ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ
Մարտի 23-ին կապի ուսումնական զորամասում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր և հրամանատար Կարո Քահքեջյանի (Սպիտակ արջ) ծննդյան 52-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին սպաներ, ենթասպաներ, զինվորներ, ազատամարտիկներ և հյուրեր:
Միջոցառման սկզբում ոգեշունչ ելույթով հանդես եկավ Կարո Քահքեջյանի մանկության և մարտական ընկեր, «Խաչակիրներ» ջոկատի համահիմնադիր և փոխհրամանատար Շահե Աճեմյանը: Նա ներկայացրեց ջոկատի փառահեղ մարտական ուղին և վստահեցրեց, որ պատերազմի վերսկսման դեպքում իրենք նորից մարտի կելնեն եւ կկռվեն հայոց բանակի զինվորի կողքին: Նախկին հրամանատարը շեշտեց, որ թշնամին այլևս անզոր է մեր դեմ, քանզի այժմ մենք ունենք կայացած, հզոր և մարտունակ բանակ: Շահե Աճեմյանի ելույթը հուզեց ներկաներին՝ մեկ անգամ ևս մտածելու և ծառայությունը վերաիմաստավորելու տեղիք տալով:
Զինակիցները ներկայացրին Կարո Քահքեջյան մեծատառով մարդուն, ընկերոջը, հրամանատարին՝ հայրենասերի կյանքն ու գործունեությունը: Բանակային զինվորները հնչեցրին մարտական, ռազմահայրենասիրական երգեր ի պատիվ քաջ հրամանատարի: Միջոցառումն ավարտվեց զորամասի շարահրապարակում, որտեղ «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունն անցկացրեց ազգային-ավանդական պարերի ուսուցողական բաց դաս զինծառայողների համար:
Հերոսները չեն մահանում: Նրանք մեռնում են այն ժամանակ, երբ այլեւս մոռանում են նրանց: Զորամասի գեղարվեստական ինքնագործունեության խումբը և սերժանտական խորհուրդը կարևորում են նմանատիպ միջոցառումների անցկացումը: Անհրաժեշտ է միշտ հիշել և արժանին մատուցել մեր հերոսներին: Նման միջոցառումները, անշուշտ, կունենան շարունակական բնույթ: Հավերժ փառք քեզ, Կարո Քահքեջյան: Շնորհավոր ծնունդդ, հայրենիքի նվիրյալ զինվո՛ր:
ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
կրտսեր սերժանտ
Լուսանկարը՝ ՍՈՍԵ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
Խորագիր՝ #12 (1030) 3.04.2014 – 9.04.2014, Բանակ և հասարակություն