Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԶԻՆՎՈՐՆԵՐ ԵՆ ԱՆԳԱՄ ՀՈՒՇԱՔԱՐԵՐԸ



Վազգեն Վարդանյանը Արցախյան պատերազմի մասնակից է, երկրապահ-ազատամարտիկ։ Երկար ու ձիգ տարիներ են անցել պատերազմական օրերից, բայց այսօր էլ հուշերը գալիս ու փոթորկում, տակնուվրա են անում սիրտն ու միտքը։

…Երեք որդիներին թողնելով կնոջ խնամքին, եղբոր՝ Բաբկենի հետ զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը, և մարտական ուղին ձգվեց Երասխավան, Խաչիկ, Դրմբոն, Հաթերք, Մարտակերտ, Տոնաշեն, Լաչին…

«Արծիվ-30» կամավորական գումարտակի շտաբի պետն էր։ Հրամանատար Լյովա Մուսիկյանի զոհվելուց հետո բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանի հորդորով ստանձնեց գումարտակի հրամանատարությունը։

-Բոլորս շատ ընկճված էինք։ Մեր մարտական ընկերների մահը մեզ թևաթափ էր արել, մի տեսակ կոտրվել էինք, հուսահատվել։ Բայց ներքին մի ուժ մեզ նորից համախմբեց՝ վրեժ լուծելու զոհված ընկերների համար, մեր ավերակված, քարուքանդ շեների համար, մեր զավակների խեղված մանկության համար… «Կռվել ու հաղթել». սա և՛ մեր նշանաբանն էր, և՛ մեր աղոթքը։ Ու իրար հետևից տարածքներ էինք ազատագրում։ Կռվում էինք ինքնամոռաց՝ ընկերոջ կյանքը սեփականից թանկ գնահատելով։ Հիշում եմ՝ Մեծ Շենում վիրավոր Հրաչ Բաբաջանյանին արյուն էր հարկավոր, նույնիսկ հիվանդ ազատամարտիկները հերթ կանգնեցին, անգամ հենակներով, միայն թե փրկվի, միայն թե ապրի իրենց մարտական ընկերը։ 1994թ. ես էլ վիրավորվեցի։ Ապրիլի 24-ին որոշել էինք մի եղեռն էլ թուրքի գլխին մե՛նք սարքել։ Հախներից մի լավ եկանք… Բայց ես աջ ուսից վիրավորվեցի։ Հրաշագործ բժիշկ ունեինք՝ Գառնիկ Ալեքսանյանը (հազար ողորմի), հացի դանակով ուսիցս բեկորը հանեց։

…Աշխարհում պատերազմ էր, ու խառնվել էր ամեն ինչ, կյանքն իր բնականոն հունից դուրս էր եկել։ 1994թ. գարունն էր, բնությունը, աշխարհի թոհուբոհին անտեղյակ, արթնացել էր, շնչավորվել։ Հարաբերական անդորր էր, թշնամին էլ սսկվել էր իր բնում։ Որտեղից որտեղ Վազգենը այգին էտելու մկրատ գտավ ու գործի անցավ՝ խաղողի վազերն էր էտում, ու այնքան անխռով ու հանգիստ, ասես աշխարհում ո՛չ պատերազմ կար, ո՛չ մահ, ո՛չ արցունք…

-Մեկ էլ սպառազինության գծով տեղակալ Գագիկ Սահակյանի գոռոցն եմ լսում,- ժպիտով հիշում է Վազգեն Վարդանյանը,- գոռում է՝ «ժողովո՜ւրդ, Վազգենը գժվել է»։

Պատերազմի ժամանակ ուրախ օրեր էլ ենք ունեցել, բայց կյանքիս ամենաերջանիկ, ամենաուրախն այն օրն էր, երբ իմացա, որ հրադադար է հաստատվել։ Պատերազմից, չէ՛, չեմ վախենում, բայց, հավատացեք, էս աշխարհում խաղաղությունից ավելի թանկ բան չկա…

Հրադադարից հետո Վազգեն Վարդանյանը ծառայությունը շարունակեց ազգային բանակում։ 5-րդ բրիգադում էր, որը հետո տեղափոխվեց Ղափան և 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադին միանալով, վերակազմավորվեց որպես 14-րդ մոտոհրաձգային բրիգադ։ Վազգենն էլ նշանակվեց 2-րդ գումարտակի հրամանատար։ 2011թ.-ից էլ անցավ զինվորական թոշակի։ Ներկայումս ԵԿՄ 5-րդ բրիգադ կառույցի ղեկավարի տեղակալն է։

-Երկրապահն արդեն ավանդույթ է դարձրել ազատագրված տարածքներ ուխտագնացության գնալը։ Ամեն անգամ վերապրում ես անցյալը, նույնն է ամեն ինչ՝ քարը, թուփը, ծառը, միայն թե առանց կրակոցների… ու առանց մարտական ընկերների… Ես Վեդիում եմ ապրում։ Վեդին և Մարտակերտը քույր-քաղաքներ են։ Այնքան էլ վաղուց չէ, որ Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի նախաձեռնությամբ զոհված ազատամարտիկների հարազատների հետ միասին ուղևորվեցինք Մարտակերտ (պաշտպանության նախարարությունն էլ ավտոբուսներ էր տրամադրել)։ Գնացինք-հասանք մինչև Թալիշ։ Զոհվածների ծնողներին, երեխաներին ցույց էինք տալիս այն վայրերը, որտեղ հերոսաբար ընկան մեր քաջ ընկերները։ Թե ինչ էր կատարվում մեր սրտերում, միայն նա կհասկանա, ով գիտի, թե ինչ է մարտական ընկերոջ կորուստը։ Իսկ մեր ամբողջ ճանապարհին ամենուրեք հուշաքարեր էին, հուշատախտակներ… Մեր պապերը հաճախ նշանավոր մարդկանց թաղում էին երկրի սահմանամերձ գավառներում, որպեսզի սահմանները, իրենց սրբազան գերեզմաններով, անմատչելի դարձնեն թշնամիների համար։ Այդ սովորույթի մեջ խտացված իմաստ կա։ Հնում հայոց մեծերը ևս կտակում էին, որ իրենց թաղեն երկրի կռվախնձոր դարձած տարածքներում, որպեսզի իրենց շիրիմներով ևս մեկ անգամ պաշտպանեն հողի «հայկական դիմագիծը»։ Մեր զոհված տղերքի հուշաքարերն էլ այսօր քարե զինվորների պես սահմանագլխին կանգնած հսկում են… ու նաև զգոնության կոչ են՝ մեկ թիզ հող անգամ չզիջել թշնամուն։ «Մենք հետ տալու ոչինչ չունենք, մենք դեռ ազատագրելու տարածքներ ունենք»,- սիրում է կրկնել մեր ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը։ Եվ, իրոք, մեր մարտական ընկերների արյամբ սրբացած հողից ոչ մի թիզ անգամ, հավատացած եղեք, չենք տա…

Այսօր մեր հող ու ջրի խաղաղությունը մեր զինվորն է պահում, մեր բանակն է պահում։ Բանակը մեր ժողովրդի ուժն է, պաշտպանը։ Ես՝ երկրապահ-ազատամարտիկս, հպարտանում եմ մեր բանակով, մեր արժանավոր զինվորներով։

Մենք փոքր ազգ ենք, ու մեզնից ամեն մեկը պարտավոր է տեր ու զինվոր լինել իր հողին։ Էս մեր երկիրն է, մեր հողն ու ջուրն է, որ մեզ ուժ է տալիս ու զորություն։ Օտարի հողը մեզ հայրենիք չի դառնա… Ուզում եմ խաղաղ և արժանապատիվ ապրենք մեր հայրենիքում։

Մի երազանք էլ ունեմ՝ վերցնեմ մեղուներս ու գնամ Խոսրովի անտառում պահեմ ու միատարած լռության ու խաղաղության մեջ ունկնդիր լինեմ մեղուների բզզոցին…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (1031) 10.04.2014 – 16.04.2014, Ճակատագրեր


10/04/2014