Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ԵՌԱԲԼՈՒՐԻՑ



Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել վաստակաշատ լրագրող, բանաստեղծ Ռուբեն Գրիգորյանի «Նամակ Եռաբլուրից» պոեմը` խոսուն լուսանկարներով: Այն նվիրված է Արցախյան ազատամարտի լեգենդար հերոս Դուշման-Վարդան Ստեփանյանի անմահ հիշատակին:

Նկարելու և բանաստեղծելու բնատուր ձիրքով օժտված երիտասարդը լրջորեն հետաքրքրվել է հայ ժողովրդի պատմության և իրավագիտության խնդիրներով: Նա մասնակցել է աֆղանական պատերազմին և այնտեղ ստացել «Դուշման» մականունը:

Ազգասեր և հայրենանվեր հրամանատարն իր մարտական ընկերների հետ Արցախյան ազատամարտում արձանագրել է բազմաթիվ հաղթանակներ, որոնց համար պարգևատրվել է, այդ թվում նաև՝ հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Նրա մասին գրվել են գրքեր, հյուսվել երգեր, նկարահանվել վավերագրական ֆիլմեր: Հերոսի անունով են կոչվում ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի մի լսարան, ազատագրված Շուշիի փողոցներից մեկը: Հայրենիքի նվիրյալ զինվորի կերպարը այսօր էլ հայրենասիրության խորհրդանիշ է…

Երևակայական թռիչքի և ստեղծագործական մտահղացման տպավորիչ արգասիք է Ռուբեն Գրիգորյանի «Նամակ Եռաբլուրից» հուզաթաթավ պոեմը, որի պատկերավոր վերնագիրն ինքնին բանաստեղծական գյուտի արժեք ունի:

Թվում է՝ զինվորի սովորական նամակ է՝ ուղղված իր մորը. «Բարև, մա՛մ ջան…» պարզ ու անպաճույճ: Սակայն մարդկային էությունը հոգեբանորեն վերլուծող բանաստեղծը 26 տարի ապրած ազատամարտիկի հիշատակը խորհրդանշող 26 քառյակներով վարպետորեն խտացրել է Դուշման-Վարդանի անկրկնելի կերպարի ոչ միայն արտաքին հմայիչ նկարագիրը, այլև նրա հարուստ ներաշխարհը, նրա հույզերն ու մտորումները…

Եվ հեղինակը նրա փոխարեն շարադրում է այդ «Նամակը»՝ դիմելով իր որդու վերադարձին սպասող սիրելի մորը.

«Հոգուս երկնքում շողացող արև,

Եռաբլուրից քեզ խոնարհ բարև,

Դու ամեն լավի անսպառ մի հանք,

Դու իմ սուրբ մայրիկ, իմ Աղոթավանք»:

Եվ, իրոք, տիկին Զարուհին բարոյական բարձր արժանիքներով և հայրենասիրության ոգով է դաստիարակել իր երեք զավակներին.

«Կյանքիդ գարունը զոհաբերեցիր,

Որ մենք մարդ դառնանք` երկրին արժանի,

Որ զինվոր լինենք վտանգի ժամին,

Եվ ոչ մի սամում մեզ չբաժանի»:

Երախտագետ որդին իր ափսոսանքն է հայտնում, որ ինչպես հարկն է չի գնահատել իր մորը.

«Կյանքում քեզ քնքուշ խոսքեր չասացի,

Քեզ քիչ անսացի, անձնազոհ իմ մայր,

Իսկ դու մեզ համար լույս ու հույս էիր,

Մեզ համար կյանքում՝ դու և՛ մայր, և՛… հայր»:

Եվ Դուշման-Վարդանը խոստովանում է.

«…Ասեմ, որ ես էլ քո կրկնությունն եմ,

Եվ այլ կերպ ապրել ես չէի կարող»:

Ինչքան ճիշտ է ասել Մեծն Նժդեհը. «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»: Հավերժ երախտապարտ որդին գնահատում է իր առաջին դաստիարակի` իր մոր բարոյական արժանիքները.

«Մայր իմ ոսկեսիրտ, և՛ արդար, և՛ խիստ,

Մայր իմ ազգապաշտ և հայրենապաշտ,

Այն տարիներին` խառն ու խռիվ,

Ես քո օրհնանքով մեկնեցի կռիվ»:

Դուշման-Վարդանը քաջ գիտակցել է, որ դա չարի ու բարու կռիվն է, որը մղել է հայ ժողովուրդը՝ սկսած Հայկ Նահապետից մինչև Ավարայր ու Սարդարապատ, ապա և Արցախամարտ.

«Թուրքին ցույց տվինք մեր ոգու ուժը,

Մեր բազկի ուժը ցույց տվինք չարին.

Արցախ աշխարհից վանեցինք մուժը,

Որ մեր լեռներում ծավալվի բարին»:

Այնուհետև Ռուբեն Գրիգորյանը հոգեբանի հմտությամբ զգուշորեն թափանցում է հերոսի հոգու գաղտնարան-խորխորատները.

«Սիրտս այրեցի կռվի բոցերում,

Սիրո մրմունջի ժամանակ չկար,

Իմ միակ սերը առ Հայրենին էր,

Սիրո մրմունջի ժամանակ չկար»:

Հայրենիքին նվիրված երիտասարդը չի արձագանքել ոչ մեկի սիրուն, նրա միակ սերը «առ Հայրենին էր», իսկ նա գիտեր, որ զոհվելու է և չի ցանկացել խաթարել նրանց բախտը:

«Օ՜, չինար աղջիկ և դու` թխահեր,

Ես ձեր կանչերին չարձագանքեցի,

Սիրո արժանի հուրի՜-փերիներ,

Ինձ ներեք, որ ձեզ չարձագանքեցի»:

Դուշման-Վարդանը գիտակցել է, որ ինքը և իր մարտական ընկերները դեռ պարտք ունեն Հայրենիքի հանդեպ.

«…Մենք կռիվ ունենք, մի վերջին կռիվ,

Չարի հետ վեճը դեռ չի ավարտվել»:

Իսկ ինքը բարու ազատամարտիկն է և նույնիսկ զոհվելու դեպքում՝ հպարտ.

«Մեկ է , մարմինս հողում կմաշի,

Ինչքան էլ մայրս կարոտս քաշի,

Ինձ համար փա՜ռք է, որ ընկա կռվում.

Հիմա մեր ազգի նոր ասքն է գրվում»:

Ինչ փույթ, որ ինքը չկա, սակայն իր հիշատակը կհավերժի, քանի որ ազգի գերնպատակներից մեկը` Արցախի ազատագրումը, արդեն պատմական իրողություն է .

«Մենք կատարեցինք անհնարինը`

Արցախը մերն է, մենք` Արցախինը.

Հենց դրա համար արժեր և զոհվել,

Հայը սովոր է մեռնել ու հառնել»:

Եվ այդ գերնպատակի համար հերոսը իր կանաչ-կարմիր, իր շքեղ երազն է զոհաբերել.

«Բայց ամենամեծ հիշատակս, մա~յր,

Հայոց Արցախն է` ազատագրված,

Որի սրբազան զոհասեղանին,

Նաև իմ շքեղ երազն է դրված»:

Բանաստեղծը Դուշման-Վարդանի նամակի միջոցով Եռաբլուրին ասես նոր իմաստ է հաղորդում.

«Եռաբլուրում հազար շիրիմ կա,

Հազար հերոս է բարձունքին ննջում,

Նրանց կուռ ու խիտ շարքերը վկա`

Տղերքն այստեղ էլ վառոդ են շնչում»:

Հայոց գերյալ հողերի մասին մտածող Դուշման-Վարդան Ստեփանյանը պատմական կանխատեսում է կատարել.

«Մի բարձունք ունենք հանց Մասիս վսեմ,

Թող աշխարհի չորս ծագերը լսեն.

Եռաբլուրը անմահաց գունդն է,

Վաղվա մեր հայոց քաջերի հունդն է»:

Եվ այդ հունդ-սերմերի ծլարձակումով առնականանում է Հայոց հաղթական բանակը, որպեսզի հզորացած ելնի վերջին գրոհի.

«Մենք պատրաստվում ենք մեծ թոհ ու բոհին,

Մենք պատրաստվում ենք վերջին գրոհին,

Մենք մեր ետևից գնդեր կտանենք,

Մեր Եռագույնը Մասիս կհանենք»:

Քանի որ, ինչպես պոեմի հեղինակ Ռուբեն Գրիգորյանն է նշում, իրենց հերոսությամբ անմահացած մեր քաջարի ազատամարտիկները Եռաբլուրում ոչ թե ննջում են հավիտյան, այլ Ագռավաքարում փակված Փոքր Մհերի նման սպասում են իրենց ժամին, որպեսզի դուրս գան և իրականացնեն բովանդակ հայության սրբազան Երազանքը…

ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վարդան Ստեփանյանի խոհերը հայոց գերյալ հողերի ազատագրման մասին էին միայն:

Խորագիր՝ #12 (1030) 3.04.2014 – 9.04.2014, Հոգևոր-մշակութային


03/04/2014