ՎԵՐՋԱՊԵՍ ԿԱՐԴԱՑԻՆ ԵԳԻՊՏԱՑԻ ԶԻՆՎՈՐԻ՝ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԳՐԱԾ ՆԱՄԱԿԸ
Նամակը, որ գրվել է Հռոմեական կայսրության ժամանակներում, ավելի քան հարյուր տարի պահվել է պահոցում: Նամակում պատմվում է հարազատ օջախից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող զինվորի կարոտի ու ապրումների մասին:
Ավրելիոս Պոլիոն անունով եգիպտացի զինվորը նամակը գրել է հռոմեական բանակում ծառայելու ժամանակ: Այն գրված է հունարեն՝ բազմաթիվ սխալներով, ինչը հետազոտողներին հուշում է, որ զինվորը ընտանեկան շրջապատում խոսել է ինչպես եգիպտերեն, այնպես էլ հունարեն, սակայն զինակից ընկերների հետ շփվել է լատիներենով:
«Ես գիշեր ու զօր բոլոր աստվածների առաջ ծնկում և աղոթում եմ ձեր առողջության համար: Ես չեմ դադարում ձեզ գրել, թեև դուք իմ մասին չեք էլ մտածում: Ես իմ պարտքն եմ կատարում և շարունակում եմ ձեզ նամակ գրել, ինչպես և մտածում, անհանգստանում եմ ձեզ համար, և դուք իմ սրտի մեջ եք: Բայց դուք երբեք ինձ չեք պատասխանում, չեք հարցնում` ի՞նչ եմ անում, ինչպե՞ս եմ ապրում: Ես անհանգստանում եմ ձեզ համար, որովհետև որքան էլ հաճախ եք ինձնից նամակ ստանում, սակայն ոչ մի անգամ չեք պատասխանում, որ ես էլ ձեր որպիսության մասին իմանամ»,- գրում է Ավրելիոս Պոլիոնը:
Զինվորն իր նամակը հասցեագրել է եղբորը, քրոջն ու մորը, որը «հաց է վաճառում»: Զինվորը տխրել է, երբ իր գրած վեց նամակներից և ոչ մեկին չեն պատասխանել, ու ինքը սկսել է տառապել կարոտից ու բաժանումից:
Եգիպտացի զինվորի նամակը հայտնաբերել են հնագետներ Գրինֆելը և Հանտը հին եգիպտական Թեբթունիա քաղաքում՝ 1899 թվականին: Պապիրուսը, որի վրա գրված է նամակը, շատ վատ է պահպանվել, ինչը մեծապես դժվարացրել է վերծանումը: Այդ իսկ պատճառով այն ավելի քան հարյուր տարի մնացել է Կալիֆոռնիայի (Բերկլի) համալսարանում: Ի վերջո, նամակով հետաքրքրվել է Ռայսի համալսարանի (ԱՄՆ) կրոնագիտության ամբիոնի ասպիրանտ Գրանտ Ադամսը: Ելնելով նամակի բովանդակությունից, հետազոտողը կարողացել է ճշտել գրության մոտավոր թվականը: Նրա ենթադրությամբ՝ զինվորն իր հռոմեական Ավրելիոս Պոլիոնի անունն ստացել է այն ժամանակ, երբ բնակչությանը առաջարկվում էր հռոմեական քաղաքացիություն ստանալ, այսինքն` մ. թ. 212 թվականին: Զինվորը նշել է, որ ծառայում է Ակվինկում քաղաքում (ներկայիս Բուդապեշտ), որն այն ժամանակ գտնվում էր Հռոմեական կայսրության հյուսիսարևելյան սահմանին և հավելել, որ իր հարազատներին տեսության գնալու համար ինքը պետք է թույլտվություն ստանա կուսակալից: Այդ վայրերում` Ստորին Պանոնիում, կուսակալական իշխանություն է հաստատվել 214 թվականին:
Համաձայն փաստերի՝ եգիպտացի զինվորի նամակը գրվել է ոչ վաղ, քան 214 թվականը:
Հետազոտողն այս նամակի վերծանությանը ձեռնամուխ է եղել միմիայն այն պատճառով, որ եգիպտացի զինվորի ապրումներն ու զգացումները հար և նման են մեր օրերում ծառայող զինվորի ապրումներին ու զգացումներին:
Խորագիր՝ #13 (1031) 10.04.2014 – 16.04.2014, Հոգևոր-մշակութային