Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ



Քաշաթաղի շրջանի կայացման գործում իրենց դերն ունեն նաև տարբեր բարեգործական կազմակերպություններ: ԱՄՆ-ում գործող «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը գրեթե 10 տարի է, ինչ իր ֆինանսական ու նյութական օժանդակությունն է ցուցաբերում նորաստեղծ շրջանին: Վերջին տարիներին հիմնադրամը հիմնականում ներդրում է կատարում բնակարանաշինության գործում: Կովսական քաղաքում արդեն ավարտվել է սիրիահայերի համար կառուցվող 12 բնակարան ունեցող երկհարկանի շենքի շինարարությունը: Այս շենքի կառուցման համար ներդրումներ են արել ԼՂՀ կառավարությունը, «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամը, մոտ 4 մլն դրամ հատկացրել է «Թուֆենկյան» հիմնադրամը: Ավելի մեծ է ներդրված գումարը Իշխանաձորում, որտեղ դարձյալ սիրիահայերի համար նախատեսվում է 10 բնակարան ունեցող շենք կառուցել: Նույն գյուղում հիմնադրամի միջոցներով կառուցվել է միհարկանի բնակելի շենք՝ երկու ընտանիքի համար:

Մարտի 25-ին «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ընդհանուր տնօրեն Անդրանիկ Գասպարյանը և Արցախի գրասենյակի պատասխանատու Էդիկ Գրիգորյանը շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ Կովսականում ու Իշխանաձորում ծանոթացան կատարված շինարարական աշխատանքներին, ապա ներկա եղան բնակարանամուտի: Կովսականում այցելեցին նորակառույց շենք, որի ներսում ընթանում էին բնակարանների մաքրման, իսկ շուրջը՝ բակի բարեկարգման աշխատանքներ: Իշխանաձոր գյուղում դեռևս շարունակվում են երկհարկանի շենքի ներքին հարդարման աշխատանքները: Աշխղեկ Վահրիճ Գրիգորյանը վստահեցրեց, որ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում: Նա ամենից շատ կարևորեց շինարարական աշխատանքների որակը և ժամանակին շահագործման հանձնելու հանգամանքը:

Հաջորդ կանգառը նորակառույց երկբնակարան շենքի մոտ էր: Այստեղ էին Իշխանաձորի բնակիչները, համայնքի ղեկավարը, հյուրեր: Եկել էին՝ ներկա գտնվելու բնակարանամուտի: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին, նրա ղեկավարությանը՝ շրջանի կայացման գործում ունեցած ներդրումների համար: Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանն ընթերցեց վարչակազմի ղեկավարի կարգադրությունը՝ «Թուֆենկյան» հիմնադրամի ընդհանուր տնօրեն Անդրանիկ Գասպարյանին և Արցախի գրասենյակի պատասխանատու Էդիկ Գրիգորյանին շնորհակալագրով պարգևատրելու վերաբերյալ: Շնորհակալագրերը և շրջանի պատմական հուշարձանների թագը կազմող Ծիծեռնավանքի հուշանվեր-լուսանկարները հանձնվեցին արժանավորներին: Այնուհետև Իշխանաձորի գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցը բնակարանների բանալիները հանձնեց տերերին՝ Անդրանիկ Ասադյանին և սիրիահայ Սեպուհին: Նորաշեն բնակարաններում հնչեցին կենացներ, շնորհավորանքներ, բարեմաղթանքներ:

Շնորհակալություն հայտնվեց նաև Քաշաթաղի շրջանում բնակություն հաստատած սիրիահայերին, որոնք եկել են մասնակցելու ազգապահպանության նվիրական գործին՝ Քաշաթաղի շենացմանը: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ հիմնադրամը առաջիկայում Կովսականում կառուցելու է ևս մեկ բնակելի առանձնատուն:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #12 (1030) 3.04.2014 – 9.04.2014, Բանակ և հասարակություն


03/04/2014