթապահությունում: Ուստի, կարծում եմ՝ նպատակահարմար կլիներ.

ա. դասախոսություններ կազմակերպել նաեւ մարտական դիրքերում գտնվողների համար (համապատասխան թույլտվությամբ): Հիշենք, որ Մեծ հայրենականի տարիներին նման քայլերը խիստ արդյունավետ են եղել:

բ. դասախոսներին, սեփական ցանկությամբ, գործուղել ոչ թե մեկ, այլ մի քանի օրով, որպեսզի նրանք ոչ միայն հնարավորություն ունենային ավելի մոտիկից ծանոթանալու զինծառայողների առօրյային, այլեւ, օգտագործելով հանգստի կամ մեկ այլ հնարավորություն, մտերմիկ պայմաններում զրուցեին ինչպես սերժանտների, այնպես էլ սպաների հետ: Ինչ խոսք, այս ամենը պետք է արվի միմիայն հրամանատարության թույլտվությամբ, որպեսզի չխանգարի մարտական պատրաստականության պլանով նախատեսված գործընթացին: Այսուհանդերձ, արված առաջարկները կարելի է քննարկել եւ հնարավորության դեպքում համապատասխան լուծում տալ:

ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

պատմական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ #11 (1029) 27.03.2014 – 2.04.2014, Բանակ և հասարակություն


27/03/2014