Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՔ. «Ո՛Չ ՀՐԴԵՀԻՆ»



Մարտի 20-ից 21-ը կայացավ հրշեջ ծառայության արտահաստիքային պետերի հավաք, որը նախաձեռնել էր ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հակահրդեհային տեսչությունը: Երկօրյա միջոցառմանը, որի նպատակն էր փորձի փոխանակումը հաստիքային և արտահաստիքային հրշեջների միջև, մասնակցեցին մի քանի տասնյակ սպաներ ու ենթասպաներ:

Հավաքի շրջանակներում անցկացվեցին տեսական և գործնական պարապմունքներ, մասնավորապես` դասընթացներ հրդեհների կանխարգելման, հակահրդեհային պաշտպանության կազմակերպման վերաբերյալ, քննարկումներ գործառույթների բարելավման և մարտավարության մշակման շուրջ: Դասընթացները և քննարկումները համակարգում էր հակահրդեհային տեսչության սպա, կապիտան Արմինե Սահակյանը:

– Դասընթացների ժամանակ մենք խոսել ենք հրդեհների կանխարգելման, ինչպես նաև արտակարգ դեպքերին արձագանքելու և հետևանքները վերացնելու մասին։ Ներկայացվել է կիրառվող արդի փորձը, – ասաց նա:

Գործնական պարապմունքի շրջանակներում հրշեջ երեք հաշվարկներ ներկայացրին բուսածածկ տարածքում հրդեհի մեկուսացման և մարման աշխատանքները: Հանձնարարված էր մեկուսացնել և մարել հրդեհը երեքհարկանի շենքի տանիքի մակարդակից, ինչպես նաև մարել հրդեհը հրշեջների համար դժվարամատչելի տեղանքում: Ցուցադրությանը մասնակցեցին տեսչության ենթակայության տակ գտնվող առավել փորձառու հաշվարկները` ենթասպա Հովհաննես Սարգսյանի, ենթասպա Արթուր Պողոսյանի և ավագ Լյովա Ումրշատյանի հրամանատարությամբ:

Ներկայացնելով հավաքի նպատակներն ու խնդիրները` ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հակահրդեհային տեսչության պետ, գնդապետ Հրայր Քոչարյանը խիստ կարևորեց նման միջոցառումների պարբերական անցկացումը զինված ուժերում հակահրդեհային պաշտպանության մակարդակի բարձրացման համար:

-Առաջին անգամ է, որ կազմակերպվում է ենթակա զորամասերի արտահաստիքային պետերի հավաք, որի շրջանակներում էլ անցկացվեց գործնական պարապմունք: Բնական է, ցուցադրության ժամանակ եղան որոշ թերացումներ, բայցև հավաքի նպատակը հենց դրանց վերացումն ու շտկումն է: Նման հավաքները փորձի փոխանակման մեծ հնարավորություն են տալիս, մանավանդ որ զուգորդվում են դասախոսություններով և գործնական պարապմունքներով, ինչն արտահաստիքային պետերի համար կարևոր է նաև ժամանակակից մարտահրավերների իմացության և որակավորման տեսանկյունից,- ասաց գնդապետ Հ. Քոչարյանը:

Հրդեհների մեկուսացման և մարման աշխատանքներում ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության Հակահրդեհային տեսչությունը և ենթակա ստորաբաժանումները ակտիվ համագործակցեցին Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ: Համագործակցության ձևաչափը ներկայացրեց հակահրդեհային անվտանգության գծով տեսուչ, պահեստազորի փոխգնդապետ Արամ Սարգսյանը.

– Զինվորական օբյեկտներում ծագած հրդեհի դեպքում հաշվարկները, ըստ ահազանգի, մեկնում են դեպքի վայր, տեղում արագորեն գնահատում են հրդեհի աստիճանը և փորձում մեկուսացնել, ապա և մարել այն, անհրաժեշտության դեպքում աշխատանքները համակարգվում են ԱԻՆ փրկարար ծառայության հետ համատեղ՝ դիմելով նրանց օգնությանը: Յուրաքանչյուր հաշվարկում 7 հոգի է` չորս հրշեջ, ջոկի հրամանատարը, պահակախմբի պետը, վարորդը: Առաջին բարդության հրդեհի դեպքում մեկնում է երկու հաշվարկ, 1-ին «բիս» ահազանգի դեպքում` 4, երկրորդի` 6, երրորդի` 6 հրշեջ մեքենա: Ավելի վտանգավոր հրդեհների դեպքում, բնական է, որ մոբիլիզացվում են նաև ԱԻՆ հաշվարկները` ըստ բարդության և անվտանգության աստիճանի ու տարածքի: Իրենց հերթին ՀՀ ԶՈՒ հրշեջ հաշվարկները, անհրաժեշտության դեպքում, մասնակցում են նաև քաղաքացիական օբյեկտներում հրդեհի շիջման աշխատանքներին:

Հատկանշական է, որ ԱԻՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների համագործակցությունն ամրագրված է ՀՀ կառավարության հաստատած` հակաճգնաժամային ընդհանուր համակարգի մասին ծրագրով:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #11 (1029) 27.03.2014 – 2.04.2014, Ազգային բանակ


27/03/2014