Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՑՎԵՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ



Արդեն մի քանի տարի է` Աբովյան քաղաքի թիվ 5 դպրոցը կրում է զոհված ազատամարտիկ, «Արցախ» գնդի հրամանատար, նույն կրթական հաստատության շրջանավարտ Նիկոլայ Վանյանի անունը: Մարտի 31-ին ազատամարտիկը կդառնար հիսուն տարեկան: Այդ օրը դպրոցում հանդիսավոր արարողություն կազմակերպվեց, բացվեց Նիկոլայ Վանյանի կիսանդրին: Միջոցառմանը մասնակցեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Կարևորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը` նախարարը մասնավորապես ասաց.
-Արցախյան հաղթանակները հնարավոր չէին լինի, եթե չլինեին մեր մարտական ընկերների հերոսությունն ու անձնազոհությունը: Մենք այսօր մեծագույն պարտավորվածություն ունենք` պահպանել նրանց արյամբ ձեռք բերված հաջողությունները և շարունակել նրանց կիսատ թողած գործը: Դրա համար անհրաժեշտ է նաև հիշել նրանց, արժևորել, ներկայացնել եկող սերունդներին հատկապես ուսումնական հաստատություններում: Նիկոլայ Վանյանի կիսանդրու բացմամբ մենք դպրոցի մուտքի առջև ռազմահայրենասիրական դաստիարակության բաց դասարան ենք ստեղծում, որը Արցախյան ազատամարտի դասերը կփոխանցի տարբեր սերունդների:
Կիսանդրին բացելու պատիվը վերապահվեց Սեյրան Օհանյանին և Նիկոլայ Վանյանի ընտանիքի անդամներին, նույն հանդիսավոր պահին էլ երկինք ճախրեցին աղավնիները` խորհրդանշելով Նիկոլայի և նրա ընկերների երազած, սեփական կյանքի գնով կերտած խաղաղությունը: Մարդաշատ էր դպրոցի բակը, որտեղ հավաքվել էին Վանյանի հարազատները, մարտական ընկերները, ծանոթ ու անծանոթ շատ մարդիկ: Մեծահասակները հուզմունքով, իսկ երեխաները` մեծ հետաքրքրությամբ ունկնդրում էին դպրոցի` 1977-1978թթ. շրջանավարտի կյանքի պատմությունը: Ելույթ ունեցողներն վստահեցրին, որ Նիկոլայ Վանյան հերոսների ոգով դաստիարակվելով` դպրոցականները նրանց արժանի հետնորդները կլինեն:
Միջոցառումը եզրափակվեց ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի կատարումներով: Հայրենասիրական և զինվորական երգերը առանձնահատուկ ոգևորություն առաջացրին հավաքվածների, հատկապես երեխաների մեջ, որոնք սիրված երգերի կատարման ամբողջ ընթացքում սրտաբուխ ձայնակցում էին «Զորական» համույթի տղաներին: Վերջում ներկաները դպրոցի նախասրահում ծանոթացան Նիկոլայ Վանյանին նվիրված անկյունի ցուցանմուշներին:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


04/04/2011