Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒՍԱՎՈՐ ԹԱԽԻԾ



Հայրս՝ կապիտան Գուրգեն Արշակյանը, բացառիկ մարդ էր և բացառիկ էլ ճակատագրի արժանացավ՝ զոհվեց հանուն հայրենիքի ու անմահացավ։

Պատերազմի առաջին իսկ օրից հայրս իր գործուն մասնակցությունն է բերել Գորիսի, Լաչինի, Կապանի, Քարվաճառի, Օմարի կռիվներին։ Հրետանավորի նրա դիպուկությունը բազմիցս է ճաշակել թշնամին և սարսափել նրանից։

Երբ ծանր էր բոլորիս համար, երբ ժողովուրդը պայքարում էր իր հայրենիքի ազատության համար, նա չէր կարող այդ պայքարի մասնակիցը չլինել։ Ծառայել հայրենիքին անմնացորդ, անձնվիրաբար և անհատույց. ահա սա էր նրա կարգախոսը։

1994թ. մարտի 7-ին թշնամու դավադիր գնդակը խոցեց հորս…

…Օրերս գնացել էի նրա շիրմին այցի, գնացել էի նրա ծննդյան օրը շնորհավորելու։ Հետաքրքիր է՝ ամբողջ ճանապարհը մի տեսակ տխրությամբ էր թաթախված, եղանակն էլ մառախլապատ էր։ Բնությունը կարծես տխրել էր, որ օրվա հերոսը չէր մասնակցում իր իսկ ծննդյան տոնին…

Եռագույնը ծածանվում էր հայրիկիս և մյուս զոհված տղաների շիրիմներին և ասես փորձում էր վանել բլուրը պատած ամպը… Չէ՞ որ հայրիկիս ծննդյան օրն էր։ Եվ քանի որ նա չհասցրեց իմանալ մեր հաղթանակի, մեր կայացած հզոր բանակի մասին, ես ամեն անգամ նրան այցելության գնալիս պատմում եմ մեր երկրի, մեր կյանքի, մեր ընտանիքի և իմ մասին։ Երկար եմ կանգնում նրա շիրմի առջև, խունկ եմ ծխում և լուռ զրուցում. «Ների՛ր, հայրի՛կ, որ աչքերս թաց են… Եվ ինչպե՞ս ուրախանամ, երբ դու չկաս, պարզապես չեմ կարող չտխրել։ Ես քո կարիքը շատ եմ զգում՝ ամեն օր, ամեն պահ։ Եվ երբ հոգուս խորքում կարդում եմ նրա պատասխանը՝ «չտխրես, աղջի՛կս, ես միշտ քո կողքին եմ, հպարտ քայլիր, ամուր կանգնիր այս հողի վրա, այն փխրուն է, բայց դու իրավունք չունես թուլանալու։ Թող քո կյանքի ամեն օրը տոն լինի, և հիշիր՝ ես միշտ քեզ հետ եմ», ամպ ու զամպ, ասես, ցրվում են մեկեն, և ինձ համակած թախիծը դառնում է լուսավոր…

ՍԱԹԵՆԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ

Խորագիր՝ #12 (1030) 3.04.2014 – 9.04.2014, Ճակատագրեր


03/04/2014