ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ…
Ժամանակն ինչքա՜ն արագ է թռչում…
Ձեր որդին արդեն զինվոր է, հայրենիքի պաշտպան…
Հիմա բացել եք լուսանկարների ալբոմն ու… ժպտում եք, թախծում, հուզվում…
Կարծես երեկ էր, որ խաղալիք հրացանով խաղում էր ու ձեզ էլ պարտադրեց իր համար զինվորական հագուստ գնել, իսկ հիմա արդեն զինվորական համազգեստով է։
Կարծես երեկ էր, երբ ծնկներին հազար քերծվածք՝ եկավ տուն, բայց մի կաթ արցունք չթափեց։ Երե՞կ չէր, որ փորձում էր թաքցնել աչքի տակի կապտուկը՝ կռվել էր բակի տղերքի հետ…
Դեռ երեկ թաքուն սիրահարվում էր դասարանցի աղջիկներին, սիրո երկտողեր գրում, դասերից էր մեկ-մեկ փախչում, մեկ-մեկ էլ դպրոցից երկուսներ բերում…
Երե՞կ չէր՝ ստվարաթղթից ինքն իր ձեռքով Մարտի 8-ին գեղեցիկ բացիկ էր պատրաստել ու հպարտորեն ձեզ նվիրեց։
Երե՞կ չէր՝ բուֆետի համար տված կոպեկները գաղտնի իրար գումարելով, ձեր ծննդյան օրը շատ շքեղ ծաղկեփունջ նվիրեց։
Երե՛կ էր… Իսկ այսօր ձեր որդին զինվոր է, իսկ դուք՝ զինվորի մայր։ Մինչ այդ բանակը ձեզ համար միայն մեր երկրի ուժն էր, իսկ հիմա հասկացաք, որ բանակը նաև ձեր որդին է, ու մեր երկիրն ուժեղ է նաև ձեր զինվոր զավակներով։
Համբերություն ձեզ, սիրելի՛ զինվորի մայրեր։ Իսկ ժամանակը, իրոք, արագ է թռչում, որքան էլ հիմա դուք հակառակը պնդեք։ Օրերը կդառնան ամիսներ, ամիսները՝ տարիներ… Ու բարև, մա՛մ ջան, զինվոր որդիդ վերադարձել է…
Բարի ծառայություն և բարի վերադարձ մեր բոլոր զինվորներին։
Սիրելի՛ զինվորի մայրեր. ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը տոնական այս մեկամսյակի առիթով որոշեց գեղեցիկ անակնկալ մատուցել ձեզ՝ լուսանկարային ռեպորտաժների միջոցով ներկայացնելով ակնթարթներ զինվորական առօրյայից։ Ձեզնից ինչ-որ մեկը լուսանկարներում երևացող զինվոր տղաների մեջ կտեսնի իր որդուն, թանկ ու հարազատ դեմքեր…
Ա. Ա.
Խորագիր՝ #11 (1029) 27.03.2014 – 2.04.2014, Ազգային բանակ