ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԳՈՐԾՈՆ
Լրագրող Գնել Շաղափյանի զրուցակիցն է «Երիտասարդության կամք» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
– Այսօր երիտասարդական կազմակերպությունները շատ են և բազմազան: Ո՞րն է «Երիտասարդության կամք» – ի հիմնական առաքելությունը:
-Կազմակերպության առաջնահերթ նպատակներից է երիտասարդության ազատ, անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունը, մասնակցությունը իրավական, սոցիալական պետության կառուցմանը: Այս ուղղությամբ կազմակերպությունն իր հնարավորության սահմաններում իրականացրել է մի շարք ծրագրեր, միջոցառումներ և ակցիաներ, մասնակցել է տեղական և միջազգային սեմինարների, քննարկումների, նաև` հեռուստահաղորդումների: Կազմակերպությունն իր հնարավորության սահմաններում աջակցել եւ շարունակում է աջակցություն ցուցաբերել բազմաթիվ երիտասարդների ու նրանց ընտանիքի անդամների իրավական, կրթական, սոցիալական, առողջապահական խնդիրների լուծման հարցում: Մեր գերակա նպատակը մատաղ սերնդի և երիտասարդության ռազմահայրենասիրական և ազգային դաստիարակությունն է:
– Տեղյակ եմ, որ Դուք առանձնակի հարգանքով եք խոսում հայկական բանակի մասին և Ձեր իրականացրած ծրագրերում մեծ մաս են կազմում այցելությունները ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ զորամասեր:
– Մեր կազմակերպության յուրաքանչյուր անդամ և համակիր, այո՛, յուրօրինակ հարգանքով է վերաբերվում հայոց բանակին: Մեզ համար բարձրագույն արժեք են հայ սպան և հայրենիքի պաշտպան զինվորը: Շատ կարևոր է, որ այսօր հայ երիտասարդը կանգնի իր բանակի կողքին, և երիտասարդության խնդիրներով զբաղվող կազմակերպությունները համագործակցեն բանակային համապատասխան կառույցների հետ: Համոզված եմ, որ մեր երիտասարդները պետք է դառնան բանակ-հասարակություն անմիջական կապող օղակը: Մեր կազմակերպության ծրագրերի շրջանակում հայրենիքի ապագա պաշտպաններին հնարավորություն է տրվում ծանոթանալու զինվորական առօրյային, շփվելու զինվորի հետ և սեփական աչքերով տեսնելու օր օրի կառուցվող և բարեփոխվող բանակը: Մեր ծրագրերին մասնակից են լինում նաև Արցախյան պատերազմով անցած վետերաններ, իրավաբաններ, հոգեբաններ, ծառայությունն ավարտած երիտասարդներ, նրանք, ովքեր մուտք գործելով բանակ, շատ կարևոր աշխատանք են կատարում զինվորական անձնակազմի շրջանում: Ի դեպ, բազմաթիվ դեպքեր ենք արձանագրել, երբ մեր այցելությունից հետո զորացրվող զինվորը ցանկություն է հայտնել համալրելու կազմակերպության շարքերը և կրկին վերադառնալու բանակ` արդեն իսկ որպես ծրագրի մասնակից: Առիթից օգտվելով՝ ուզում եմ մեր կազմակերպության անունից խորին շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին և ԼՂՀ ՊԲ ռազմահայրենասիրական բաժնին մշտապես մեր ծրագրերին արձագանքելու և աջակցելու համար: Հպարտությամբ պետք է նշեմ, որ կազմակերպության բազմաթիվ անդամներ, համակիր մանկավարժներ ու մասնագետներ հայրենասիրական դաստիարակության գործում իրենց կատարած աշխատանքների համար խրախուսվել եւ պարգեւատրվել են մեդալներով ու պատվոգրերով: Կարծում եմ՝ սա, իրոք, ձեռքբերում է:
-Խոսեցինք բանակի մասին: Առջևում զորակոչն է: Չէ՞ որ բանակում կան նաև բազմաթիվ չլուծված խնդիրներ: Ինչպիսի՞ն է այսօրվա երիտասարդության վերաբերմունքը պարտադիր զինվորական ծառայությանը, և ինչո՞ւ են այսօր շատ մայրեր մտավախությամբ իրենց որդիներին ճանապարհում բանակ:
– Գիտեք, բանակը «շնչող» կառույց է, և բնական է, որ կարող են լինել նաև որոշակի խնդիրներ: Միայն չաշխատող կառույցը չունի դժվարություններ: Եթե մտավախություններ էլ կան, ապա դրանք հիմնականում առնչվում են բանակում առկա զինվոր-զինվոր և սպա-զինվոր փոխհարաբերություններին: Եվ ինչպես բանակը, մենք եւս, որպես համագործակցող կառույց, այս տարի մեր ծրագրերում որդեգրել ենք ՀՀ պաշտպանության նախարարի 2014 թվականի ուղերձը: Այն է` միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ: Եվ շատ կարևոր է, որ այսօր երիտասարդն է պայքարում թե՛ զինվորի և թե՛ սպայի իրավունքների պաշտպանության համար, բանակում առկա թերությունների դեմ: Անարդար կլինի չփաստել, որ պաշտպանության նախարարությունը հետամուտ է նման խնդիրների բացահայտմանն ու վերացմանը: Իհարկե, յուրաքանչյուր զորակոչից առաջ շատերը մտածում են` ի՞նչ անել, ո՞նց անել, որոշ մարդիկ զինվորական ծառայությունը և հայրենիքի պաշտպանությունը համարում են պարտականություն, ուրիշները խուսափում են, սակայն համոզված եմ, որ ժողովրդի հիմնական հատվածը գիտակցաբար, պատրաստակամորեն է գնում ծառայության: Այդ «նուրբ պահած» տղաներին և նրանց ծնողներին ասեմ, որ hայրենիքին ծառայելը պատիվ է և ոչ պարտականություն: Ուզում եմ մեջբերել Գարեգին Նժդեհի խոսքերը. «Հայաստա՛ն, նա, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չիմացավ և վաղը չպիտի ուզենա մեռնել, քո զավակը չէ, հայ չէ»: Իսկ այսօր մենք ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն կարգավիճակում ենք: Եվ այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է ունենալ հզոր և մարտունակ բանակ, հայրենասեր ու նվիրյալ հայրենիքի զինվոր, որպեսզի կարողանանք նաև ամրապնդել ու ամուր պահել մեր նորանկախ Հայաստանի պետականությունը:
– Վերջերս Դուք նշեցիք Ձեր գործունեության 9-ամյակը: Հետաքրքիր է` ինչպե՞ս ստեղծվեց «Երիտասարդության կամքը»:
– Ինը տարի առաջ համախոհ ու գաղափարակից մի քանի ընկերներով որոշեցինք հիմնադրել երիտասարդական այս կառույցը և լծվել հայրենանվեր գործի: Այս տարիների ընթացքում հանդիպել ենք շատ դժվարությունների, խոչընդոտների, սակայն կարողացել ենք միասին նաեւ լուծումներ գտնել և առաջ քայլել: Այսօր վստահորեն կարող եմ ասել, որ «Երիտասարդության կամքը» կայացած կառույց է և արդեն իր շուրջն է համախմբել, ինչպես ասացի, բազմաթիվ երիտասարդների: Մեր թիմը տարեց տարի համալրվում է նոր անդամներով, գաղափարակից ու համակիր ընկերներով՝ ապացուցելով, որ «Ուժեղ կամքը ժայռ էլ կճեղքի»: Որպես կառույցի ղեկավար` հպարտ եմ իմ ընկերներով, թիմով և ուզում եմ շնորհակալություն ասել յուրաքանչյուրին` կատարած անշահախնդիր աշխատանքի համար:
-Եթե Ձեզ հնարավորություն ընձեռվեր հանդես գալու կոչով, ի՞նչ կմաղթեիք այսօրվա երիտասարդին, և ըստ Ձեզ` ո՞րն է հայ երիտասարդության բազում չլուծված խնդիրների հաղթահարման ընդունելի բանաձևը:
– Անշու՛շտ, կցանկանայի, որ երիտասարդությունը ապրի խաղաղ և ունենա կառուցողական դերակատարություն մեր երկրի կայացման ու ամրացման գործում, լինի գործոն, այլ ոչ թե «գործիք»: Այս ամենը հնարավոր է, եթե երիտասարդության ակտիվ և գիտակից հատվածը դառնա ընկալող, կամեցող ու պայքարող ուժ, դառնա ձեռք բերված մեր ազատության, անկախ պետականության հետնորդն ու արժանի պահապանը:
Լուս.` ՍՐԱՊԻՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ
Խորագիր՝ #12 (1030) 3.04.2014 – 9.04.2014, Բանակ և հասարակություն