ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
Քաղաքականության մեջ շտապողականությունը ցանկալի արդյունք չի տալիս, իսկ համբերությունը կրկին մտածելու, իրավիճակը վերլուծելու հնարավորություն է ապահովում: Եթե հետ նայենք, ապա կտեսնենք, որ քսան տարի խրամատում կանգնած հայ զինվորը, ի հեճուկս հակառակորդի, արժանապատվորեն է կատարել վերադաս հրամանատարության հրամանները և հուսալիորեն է պաշտպանել հայրենիքի սահմանները: Միաժամանակ, չենք կարող չարձանագրել, որ ինչպես Արցախյան շարժման և պատերազմի ամբողջ ընթացքում, այնպես էլ դրան հաջորդող քսան տարիներին մեր ժողովուրդը համբերատարությամբ է կրել շրջափակման մեջ գտնվող երկրի դժվարությունները և ըմբռնումով է մոտեցել խրամատում կանգնած, գիշեր ու զօր թշնամու հարձակողական նկրտումներն ի դերև անող հայ զինվորի խնդիրներին:
ԻՆՉԵՐ ՉԻ ԱՆԻ ՀԱՅԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ: Քսանամյա պատմությունը քննելիս անհնար է չարձանագրել՝ որքան էլ թշնամին կատարելագործում է իր զինանոցը, որքան էլ ավելացնում է մեր դիրքերին ուղղված կրակոցների թիվը, միևնույն է` որևէ արդյունքի չի հասնում, ձեռնունայն է մնում, ինչը խոսում է մեր զինվորական ստորաբաժանումների մարտունակության, դիրքերում մշտապես իրականացվող պաշտպանական, ամրաշինական աշխատանքների հուսալիության, սահմանին կանգնած զինվորի աչալրջության ու քաջության մասին:
Ամեն տարի առողջ մրցակցության պայմաններում որոշվում են զորատեսակների կամ նույն առաջադրանքների կատարման համար լավագույն զորամասերը, որոնք էլ պարգևատրվում են Պատվադրոշով: Եթե նախորդ երկու տարիներին մարտական հերթապահության գծով առաջատարը երկրորդ պաշտպանական շրջանն էր, ապա 2013թ. լավագույնը երրորդն է, որի հրամանատարի` գնդապետ Կարեն Առստամյանի հետ էլ փորձեցինք գտնել հաջողության բանալին:
Գնդապետ Կարեն Առստամյանը ծնվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում: 1991թ., երբ ավարտում էր միջնակարգ դպրոցը, վաղուց արդեն կամավորական ջոկատի անդամ էր, իսկ հաջորդ տարի ինքնըստինքյան դառնում է զորամասի զինծառայող: 1994թ. նշանակվում է գումարտակի շտաբի պետ, շատ չանցած՝ գումարտակի հրամանատար: Միաժամանակ սովորում է Արցախի համալսարանի նախ օտար լեզուների, այնուհետև՝ պատմության ֆակուլտետներում: Ռազմական ակադեմիան ավարտելուց հետո տարբեր զորամասերում ծառայում է որպես շտաբի պետ: 2007 թ.-ին նշանակվում է զորամասի (պաշտպանական շրջանի) հրամանատար: 2011 թ.-ից նա երրորդ պաշտպանականի հրամանատարն է: Պարգևատրվել է երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, Արցախի «Արիություն» եւ այլ մեդալներով ու պարգեւներով:
-Զինվորական ծառայության մեջ չկան մեծ ու փոքր խնդիրներ, առավել կամ պակաս կարևոր հարցեր, ուստի, վերլուծելով անցած տարվա ընթացքում մեր կատարած աշխատանքը, տեսնում եմ, որ հաջողությունը ձեռք է բերվել կայունության, ստորաբաժանումների նպատակասլաց գործողությունների, մարտական պատրաստականության բարձր մակարդակի պահպանման շնորհիվ: Ոչ մի ստորաբաժանում չի կարող մշտապես ունենալ մարտունակության բարձր աստիճան, եթե օժտված չէ բարոյակամային բարձր հատկանիշներով, եթե անձնակազմի ներսում չեն տիրում ընկերասիրությունը, մարդկային ջերմությունը, հանդուրժողականությունն ու բարեկրթությունը: Ստորաբաժանումը, տվյալ դեպքում ջոկը, որը մեկնում է մարտական հերթապահության, պետք է ազգային սրբազան սովորույթների, ընտանեկան ավանդույթների կրողը լինի, որովհետև նա ազգային ու պետական նշանակության առաքելություն է իրականացնում: Կարող եմ ասել՝ զորամասում բոլորն էլ հստակ պատկերացում ունեն մարտական խնդրի՝ պետական սահմանի պահպանության կարևորության մասին և ամեն ինչ անում են առաջադրանքը պատվով կատարելու համար:
-Քանի որ զինվորներն արդեն վարժվել են հակառակորդի մշտական դարձած կրակոցների, խափանարար գործողությունների սպառնալիքի պայմաններում սահմանի պահպանություն իրականացնելուն, խնդրում եմ ասեք՝ մարտավարամասնագիտական ի՞նչ պարապմունքներ եք անցկացնում ջոկերի մարտունակությունը կատարելագործելու համար:
-Ամբողջությամբ կատարվում են ծրագրով նախատեսված պարապմունքները, միաժամանակ օգտագործվում են առաջնագիծը ներկայացնող ուսումնական ավանի հնարավորությունները: Զուգահեռ ինքներս ենք ստեղծում հակառակորդի հնարավոր հարձակումը կանխելու եւ համարժեք պատասխաններ տալու իրավիճակներ, այսինքն` անցկացնում ենք ջոկերի կազմերով զորավարժություններ: Ասել է թե՝ մեր միտքն ու բոլոր գործողություններն ուղղված են սահմանի անվտանգության, մարտական հերթապահության անվտանգության ապահովմանը, դիրքերում կեցության ու ծառայողական պայմանների բարելավմանը:
-Պաշտպանության բանակի հրամանատարության թույլտվությամբ առաջնագծում զինվորներին տեսակցության եկած ծնողները կարող են գիշերն անցկացնել դիրքերում, իրենց որդիների հետ մարտական հերթապահություն կատարել: Հնարավորությունից օգտվողներ լինո՞ւմ են:
-Իհարկե, լինում են: Ասեմ ավելին, դիրքերում պարբերաբար ջոկերի հետ մարտական հերթապահություն են կատարում պահեստազորի սպաները, ազատամարտի վետերանները: Վստահ եմ, որ մոտ ապագայում կավելանան նրանց միանալ ցանկացողները: Այնպես որ՝ մեր զինվորը սահմանում մենակ չէ, սահմանի պահպանությունը համապետական, համաժողովրդական ուշադրության կենտրոնում է. Այն, ինչ ժողովուրդը ձեռք է բերել իր համբերության, զրկանքների, զոհողությունների արդյունքում, պատրաստ է ամեն գնով պաշտպանել:
-Պարոն գնդապետ, մենք արդեն եղել ենք առաջնագծում և կարող ենք ասել, որ կատարված ինժեներական աշխատանքները նույնպես նկատելի են, որքանո՞վ են դրանք նպաստում անվտանգության ապահովման բարձրացմանը:
-Առաջնագծում իրականացվող պաշտպանական բնույթի աշխատանքները մշտական են, և կասկածից վեր է, որ դրական արդյունք են տալիս, բայց, մեկ է, ամենակարևորը մարդկային գործոնն է: Զինվորը, սպան պետք է պահպանեն ծառայողական կարգապահության անխաթարությունը, դիրքերում կանգնած մարտիկը պետք է անվերապահորեն հետեւի իր իսկ անվտանգությունից բխող բոլոր կանոնադրական հրահանգներին, ոչ մի դեպքում առանց դիրքի ավագի, հրամանատարի իմացության չպետք է ինքնագլուխ քայլ կատարի:
-Քանի որ արդեն խոսեցինք ծնողների մասին, ուզում եմ հարցնել` ծնողների հետ հանդիպումները արդյոք օգնո՞ւմ են Ձեր աշխատանքին:
-Պաշտպանության բանակի հրամանատարությունը մշակել ու հաստատել է այցելությունների կարգը: Ծնողը պետք է անպայման հանդիպի հրամանատարությանը, լինի զորանոցում, տեսնի, թե որտեղ և ինչ պայմաններում է ապրում, ծառայում իր որդին և իր տպավորությունները, առաջարկները գրանցի համապատասխան մատյանում: Այն զինվորը, որ տեսնում է, թե ես ինչպես եմ ընդունում իր ծնողներին, ինչպիսի հարգանքով եմ վերաբերվում իր հորն ու մորը, հավատացեք, երբեք վատ արարք չի կատարի, երբեք որևէ սպայի չի հակադրվի: Մենք կապ ենք պահպանում ծնողների հետ, զանգահարում ենք և հաճախ հենց ծնողներից ենք անհրաժեշտ տեղեկություններ ստանում զինվորների բնավորության, վարքագծի, առողջության մասին և լրացնում «Հայրենիքի պաշտպանի գրքույկի» բացթողումները:
-Խնդրում եմ համառոտ ներկայացնեք մարտական պատրաստության ուղղությամբ տարվող աշխատանքները:
-Անցած ուսումնական տարում ոչ միայն սահմանի պահպանության ուղղությամբ ենք հաջողություն ունեցել, այլ նաև գոհացուցիչ արդյունքներ ենք ցույց տվել մարտական պատրաստության ոլորտում: Անցկացրել ենք զորավարժություններ բոլոր ստորաբաժանումների կազմերով: Այս տարվա պլանը նույնպես հագեցած է. պետք գործնականում ստուգենք ջոկերի եւ դասակների, վաշտերի և գումարտակների գործողությունների ներդաշնակումն ու մարտական պատրաստականության մակարդակը յուրաքանչյուր ստորաբաժանման համար առանձին վերցրած, ինչպես նաեւ՝ հրամանատարների մասնագիտական ունակություններն ու փոխգործակցության աստիճանը: Կա առողջ մրցակցություն, և կա արդար վերաբերմունք: Զինծառայողները, ստորաբաժանումները պետք է գնահատվեն, խրախուսվեն, որպեսզի իրենց համար էլ պարզ լինի՝ ճի՞շտ են աշխատում, թե ոչ, այլապես առաջընթացի, ինքնակատարելագործման ձգտումը կմարի:
Ռեպորտաժը առաջնագծից հաջորդ համարում
Ն. ԱՐԱՄՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան