Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ



Պաշտպանության նախարարության սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի հասցեագրված ծրագրերի իրականացմանը…

Գնդապետ Սերժ Առուշանյանը ծնվել է Խաչենի Առաջաձոր գյուղում: Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Աշխատել է կոմերիտմիության և արհմիության մարզային կառույցներում: Արցախյան շարժման ակտիվ նախաձեռնողներից է: «Արցախի ժողովրդական ճակատի» կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին: 1992թ. օգոստոսին ծանր վիրավորվել է: 1993թ. նշանակվել է ՊԲ քաղբաժնի 1-ին բաժանմունքի պետ, ապա նույն բաժնի պետ: Եղել է պաշտպանության բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար, ԼՂՀ հարկային պետական վարչության պետ: 2002թ.-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետի տեղակալ: 2013թ. դեկտեմբերից ղեկավարում է ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը:

Ամուսնացած է, ունի 2 դուստր:

– Պարոն Առուշանյան, Դուք վերջերս եք նշանակվել ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, իսկ մենք նորանշանակ պետերի հետ հարցազրույց ենք ունենում առնվազն 6-ամսյա գործունեությունից հետո, որպեսզի կառույցի ղեկավարը հնարավորություն ունենա խոսելու ոչ թե ծրագրերի, այլ կատարված աշխատանքի մասին: Ձեզ հետ այս հանդիպումը նախաձեռնեցինք, իմանալով, որ Դուք պատրաստել եք ԶՍՊ վարչության կանոնադրության, գործառույթների վերանայման, կառուցվածքային փոփոխությունների նախագիծ: Այսինքն` այսօր խոսելու ենք ոչ թե կատարված աշխատանքի, այլ ծրագրերի մասին:

– Նախ ասեմ, որ Ձեր նշած նախագծերի մի մասը նախորդ շաբաթվա վերջին արժանացել է պաշտպանության նախարարի հավանությանը և հաստատվել համապատասխան հրամաններով:

Հետո՝ կցանկանայի միանշանակ նշել, որ ԶՍՊ վարչության ղեկավար փաստաթղթերը վերանայելը ինքնանպատակ չէ: Պաշտպանության նախարարի կողմից իրականացվող բազմավեկտոր բարեփոխումների քաղաքականությանը համահունչ՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել ժամանակակից պահանջներին համապատասխան գործառույթներով նոր կանոնադրություն և դրանց իրականացման համար անհրաժեշտ հաստիքակառուցվածք: Իհարկե, շնորհակալ գործ չէ գնահատել նախորդներիդ գործունեությունը կամ խոսել նախկին սխալների ու թերությունների մասին, բայց ես այն կարծիքին եմ, որ երկար տարիներ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության գործառույթները, մեղմ ասած, չեն ընդգրկել զինծառայողների սոցիալական պաշտպանության բոլոր խնդիրները: Դրանք հիմնականում նպատակաուղղված են եղել դրամական օգնությունների տրամադրմանը, թերի է իրականացվել զորքերում ծառայող զինծառայողների և զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությանը ուղղված նպատակային ծրագրեր:

– Ճիշտ ասացիք` մեղմ ասած: Որովհետև կարիքավորներին 10000 դրամ օգնություն բաժանելը և մի շարք նմանատիպ մասնակի խնդիրներ լուծելը սոցիալական պաշտպանության հետ քիչ կապ ունեն: Էլ չեմ ասում, որ այդ գումարները պարբերաբար տրամադրվել են մարդկանց այն խմբին, որոնք ոչ մի հոգեբանական խնդիր չեն հաղթահարում պետական ատյաններից փող խնդրելիս, իսկ շատ շատերը, որոնք գուցե շատ ավելի կարիքավոր են, անմասն են մնացել պաշտպանության նախարարության դրամական աջակցությունից, որովհետև դիմում չեն գրել, սրտաճմլիկ չեն ներկայացրել իրենց թշվառությունը և փող չեն խնդրել:

– Միանգամայն համաձայն եմ, չի պահպանվել սոցիալական արդարության գործոնը, և բացի դրանից, տրամադրված գումարները ոչ մի էական խնդիր չեն լուծել: Օրերս գործողության է դրվել պաշտպանության նախարարի կողմից հաստատված նոր կարգ, ըստ որի՝ կոնկրետ չափորոշիչներով սահմանվել են միանվագ դրամական օգնություն տրամադրելու պայմանները, բացառվել է որևէ պաշտոնյայի որոշմամբ, առանց հստակ չափորոշիչի, միայն շահառուների դիմումների հիման վրա դրամական օգնություն տրամադրելու նախկին գործընթացը:

Այսօր մենք նպատակ ունենք զինծառայողների, զոհված ազատամարտիկների ընտանիքների, վիրավոր ազատամարտիկների կողքին լինել մինչև նրանց կյանքի վերջին օրը, և ոչ թե սոսկ դրամական օգնություն տրամադրելով, այլ ավելի համապարփակ նյութական և բարոյահոգեբանական խնդիրներ լուծելով, նպատակային, հասցեագրված ծրագրեր իրականացնելով:

– Շատ հավակնոտ է հնչում: Դուք ուզում եք ասել, որ զինծառայողները կարժանանան ՊՆ ԶՍՊ վարչության աջակցությանը նաև զորացրվելուց հետո՞:

– Ես հենց դա էլ ուզում եմ ասել, որովհետև 50 տարեկանում զինված ուժերից արձակված տղամարդը, հայտնվելով քաղաքացիական կյանքում, պիտի կարողանա հարմարվել նոր պայմաններին, գտնել ընտանիքի կարիքները հոգալու միջոցներ և մինչև իր կյանքի վերջը պետք է արժանանա ՊՆ ԶՍՊ վարչության հոգածությանն ու աջակցությանը: Երկարամյա ծառայությունից հետո զորացրվող զինծառայողի՝ քաղաքացիական կյանքին վերադառնալու գործընթացը հնարավորինս դյուրին դարձնելու նպատակով՝ նրանց հետ ապագա մասնագիտության ընտրության և արժանապատիվ աշխատանք գտնելուն ուղղված աշխատանքները մենք որոշել ենք կազմակերպել դեռևս զորամասերում նրանց ծառայության վերջին տարվա ընթացքում և, բնականաբար, ավարտին հասցնել զինծառայությունից արձակվելուց հետո:

– Արդյոք նույնը վերաբերում է նաև հաշմված ազատամարտիկներին, զինծառայության ժամանակ, ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմված զինծառայողներին, նրանց ընտանիքներին: Նայեք, մենք ամբողջ ուշադրությունը սևեռել ենք զոհվածների ընտանիքների վրա, բայց հաշմանդամների ընտանիքները պակաս կարիքավոր չեն, երբեմն նույնիսկ ավելի վատ վիճակում են, որովհետև ստիպված են հոգալ նաև հաշմանդամ ազատամարտիկների կամ զինծառայողի տարաբնույթ հոգսերը:

– Անշուշտ, Դուք ճիշտ եք նկատել, որ զինհաշմանդամների համար սահմանված արտոնություններն ու երաշխիքները համեմատաբար քիչ են: Օրինակ՝ եթե զոհված զինծառայողների երեխաները օգտվում են բուհերում անվճար սովորելու իրավունքից, ապա անաշխատունակ զինհաշմանդամը իրականում չի կարողանում վճարել ուսանող երեխայի նույնիսկ զեղչված վարձավճարները: Նման իրողություններից ելնելով է, որ իմ կողմից նշված նոր կարգով զինհաշմանդամներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու պայմաններն ընդլայնվել են նոր չափորոշիչներով, այդ թվում` հաշմանդամ զինծառայողների մինչև 23 տարեկան զավակի պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ սովորելու դեպքում: Սակայն ես համոզված եմ, որ տարեկան մեկ անգամ դրամական օգնություն տրամադրելով՝ հնարավոր չէ լուծել զինհաշմանդամների սոցիալական խնդիրները: Մենք մեր ջանքերը պետք է նպատակաուղղենք այնպիսի ծրագրերի իրականացմանը, որ հաշմանդամ ազատամարտիկներին և ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմված զինծառայողներին հնարավորություն տրվի ուժերի ներածին չափով աշխատելու և վաստակելու: Այսինքն` պետք է իրականացնել հաշմանդամների մասնագիտական վերապատրաստման և համապատասխան աշխատանքի մեջ ընդգրկելու ծրագիր:

– Որպեսզի մեր զրույցը ավելի առարկայական լինի, եկեք խոսենք առաջարկվող կանոնադրական, կառուցվածքային և գործառույթային փոփոխությունների մասին:

– Ըստ նախկին կանոնադրության` վարչության գործառույթները հիմնականում նպատակաուղղված էին զոհված (մահացած), անհայտ կորած և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների անդամներին սոցիալական օգնության տրամադրմանը, չկային գործառույթներ զորքերում ծառայող զինվորականների և զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածության վերաբերյալ: Հին կանոնադրության մեջ արձանագրված չէին սոցիալական ուղղվածության նպատակային ծրագրերի մշակման և իրականացման վերաբերյալ դրույթներ: Ուստի մենք առաջարկել ենք «Վարչության խնդիրները» բաժնում ավելացնել մի քանի նոր դրույթներ, որոնցից են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը, սահմանված բավարարման նորմերը զինծառայողներին լիովին հասցնելու նկատմամբ մշտական և գործնական վերահսկողության կազմակերպման, ինչպես նաև նրանց խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Նաև սահմանային տարիքի հասած զինծառայողների և զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների մասնագիտական կողմնորոշման վերապատրաստումը և զբաղվածության ապահովումը: Կարևորում եմ զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների շրջանում սոցիալական վիճակի հետ կապված զարգացումների կանխատեսման և բացասական իրավիճակների կանխարգելման աշխատանքները:

– Փաստորեն վարչության գործառույթներն ընդլայնվում են:

– Այո՛, մենք նպատակ ունենք զինվորական հաշմանդամների, զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների զբաղվածությանն աջակցելու նպատակով իրականացնել մասնագիտական խորհրդատվություն` կապված բիզնես-պլանների, վարկավորման, անհատական և փոքր ձեռնարկումներ հիմնադրելու, հարկային օրենսդրության և այլ առնչակից հարցերի հետ:

– Ի՞նչ նոր գործառույթներ ունի վարչությունը վերոհիշյալներից բացի:

– Ես արդեն նշեցի զինվորական հաշմանդամների, զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների մասնագիտական կողմնորոշմանը, վերապատրաստմանը և զբաղվածությանն ուղղված ծրագրերի մասին:

Նոր գործառույթների շարքում է նաև զինծառայողների երաշխիքների և փոխհատուցումների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը, գործող և նոր ընդունված օրենսդրական ակտերի օպերատիվ և հանրամատչելի պարզաբանումը:

Նպատակ ունենք կազմակերպելու զինվորական հաշմանդամների և երկարամյա ծառայության կենսաթոշակառուների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ և նրանց զբաղվածության խնդիրը լուծելու համար պետք է համագործակցենք պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, առևտրային կազմակերպությունների ու ձեռնարկությունների հետ, կազմակերպել «թափուր աշխատատեղերի տոնավաճառներ» և այլն:

Մենք արդեն ունենք նման նախադեպ, երբ համագործակցության արդյունքում կարողացել ենք վերապատրաստել և բարձր վճարվող աշխատանքով ապահովել մեր շահառուներին: Ես այն կարծիքին եմ, որ պաշտպանության նախարարության սոցիալական քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի ոչ թե միանվագ դրամական օգնությունների հատկացմանը, այլ զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների և զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների համար հասցեագրված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, ինչպես նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սոցիալական արժանապատիվ պայմանների ստեղծմանը, որպեսզի Հայոց բանակում զինվորական ծառայությունը դառնա գրավիչ ու պատվավոր:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #11 (1029) 27.03.2014 – 2.04.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/03/2014