Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԱԼԼԱՆ



Օրերս զինկոմիսարիատից թոշակ ստանալիս պատահաբար հանդիպեցի տիկին Ալլային։ Գրկախառնվեցինք, միմյանցից հարցուփորձ արեցինք։ Ուրախացա, երբ իմացա, որ մինչև հիմա ծառայում է մեր հարազատ զորամասում։ Նա այնպիսի հրճվանքով էր պատմում զորամասից, իր աշխատանքից, կարծես հենց նոր էր սկսել ծառայությունը։ Ես Ալլային շատ վաղուց գիտեմ։ Նա պատերազմի ժամանակ եղել է մեզ հետ՝ Հորադիզում, երբ մեր հրամանատարն էր Միքայել Գրիգորյանը։ Ալլան միշտ բարի էր մեր հանդեպ և միշտ հյուրասիրել է մեզ իր եփած համով ճաշերով։ Մայրական հոգատարությամբ լվացել է մեր հագուստը, մոր նման հոգատար եղել։ Նա մեր այն հերոսուհի մայրերից է, որոնք ապրում են լուռ, աննկատ և իրենց վաստակի համար երբեք չեն ակնկալում պարգև ու գնահատանք…

Երկար զրուցելուց հետո նա իր բարի ժպիտը դեմքին ասաց, որ դեռ չի պատրաստվում լքել հարազատ զորամասը. «Բա որ ես գնամ, իմ գործն ո՞վ է ինձ նման անելու, համ էլ ես իմ ծառայության պետին խոստացել եմ, որ իրեն մենակ չեմ թողնի, գործավարությունը մինչև վերջ կանեմ»։ Երկար ժամանակ մտածում էի տիկին Ալլայի՝ այդ քաջ ու համարձակ, նվիրյալ հայուհու մասին և նորից հիշում Մեծն Նժդեհի խոսքերը. «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»։ Մենք պետք է հպարտանանք նրանցով։ Տիպիկ օրինակը մեր Ալլան է, որ չնայած իր տարիքին (շուտով նա տոնելու է իր 70-ամյակը) շարունակում է ծառայությունը հարազատ զորամասում։

Սիրելի՛ «Հայ զինվոր», ես ուզեցի գրել ձեզ իմ մարտական ընկերոջ մասին, որ դա լինի անակնկալ, և նա իրեն է՛լ ավելի գնահատված զգա, իմանա, որ մենք չենք մոռացել և առաջվա պես հիանում ենք իրենով։ Միաժամանակ իմ և մեր բոլոր մարտական ընկերների անունից շնորհավորում եմ մեր Ալլային Մայրության տոնի առթիվ։ Խոնարհաբար ծնկի եմ գալիս բոլոր մայրերի առաջ, համբուրում նրանց սուրբ ձեռքերը։

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արցախյան պատերազմի

ազատամարտիկ, ավագ լեյտենանտ

ք. Կապան

Խորագիր՝ #12 (1030) 3.04.2014 – 9.04.2014, Ազգային բանակ


03/04/2014