Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՒՀԻՆ



Իշխանուհի էր նա՝ իշխանուհի Մարիամ Թումանյան, եւ կարող էր ապրել իշխանավայել կյանքով՝ լիուլի վայելելով այն ամենը, ինչ տրվում է մեծահարուստ, գեղեցիկ կնոջը։ Բայց նա ուրիշ առաքելությամբ էր ծնվել եւ այլ ճակատագրով՝ իր ողջ կյանքը նվիրելու էր ազգին, անմնացորդ ծառայելու էր նրան՝ դառնալով հայ կնոջ մի իսկական խորհրդանիշ։ Հովհաննես Թումանյանը նրա մասին ասում էր՝ «զարմանալի կին»։ Իսկապես՝ զարմանալի։ Որտեղի՞ց նրա մեջ այդքան եռանդ, ավյուն, սեր, նվիրում։

Հայուհի էր ազնվազարմ, եւ հայ ոգին էր նրա զորընդեղ ուժը…

Թիֆլիսցի իրավաբան եւ հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանն իր դուստր Մարիամին հայեցի կրթության տվեց, եւ, անշուշտ, նաեւ ընտանեկան միջավայրն էր պատճառը, որ դեռ վաղ տարիներից աղջնակը ձեւավորվեց որպես որոնող մտքի տեր, լայնախոհ ու նախաձեռնող անհատականություն։ Իշխանուհի դարձավ անձնական հանգամանքների բերումով՝ ամուսնացավ վրացացած հայ իշխանական ընտանիքի զավակ, հասարակական-մշակութային գործիչ Գեորգի Թումանովի հետ եւ… հայացրեց նրան։ Հետագայում իր զավակներին էլ հայ պահեց՝ հայկական կրթության տալով եւ դաստիարակելով ազգային ոգով։

Հովհաննես Թումանյանին գրած նամակներից մեկում Մարիամը գրում է. «Ձեռքերս քոր են գալիս, ինչպես ասում են, գործ եւ գործ եմ ուզում»։ Զուրկ արեւելյան «դինջությունից»՝ անդադրում գտնում եւ անում էր գործեր։ Եվ ի՜նչ գործեր։

1895-96 թվականներ։ Մոլեգնում են համիդյան կոտորածները։ Սով, համաճարակ, հարազատ շեներից տեղահանված հայ գաղթականները պարզապես կյանք են մուրում։ Մարիամը, որ Կովկասի հայոց բարեգործական ընկերության անդամ էր, սեփական միջոցներով գորգագործարան է հիմնում նրանց համար եւ աշխատանք տալիս…

Ռուսաստանի ներքին գործոց նախարար, տխրահռչակ Գոլիցինի հրամանով կասեցվել է հայկական հասարակական-մշակութային շարժումը։ Մարիամի անդուլ ջանքերի շնորհիվ կովկասահայերը կրկին ձեռք են բերում հասարակական կազմակերպությունների գործունեության թույլտվություն, եւ իշխանուհին ինքը Գաբրիել Սունդուկյանի աջակցությամբ 1902թ.-ին հիմնում է Թիֆլիսի հայ դրամատիկական ընկերությունը, ներկայացումներ կազմակերպում։ Ի՜նչ ընտիր դերասաններ են անցել այդ ընկերության բովով, քանի՜-քանի՜ մոլորված ազգակիցներ են այդ ներկայացումներով կապվել իրենց արմատներին, հայացել։ Նույնիսկ այլազգիներն էին հայերեն սովորում Մարիամի կազմակերպած ներկայացումներում խաղալու համար…

1903թ.-ին հիմնադրեց Հայուհյաց բարեգործական ընկերությունը՝ լինելով նրա նախագահը։ Ազգանվեր մեծ գործունեություն ծավալեց՝ օգնություն Զուբալովի անվան ժողովրդական տանը (թատրոն, գրադարան, անվճար թեյարան ուներ), աջակցություն Հավլաբարի ժողովրդական թատրոնին, «Պատկերազարդ այբուբենի» «Մանկական գրադարան» մատենաշարով գունավոր գրքույկների, ճանաչողական ձեռնարկների հրատարակում, մանկական անվճար ճաշարանի բացում։ Որբանոց էլ բացեց՝ դաշնամուր նվիրելով հայ փոքրիկներին եւ, իշխանուհի լինելով, անձամբ երաժշտության եւ կարուձեւի դասեր տալով նրանց…

Բավական էր՝ ոտքն ընկավ Դիլիջան (բուժման էր տարել երեխային) եւ այնտեղ ստեղծեց մանկական ակումբ (1913-1915թթ.), ամառային գաղութ՝ թույլ սովորող երեխաների համար, եւ այլն, եւ այլն։

Մարիամ իշխանուհին գրական կյանքի մեծ կազմակերպիչ էր, հայ գրողների բարեկամը, ընկերուհին եւ մեկենասը։ 1908թ.-ին հիմնադրեց «Իշխանուհի Մ. Թումանյան եւ ընկ.» հրատարակչությունը՝ տպագրելով բազմաթիվ արժեքավոր գրքեր, այդպիսով նաեւ նյութապես ոտքի կանգնեցնելով հայ գրողներին։ Մայրենի գրականությունն իշխանուհի Մարիամին է պարտական հատկապես Հովհաննես Թումանյանի շատ գրքերի հրատարակման եւ տարածման համար։

Հային բնորոշ մի գիծ՝ իշխանուհի Մարիամը հոգատար էր նաեւ այլազգի կարիքավորների նկատմամբ։ Հրդեհից տուժել էին Չխսր գյուղի հրեաները, եւ կազմակերպեց համերգ՝ եկամուտը բաժանելով նրանց։ Եվ ինչքա՜ն ցերեկույթներ, ներկայացումներ, պարահանդեսներ, այլ միջոցառումներ, եւ դարձյալ ստացված եկամուտը՝ չքավոր աշակերտներին, ուսանողներին, գործազուրկներին եւ նույնիսկ գործադուլավորներին։ Ընտրվեց թոքախտի դեմ պայքարող ընկերության նախագահ եւ մեծ ավանդ ներդրեց Աբասթումանի նշանավոր առողջարանի կառուցման գործում, արեւմտյան երկրների օրինակով Թիֆլիսում մի քանի տարի շարունակ անց է կացրել «Սպիտակ ծաղկի օրեր»՝ յուրովի պայքար կազմակերպելով սոսկալի հիվանդության դեմ։

Մեծ ձիրքերի տեր կին էր իշխանուհի Մարիամը։ Որպես դերասանուհի մասնակցել է սիրողական ներկայացումների, երգել երգչախմբերում, պարել պարախմբերում, զբաղվել հրապարակախոսությամբ, գրել գրքեր։ Ժամանակին մեծ արձագանք գտավ նրա հոդվածը «Նովոյե օբոզրենիե» թերթում, որով անարգանքի սյունին էր գամում մի ռուս սպայի, որը 1905թ. Բաքվի հայկական ջարդերի ժամանակ համարձակվել էր կոպիտ հայտարարություններ անել հայերի դեմ։ Եվ ստորագրել էր՝ Արմյանկա։

Որպես իսկական հայուհի՝ ապրում էր ազգային մեծ խնդիրներով։ Հայտնի է, որ 1914թ. նոյեմբերին Նիկոլայ 2-րդ կայսրը ժամանել է Թիֆլիս, որպեսզի այդտեղից անցնի Տաճկաստանի սահմանը՝ կռվող զորքերին ոգեւորելու։ Իշխանուհի Մարիամն ինքը չէր լինի, եթե անձամբ չհանդիպեր կայսրին եւ նրա առջեւ չբարձրացներ հայերի ազատագրության հարցը։ Կայսրը եղավ նրա խնամակալած հիվանդանոցում, որտեղ բուժվում էին վիրավոր զինվորներ, շնորհակալությամբ սեղմեց իշխանուհու ձեռքը։ Ազգային հարցի շուրջ խոսակցությունը տեղի ունեցավ հաջորդ հանդիպմանը, երբ կայսրը հրավիրված էր Արտիստական ընկերության սրահ՝ թեյախմության։ Չնայած պահակախմբի արգելքներին՝ իշխանուհուն հաջողվեց կայսեր հետ խոսել դեմառդեմ՝ հարուցելով Թիֆլիսի այդ ժամանակվա քաղաքապետ Խատիսյանի կնոջ նախանձը։

Իսկ խոսակցությունն անկաշկանդ ստացվեց։

-Ձերդ մեծություն,- ասաց իշխանուհին,- Դուք երեւի տեղյակ եք, թե հայերից ինչքան կամավորական խմբեր են գնացել տաճիկների դեմ կռվելու ու իրենց հայրենիքն ազատելու արյունարբու սուլթանի ձեռքից։ Իսկ կանոնավոր զորքերի շարքերում էլ որքան հայ զինվորներ կային՝ կարող էիք համոզվել վիրավորների քանակությունից, որ Դուք տեսաք հիվանդանոցում։ Մի՞թե հիմա էլ չեք խղճալու հայերին ու չեք օգնելու նրանց, որ հասնեն իրենց փափագին։

-Այո՛, ես համոզվեցի, որ հայերն իմ հավատարիմ հպատակներն են եւ աշխատասեր ժողովուրդ են,- ասաց կայսրը,-հենց որ վերջանա պատերազմը, ես կզբաղվեմ Հայկական հարցով եւ անպատճառ ինքնավարություն կտամ հայերին։

Իհարկե, կայսրն իր խոստումը չկատարեց, բայց դա այլ հարց է։ Մեզ հետաքրքրողն այստեղ հայ իշխանուհի կնոջ համարձակությունն է, ազգասիրությունը։ Ոչնչի առջեւ կանգ չէր առնի, երբ խոսքն իր ազգին էր վերաբերում։

Իր մասին իշխանուհին գրել է. «Իմ բնավորության մեջ կա մի գիծ, որ չգիտեմ՝ լավ, թե վատ ասեմ։ Ես չեմ կարողացել երբեք համաձայնության գալ իմ խղճի հետ եւ կեղծել մարդկանց առաջ»։

Այո՛, երբեք չկեղծեց։ Նույնիսկ խորհրդային տարիներին (մահացել է 1948թ.-ին), զրկված լինելով իշխանուհու տիտղոսից եւ այլեւ չտիրապետելով նյութական միջոցների, աշխատեց պետական հիմնարկներում, դարձյալ զբաղվեց հասարակական գործունեությամբ եւ կարելվույն չափով օգտակար եղավ իր ժողովրդին։

Պարզապես անհնար է թվարկել այն ամենը, ինչով նա ծառայել է իր ազգին։ Մի բան կարելի է միայն ասել՝ այդ ծառայությունը եղել է մեծ, անշահախնդիր, ազնիվ, ինչպես իր՝ իսկական հայուհու սիրտը։

Ն. ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Խորագիր՝ #12 (1030) 3.04.2014 – 9.04.2014, Հոգևոր-մշակութային


03/04/2014