ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ
Ամեն անգամ սահմանամերձ զորամաս այցելելիս, երբ հանդիպում ես տեղի բնակավայրերում ապրող մարդկանց, լսում նրանց խոհերն ու ապրումները հայրենիքի, իրենց շենի ու սահմանը պահող իրենց որդիների, հայրերի մասին՝ հոգումդ ծնվում են երբևէ չասված բառեր, անխոս հայրենասիրություն և անանձնական հպարտություն։ Առավել ևս, երբ հանդիպում ես սահմանային բնակավայրերում ապրող հայուհիների, հայ մայրերի, որոնք որդիներին պատերազմ էին ուղարկում և թոնիրը վառ էին պահում, որ սահմանից երևա օջախի ծուխը, տաք լավաշի կապոցը թևի տակ առած հասնում էին դիրքեր, ռմբահարված տան փլված պատերն էին շարում։ Այսպես էին պահում-ամրացնում հայ տղամարդու թիկունքը։ Այսպես ծնվեց հաղթանակը, և խաղաղության հետ հայ մայրերից շատերը ծառայության անցան հայոց բանակում։
Վերջերս փոխգնդապետ Սամվել Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասում միջոցառում էր՝ նվիրված Մայրության եւ գեղեցկության տոնին։ Զորամասի ակումբում հավաքվել էին հրամանատարական կազմը, զորամասում իրենց ծառայությունն անցկացնող 30-ից ավելի կին զինծառայողներ։ Զորամասի հրամանատարը, հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Էդվարդ Կարապետյանը նվերներ հանձնեցին կանանց, և ապա շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ հրամանատարը։ Ելույթն ամբողջությամբ ուզում եմ ներկայացնել, որովհետև ջերմ էր, հուզիչ։ Զգացվում էր, որ երիտասարդ հրամանատարը պատերազմական օրերին տեսել, զգացել է սահմանում ապրող հայ մայրերի տառապանքն ու հերոսականությունը.
-Հայոց բանակի սիրելի՛ կին զինծառայողներ, սիրելի՛ մայրեր, քույրեր։ Ի սրտե շնորհավորում եմ ձեզ կանանց միամսյակի՝ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։ Ուզում եմ ասել, որ դուք մայր եք եղել ու լույս, դուք հայրենիք եք եղել ու կարոտ, դուք հող եք հերկել ու մոմ վառել, երկունքի ցավով բռնված ծնկի եք իջել մայր հողին ու երկրին արու զավակ եք պարգևել, աղոթել եք ու օջախ պահպանել՝ թիկունք դառնալով ձեր այրերին։
Դուք զինվոր եք պարգևել երկրին, իսկ երբ հարկ է եղել՝ մայրական աղոթքով ու հավատով ձեր որդիներին ու ամուսիններին մարտի եք ճանապարհել։ Հետո սրտի դողով ու տագնապով սպասել եք նրանց վերադարձին։ Եղել է այնպես, որ ոմանք դեռ նոր հարսնացած՝ այրիացել են, ոմանք դարձել որդեկորույս, բայց, եթե պետք է եղել, ձեր քնքուշ ու նուրբ դաստակում սուրն է շողացել, և ձեր այրերի ու որդիների կողքին կամ նրանց փոխարեն պաշտպանել եք ձեր պատիվը, ձեր օջախն ու հող հայրենին։
Հրամանատարի ջերմ ու անկեղծ խոսքերից զորամասի կին զինծառայողները՝ Ռուզաննա Քոսակյանը, Շուշանիկ Պապյանը, Տիգրանուհի Աբգարյանը, Սոնա Ղազարյանը, Ասպրամ Գիժլարյանը, Նաիրա Բաբասյանը, Սանամ Մակինյանը, Գարուն Խաչիկյանը, Մարինե Մակարյանը, Ժանետա Եսայանը, Ռուզաննա Ոսկանյանը, իրոք հուզված էին, զգացված ջերմ վերաբերմունքից։
Իր շնորհակալական խոսքում ճերմակահեր բուժքույր Լիդա Ուզունյանն ասաց.
-Հայ կինը միշտ եղել է օջախի ճրագն ու պահապանը, իր ամուսնու հենարանը։ Այդպես է վառ մնացել մեր օջախների լույսը։ Դա գալիս է դեռ մեր էպոսից՝ Ծովինարից, Խանդութից, Գոհարից, դա գալիս է Վարդանանց պատերազմի «տիկնայք փափկասուն հայոց աշխարհի» կանանցից, դա գալիս է Անիի Այծեմնիկից, Արցախի Ռուզանից և դարավերջի մեր այս հաղթական պատերազմի շատ ու շատ հերոս հայուհիներից, որոնց անունները դեռ պիտի պահպանվեն հետագա դարերի համար։ Շնորհակալ ենք և զգացված, հարգարժա՛ն հրամանատար։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ
մայոր