«ՍՐՏԱՑԱՎ ԼԻՆԵԼԸ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐԵԼՈՒ ՁԵՎ Է»
Հավանաբար շատերին է ծանոթ իմ զրուցակցի` Սուրեն Ստեփանյանի ձայնը: Նա «Լրատվական ռադիո» ռադիոկայանի հաղորդավար է, վարում է ԱԿ 106.5 ռազմական հաղորդումը: Սուրեն Ստեփանյանի հյուրերը տարբեր մասնագիտության տեր մարդիկ են` քաղաքագետներ, պատմաբաններ, արվեստագետներ, զինվորականներ, ազատամարտիկներ, քննարկվող հարցերը եւս բազմազան են, բայց անպայման ռազմական թեմաների շուրջ: Սուրենը սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Դեռ երեք ամիս առաջ նա զինվոր էր, ուստի բանակը գիտի ներսից, ծանոթ է զինվորի թե՛ առօրյային, թե՛ ապրումներին, թե՛ հոգսերին: Երեւի սա է պատճառը, որ ուշադիր ունկնդիրը նրա ձայնում ոգևորության և հպարտության հետ կարող է երբեմն նաև որսալ անկեղծ մտահոգություն, սրտացավություն:
-Սուրե՛ն, համաձա՞յն ես, որ լրագրողը պետք է խոշորացույցով նայի կյանքին՝ իր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին, լինի ուշադիր, սրտացավ, չանտեսի մանրուքները:
-Ո՛չ միայն լրագրողը, այլեւ յուրաքանչյուր մարդ պետք է կյանքին, շրջապատին սրտացավորեն նայի: Ես անտարբերությունը չարիք եմ համարում եւ ցավով պետք է նշեմ, որ մարդիկ գնալով ավելի ու ավելի անտարբեր են դառնում միմյանց, իրենց շրջապատի նկատմամբ… Ասածս հիմնավորեմ օրինակով. առաջին բանը, որ նկատեցի զորացրվելուս օրը, մեր շենքի մուտքի մոտ կուտակված աղբն էր. պարզվեց՝ մեկ ամսից ավելի աղբը չեն տարել: Մեր շենքում կա 114 բնակարան՝ մոտ 500 բնակիչ, սակայն ոչ մեկի մտքով չի էլ անցել զանգել պատկան մարմիններին ու պահանջել` աղբը տանել: Ես զանգահարեցի:Եվ հարցը լուծվեց: Հարեւանները զարմացել էին, ասում էին. «Էս ի՞նչ եղավ, էս ի՞նչ հրաշք էր»: Բայց ոչ մի հրաշք էլ չկա… Ցավալի է, երբ մարդիկ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու մասին չեն մտածում: Մի անգամ էլ ոստիկանը չհամբերեց եւ փողոցը հատեց կարմիր լույսի տակ: Չզլացա, հետեւից ձայն տվեցի. «Պարո՛ն մայոր, կարմիր լույսը դեռ կանաչի չի փոխվել»: Ոստիկանը հետ վերադարձավ ու ներողություն խնդրեց: Մեր խնդիրները շատ են, և բոլորն էլ լուծելի են, եթե յուրաքանչյուրիս մեջ հասարակական եւ քաղաքացիական պարտքի գիտակցումը բարձրանա:
-Բնական է, որ անտարբերությունը ներթափանցում է բանակ, սակայն բանակը նաեւ այն միջավայրն է, որտեղ երիտասարդի մեջ ձեւավորում են ոչ միայն քաջության, հայրենասիրության զգացումներ, այլև բարություն, կարեկցանք, հոգատարություն, սրտացավություն երկրի հանդեպ…
-Մենք զորամասի լսարաններից մեկում դատարկ գրապահարան ունեինք: Եվ որոշեցի, որ այդ գրապահարանը պետք է վերածվի փոքրիկ գրադարանի: Մեկ ամիս անց դարակներում 150 անուն գիրք կար: Մարդիկ, որ անգամ դպրոցում գիրք չէին կարդացել, սկսեցին Շեքսպիր, Թումանյան եւ այլ գրողների ստեղծագործությունները կարդալ: Այդ օրվանից տղաների համար տնից ուղարկվող ծանրոցներում պարտադիր մեկ-երկու գիրք էր տեղ գտնում: Բանակում ցանկացած դրական օրինակ շատ արագ է վարակիչ դառնում: Զինվորը չպետք է բողոքի ծնողին, թե համազգեստը իր հագով չէ, ճաշը համով չէ, օճառը որակով չէ, կոշիկը ժամանակին չեն տալիս: Սա ճիշտ մոտեցում չէ: Թող գնա եւ վերադասին ասի՝ պարո՛ն գնդապետ, կոշիկս… ճաշս… համազգեստս… Զինվորը պետք է հասկանա, որ բանակի խնդիրները միայն հրամանատարինը չեն, նաեւ իրենն են, ուրեմն՝ նաեւ ինքը պետք է նախաձեռնող և ակտիվ դիրքորոշում ունենա: Մեր գումարտակի հրամանատարը` փոխգնդապետ Գառնիկ Մնացականյանը, ասում էր՝ «Տղե՛րք, եթե խնդիր ունեք, մի՛ ամաչեք, ինձ ասեք»: Եղել են դեպքեր, երբ մեզ անհանգստացնող հարցով դիմել ենք հրամանատարությանը: Օրինակ՝ տրամադրվող զինվորական համազգեստի չափսը մեծ էր, հնարավոր չէր հագնել, հրամանատարին ասացինք, համազգեստը տարան դերձակի մոտ, փոքրացրին, իսկ որոշ ժամանակ անց հագուստի խմբաքանակը հետ ուղարկվեց, ամբողջը ձեւափոխվեց: Սրտացավ, նախաձեռնող լինելը նույնպես հայրենիքը սիրելու ձեւ է:
-Սուրե՛ն, ինչպիսի՞ն պետք է լինի սպան, որ օրինակելի համարվի:
-Ինձ համար օրինակելի են այն սպաները, որոնք զինվորից ուշ են քնում եւ շուտ արթնանում, չեն զլանում զինվորի հետ առավոտյան երեք կիլոմետր վազել, որոնք միշտ սափրված են, որոնց համազգեստը մաքուր է, տեսքը՝ կոկիկ: Եթե սպան հետեւում է իր արտաքին տեսքին, ֆիզիկական պատրաստվածությանը, ունի շարային կեցվածք, եթե լավ գիտի իր պարտականությունները, մարդամոտ է, ուշադիր ու բարեխիղճ, ուրեմն` օրինակելի է:
-Քո ասածներից կարո՞ղ եմ ենթադրել, որ բանակում մանրուքներ չեն լինում:
– Ճիշտ այդպես: Բանակում կարեւոր են ե՛ւ սպայի, ե՛ւ զինվորի տեսքը, ե՛ւ համազգեստի որակը, ե՛ւ կենցաղային պայմանները, ե՛ւ մասնագիտական ուսուցման մակարդակը եւ թե՛ զենքի ու տեխնիկայի հանդեպ սրտացավ վերաբերմունքը: Ինձ թվում է՝ բանակում անկարեւոր գործ կամ մասնագիտացում չի կարող լինել: Սկզբում ես միշտ մտածել եմ, թե ծառայությունն սկսվում եւ ավարտվում է դիրք բարձրանալ-իջնելով, մնացած ամեն բան երկրորդական-երրորդական է: Հետո համոզվեցի, որ բանակում, ինչպես եւ կյանքում, անկարևոր մանրուքներ չկան, եւ ամեն գործ իր արժեքն ունի: Ծառայել եմ գնդապետ Հրայր Թեւոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում՝ որպես տանկի մեխանիկ-վարորդ: Մինչեւ բանակ գնալը չէի պատկերացնում, որ ինձ տանկ կվստահեն: Նախկինում տանկ տեսել էի միայն հեռուստատեսությամբ կամ նկարներով: Չեմ մոռանա առաջին հանդիպումս երկաթյա հսկայի հետ: Ուսումնական զորամասում էի: Սաստիկ ցուրտ էր: Ձեռքով դիպա` համոզվելու, որ իրականություն է, եւ ձեռքս կպավ մետաղին, չէի կարողանում պոկել: Ինչպես գիտենք, ցուրտ ժամանակ մետաղը ամեն տաք բան իրեն է սեղմում-սոսնձում: Ես, իհարկե, այդ երեւույթն այլ տեսանկյունից կմեկնաբանեմ` սառը մետաղին ջերմ ձեռքեր են պետք: Ինձ հիացնում էր այն միտքը, որ ավելի քան 40 տոննա կշռող տեխնիկան ղեկավարում է 50 կիլոգրամ քաշ ունեցող մարդը, եւ եթե նա անտարբեր է իր պարտականությունների, իրեն վստահված տեխնիկայի հանդեպ, ուրեմն՝ հարկ եղած դեպքում չի կարողանալու այն կիրառել, վնասելու է ընդհանուր գործին:
-Սուրե՛ն, շատ պատկերավոր ու գեղեցիկ նկարագրեցիր տանկի հետ քո առաջին հանդիպումը…
-Ծառայությունը հիշողությանս մեջ տպավորվել է ևս երեք անմոռանալի դրվագներով, որոնք շատ թանկ են ինձ համար: Առաջինը` զինվորական երդման օրն էր մարդկանց ամբոխի մեջ փորձում էի գտնել տնեցիներին, ու թեև անհավանական էր թվում, բայց եւ նշմարեցի հարազատ դեմքեր: Մյուս դրվագը. երկու-երեք ամսվա ծառայող էի, առավոտյան զարթնեցի, սովորականի պես հագա զինվորական կոշիկներս եւ անսպասելիությունից շվարեցի… Ոտքերս էլ չէին հարում… Ես չգիտեի՝ եթե զինվորի կոշիկները էլ չեն հարում, ուրեմն՝ նա հարմարվել է ծառայությանը: Հետաքրքիր է, չէ՞: Երրորդ անմոռացը: «Զինվորից թանկ Հայաստանը ոչինչ չունի». ամեն անգամ այս խոսքը մտաբերելիս հիշում եմ այդ օրը. մարտական զորավարժություններ էին, մենք յուղոտ, փոշոտ կանգնել էինք շարահրապարակում եւ լսում էինք նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը` «Զինվորից թանկ Հայաստանը ոչինչ չունի»: Ցավոք, մեր հասարակությունում կան մարդիկ, որոնք չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ այդ պարզ ճշմարտությունը… Մեր հասարակությունը պետք է նաեւ գիտակցի, որ զինվոր որդի ունենալը մեծագույն պատիվ է ու երջանկություն: Ես պատիվ եմ ունեցել ծառայելու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որդու` մայոր Արթուր Օհանյանի հետ: Նա մեր զորամասում գումարտակի հրամանատար էր: Այդ փաստը մեզ այնքան էր ոգեւորում:
-Հասկացա քո ակնարկը, Սուրե՛ն: Այո՛, երկրի համար պետք է հոգան բոլորը` և՛ նախարարի որդին, և՛ գյուղացու, և՛ մանկավարժի… Հայրենիքը բոլորինս է …
-Զինվորի համար օրն ավարտվում է երեկոյան անվանականչով, եւ նա սպասում է դրան, որ ծանր օրվանից հետո պառկի ու մի քիչ հանգստանա: Մեր զորամասում ընդունված էր երեկոյան անվանականչի ցուցակում հիշատակել նաեւ զոհված զինվորի կամ հրամանատարի անունը, որն ընդմիշտ գրանցված էր մատյանում։ Անպայման կարդացվում էր, նշվում, որ ազատամարտիկն ընկել է հայրենիքի ազատության եւ անկախության համար մղված մարտում: Ամեն երեկո մեր վաշտում հիշատակվում էր Աշոտ Ղուլյանի անունը, եւ հոգնածությունդ մի տեսակ անհետանում էր, ուժերդ վերականգնվում էին, մտածում էիր` ամոթ է դժգոհելը, ծառայությունից խուսափելը, գլուխ պահելը, մարդիկ քո տարիքում կյանք են զոհաբերել, հրամանատար են եղել, ջոկատ են մարտի տարել, հող են ազատագրել, իսկ դու ընդամենը տանկի մեխանիկ-վարորդ ես… Մեր կյանքի ամեն օրվա ավարտին մտածենք` ինչ լավ, բարի գործ ենք արել: Մեր երկիրը սրտացավ, ուշադիր մարդկանց կարիք ունի:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
կապիտան