ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐՏԿՈՑ. ՄԵՐ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Ասում են` ով վաղ է արթնանում, վաղ է տնից դուրս գալիս ու շուտ էլ ամուսնանում է, նա կյանքում հաջողություններ է ունենում։ Անկեղծ ասած, ինձ թվում է, որ այս խոսքերը շատ սազական են հենց ականանետային մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ Սասուն Աշրաֆյանին։ Քսանչորս տարեկան է և արդեն երկու զինվորացու որդի ունի՝ երեք տարեկան Դավիթն ու մեկ տարեկան Դանիելը:
Ականանետային մարտկոցը, որի հրամանատարն է, անցած ուսումնական տարում զորամիավորումում ճանաչվեց լավագույնը և պարգևատրվեց փոխանցիկ դրոշով։ Ծառայությանը զուգահեռ գերազանց առաջադիմությամբ ավարտեց նաև մարտկոցի հրամանատարի վերապատրաստման եռամսյա դասընթացները։
-Պատրաստված, պարտաճանաչ, պատասխանատու, համապատասխան մասնագիտական գիտելիքներով օժտված, բանիմաց սպա է,- իր ենթակային ներկայացրեց ականանետային դիվիզիոնի հրամանատար, մայոր Խորեն Մկրտչյանը։
Չորս տարի առաջ է Սասունն ավարտել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և վիճակահանությամբ ծառայության նշանակվել հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում։
-Արդեն ամուսնացել, ընտանիք էի կազմել, երբ նշանակվեցի ծառայության։ Սկզբում, իհարկե, շատ դժվար էր. նորաստեղծ ընտանիք, առանց կյանքի փորձի, առանց օգնողի։ Բայց կամաց-կամաց ընտելացանք և ամենակարևորը՝ կինս անտրտունջ, ինձ հետ ուս ուսի տարավ ամեն տեսակ դժվարություն ու նեղություն։
«Սիրո վրա խարսխված ընտանիքը կդիմանա ամեն տեսակ փորձության»- մտածում էի, երբ, ասես մտքերս կարդալով, Սասունը շարունակեց միտքս.
-Կինս ինձ շատ օգնեց, ինչի համար շնորհակալ ու երախտապարտ եմ նրան։ Իմ ցանկացած հաջողության հետևում ընտանիքս է կանգնած։ Ծնվեց մեր առաջնեկը՝ Դավիթը, հետո՝ Դանիելս, և դժվարությունները, որ սկզբում գրեթե անհաղթահարելի էին թվում, դարձան հաղթահարելի։ Մեկ- մեկ կնոջս հետ վերհիշում ենք անցած-գնացած օրերը և անկեղծորեն ուրախանում ենք։
Ավագ լեյտենանտ Աշրաֆյանը զինվորականի մասնագիտությունն ընտրելուց առաջ լավ մտածել ու նոր է որոշում կայացրել, կամ ինչպես ժողովուրդն է ասում` տասը չափել, նոր մեկը կտրել է։ «Ես դեռ էն գլխից գիտեի, որ բանակում փլավ չեն բաժանում, որ մինչև ծառայությանդ ժամկետի ավարտը հրամանի տակ ես։ Չորս տարի է՝ սահմանում եմ, ծառայում եմ նվիրումով, մեկ վայրկյան անգամ գլուխ չեմ պահել։ Մեր գործում գլուխ պահելը անթույլատրելի է, եթե չասեմ՝ կործանարար։ Երբ մեր մարտկոցը զորամիավորման կազմում ճանաչվեց լավագույնը, ուրախությանս չափ ու սահման չկար։ Բոլորս էինք ուրախ, որովհետև դա մեր բոլորի համախմբման արդյունքն էր, լավագույնի կոչմանը արժանացել էինք միահամուռ ուժերով, ամենօրյա տքնաջան և նվիրված ծառայության շնորհիվ»։
Ավագ լեյտենանտ Սասուն Աշրաֆյանը սիրված ու հարգված սպա է, գիտի ենթակաների հետ աշխատելու նրբությունները: Ոչ մի անգամ «անպիտան» մանրուք չի վրիպում նրա աչքից, քանզի, ինչպես հայտնի է, բանակում մանրուքներ չեն լինում: Այս ամենը մեծապես նպաստում է նրա հեղինակության բարձրացմանը։ Ավագ լեյտենանտի կողքով անցնող զինվորը պարտադիր պատվի է առնում, և դա միայն կանոնադրային պահանջ չէ, այլ հոգու թելադրանք:
Տեսածիցս խոսեմ. ինձ հետ զրույցի ընթացքում նրա աչքից չվրիպեց զենքի մաքրման ընթացքում ջոկի զինվորի թերանալը: Ավելի ուշ առանց տարբերանշանների սերժանտին հրամայեց համազգեստը կարգի բերել, թերությունը շտկել։
…Դեռ նոր է սկսում կերտել ավագ լեյտենանտն իր բանակային կենսագրությունը, բայց արդեն հարթել է այն ճանապարհը, որը նրան դեպի նորանոր բարձունքներ է տանելու։ Եվ դա նվիրումի, անձնվեր աշխատանքի, ստեղծագործ մոտեցումների, սիրո ու սրտացավության ճանապարհն է: Նման սպաներով է մեր բանակը հզոր, և անպարտելի է այն զինվորը, որին առաջնորդում է ավագ լեյտենանտ Աշրաֆյանը:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #11 (1029) 27.03.2014 – 2.04.2014, Ազգային բանակ