Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ



Ռազմական ոստիկանության հետ համատեղ աշխատանքի, ինչպես նաև զինծառայողներին իրավական ակտերի ճիշտ մատուցման և դրանց կատարման հետևողական վերահսկության շնորհիվ զինված ուժերում նկատելի է կանոնադրական խախտումների թվի նվազում: 2013 թվականին այսպիսի դրական միտումներ են գրանցվել գնդապետ Կարեն Առստամյանի հրամանատարությամբ գործող զորամասում:

Ինչպես տեղեկացնում է զորամասի սոցիալ-իրավական հարցերով սպա, կապիտան Սևակ Աղաջանյանը, 2013 թվականին արձանագրվել է կանոնադրական խախտումների կտրուկ նվազում. դատվել է հինգ զինծառայող, իսկ ֆիզիկական վնասվածքներով գրանցված դեպքերը հիմնականում անզգուշության հետևանք են, բացի այդ` նախորդ տարիների համեմատ նվազել են զորամասն ինքնակամ լքելու դեպքերը:

-Իրավախախտումների տեսանկյունից հիմնականում արձանագրվել են զինվորների նկատմամբ ենթասպաների և սպաների ոչ կանոնադրական վարվելակերպի դրսևորման դեպքեր, որոնց զորամասի ղեկավարությունը տվել է համապատասխան իրավական ընթացք: Զինվորների միջև անցած տարվա ընթացքում ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքեր չեն արձանագրվել: Ընդհանուր առմամբ՝ սպա-զինվոր հարաբերությունները եղել են պատշաճ մակարդակի վրա, իսկ առկա խնդիրները հիմնականում ազգային առանձնահատկության բնույթ ունեն, – ասաց կապիտան Սևակ Աղաջանյանը:

Նա նաև շեշտեց, որ կառուցողական համագործակցություն է ծավալվում ռազմական ոստիկանության հետ` խախտումների կանխարգելման և գրանցված դեպքերի բացահայտման ու դրանց շուրջ համապատասխան որոշումների ընդունման ուղղությամբ: Միաժամանակ, ըստ կապիտանի, հանցակազմ չպարունակող դեպքերի մեծ մասը բացահայտվում է և համապատասխան լուծում գտնում զորամասի ներսում` պարտադիր արձանագրմամբ:

– Եթե իրավախախտումը հանցակազմ չի պարունակում, և եթե զինծառայողը նախկինում նման արարք կամ վարվելակերպ չի դրսևորել, ապա կանոնագրքերի շրջանակներում փորձ է արվում հնարավորինս մեղմացնելու պատիժը: Ոազմական ոստիկանության աշխատակիցներն այցելում են զորամաս ամեն օր, և պարբերաբար համապատասխան արձանագրություններ են կազմվում: Սևակ Աղաջանյանի կարծիքով` իրավախախտումների նվազման վրա դրական է անդրադարձել նաև կարգապահական վաշտերի վերագործարկումը:

-Կարգապահական վաշտի շնորհիվ նկատելի է իրավախախտումների նվազումը: Միաժամանակ հանցակազմ չպարունակող խախտումների դեպքում զինծառայողներին, ինչպես արդեն ասել եմ, փորձում ենք չուղարկել կարգապահական վաշտ և նրանց նկատմամբ փորձում ենք կիրառել մեղմացված պատիժ հենց զորամասում: Իմ կարծիքով` եթե զինծառայողը նախկինում նմանատիպ խախտում չի արել, կարելի է մեղմ պատիժ սահմանել: Միաժամանակ պետք է շեշտեմ, որ պաշտպանվում են մեր բոլոր զինծառայողների իրավունքները, առաջին հերթին` զինվորների: Անկախ պաշտոնից և կոչումից` բոլոր զինվորականները հավասար են օրենքի առջև, և նրանց միջև որևէ տարբերություն դնելն անընդունելի է,- ասաց կապիտան Աղաջանյանը:

Ըստ սոցիալ-իրավական հարցերով սպայի, Քրեական օրենսգրքի 358 հոդվածը վերանայելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ այն նախատեսում է մինչև չորս տարվա ազատազրկում ֆիզիկական ուժ կիրառելու բոլոր դեպքերում:

– Կարծում եմ՝ հոդվածով նախատեսված համաչափ պատիժը շատ խիստ է և որոշակիորեն չարդարացված: Հիշեցնեմ՝ նույն պատիժն է սահմանված թե՛ ապտակելու և թե՛ ծեծի համար, բայց տարբեր իրավիճակների դեպքում, մինչդեռ, ըստ էության, հարկ է, որ լինի տարբերակում: Լինում են դեպքեր, երբ զինվորը կարող է վիրավորել սպային, և այս դեպքում սպան կարող է չտիրապետել իրեն ու ապտակ հասցնել: Ինչպե՞ս կարելի է նման դեպքի համար նույն պատիժը կիրառել, ինչը օրինակ՝ անգթաբար զինվորին ծեծի ենթարկածին: Այսինքն՝ երկու անհամաչափ դեպքերում նույն պատիժն է կիրառվում, ինչն ինքնին անընդունելի է, – ասաց կապիտան Սևակ Աղաջանյանը:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

լեյտենանտ

Խորագիր՝ #12 (1030) 3.04.2014 – 9.04.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/04/2014