Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ…



Հիրավի, ոչ բոլոր զորամասերին է բախտ վիճակվում այնպիսի մարտական ուղի անցնել, ինչպիսին գնդապետ Հ. Թևոսյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասի անցած ուղին է: Բազմաթիվ են շահած մարտերը, որոնք կարող են բնորոշվել մեծ կամ փոքր, կարևոր կամ վճռական, ինչպես նաև՝ ճակատագրական, բախտորոշ, կենաց – մահու… Եվ բոլորն էլ ճիշտ ու տեղին կլինեն, ինչպես որ ճիշտ ու տեղին կլինի այստեղ մարտնչած հայորդիներից շատ շատերին հերոս, քաջ, խիզախ, արի, անվախ, առյուծասիրտ… բառերով բնորոշելը: Հենց դրա համար էլ զորամասը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և կրում է սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը: Նշենք նաեւ, որ 2013թ. ուսումնական տարվա ցուցանիշներով՝ ռազմական այս հզոր կազմավորումը երրորդ անգամ անընդմեջ զորատեսակի մեջ ճանաչվեց լավագույնը և ընդմիշտ տիրացավ գլխավոր մրցանակին՝ Պատվադրոշին: Ահա հենց այս առիթով էլ որոշեցինք զրուցել գնդապետ Հ. Թևոսյանի հետ՝ բացահայտելու ու ցույց տալու այն գումարելիները, որոնց շնորհիվ էլ նրանք հաղթանակել են:

-Պարոն գնդապետ, մոտոհրաձգայինների մեջ դուք առաջինն եք երեք անգամ անընդմեջ նվաճում Պատվադրոշը: Հաջողությո՞ւնն է իր հետևից բերում նոր հաղթանակ:

-Գիտեք, 2013թ. ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ անցկացված հանդիսավոր միտինգի ժամանակ ես անձնակազմին ասացի, որ հաջողությունների մեջ առկա է բոլորի ներդրումը, և յուրաքանչյուր զինծառայող պետք է ընդունի, որ հենց ինքն է նվաճել Պատվադրոշը, որ հենց ինքն է լավագույնը, որ վերջին վեց զորակոչերի զինվորներից յուրաքանչյուրն իր տեղում ու դիրքում առաջինն է ամբողջ բանակում: Միաժամանակ, ամեն մեկին և ողջ անձնակազմին զգուշացրի, որ մրցակցությունն այս անգամ ավելի դժվար է լինելու, և եթե ուզում ենք վերահաստատել ամենամարտունակը, կարգապահն ու կազմակերպվածը լինելու մեր անունը, ուրեմն՝ պետք է աշխատենք ավելի շատ, միմյանց սիրենք, հարգենք և վստահենք: Այնպես որ՝ հաղթանակի հասնելու համար միայն հաջողության վրա հույս դնելը բավարար երաշխիք չէ, թեեւ ոչ անկարեւոր:

-Ուսումնական տարվա ընթացքում՝ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլում, զորամասերը մի քանի լուրջ քննություն բռնեցին անցկացված հանկարծակի ստուգումների, մարտական տագնապների, զորավարժությունների միջոցով: Կխնդրեի՝ համառոտ ներկայացնեիք 2013թ.-ի հատկապես կարևոր միջոցառումները:

-Անցած տարվա առաջին ուսումնական փուլի քննություններն ընդունել է համապատասխան հանձնաժողովը: Անցկացվել է շարային ստուգատես, և շատ մանրամասնորեն ստուգվել են ինչպես անձնակազմի մարտական պատրաստականությունը, այնպես եւ մարտական պատրաստությունը, հրաձգությունը, հրաձգարանի վիճակը, մարտավարամասնագիտական ունակությունները, մեքենավարումը, տեխնիկական պատրաստությունը, հատուկ պատրաստականությունը, ՀՊՊ-ն, ԳԴՊ-ն … Եվ արժանացել ենք «լավ» գնահատականի:

Երկրորդ ուսումնական փուլի ընթացքում իրականացրել ենք մարտական հերթապահություն և ամբողջությամբ կատարել մեր առջև դրված խնդիրները: Միաժամանակ մեծ ուշադրություն ենք դարձրել ուսումնական գործընթացին՝ ստորաբաժանումների ներդաշնակմանը: Խնդիրները հաջորդաբար իրականացնելով՝ զորավարժությունների միջոցով ճշտել ենք ստացված արդյունքի որակը, իսկ աշնանը մեր զորամասից մայոր Արթուր Օհանյանի գումարտակը տեխնիկայի բոլոր միջոցների ներգրավմամբ անցկացրեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որն էլ շատ բարձր գնահատվեց նախագահի և բարձրաստիճան սպաների, մասնագետների կողմից: Դրանից հետո տարեվերջյան ամփոփիչ ստուգումների անցկացումը վստահվեց մեզ:

-Ո՞րն է ընթացիկ ուսումնական տարվա գլխավոր խնդիրը:

-Մեր բոլոր զորամասերը պետք է միշտ մարտունակ լինեն, միշտ պատրաստ՝ իրականացնելու մարտական գործողություններ: Հրամանատարները պետք է միշտ ի վիճակի լինեն ինքնուրույն ղեկավարելու ստորաբաժանումները՝ լիարժեք կատարելով մարտական խնդիրները: Արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում մենք կռվել, հաղթել ենք փոքր ստորաբաժանումներով և այդ մարտավարությունը պետք է պահպանենք, զարգացնենք: Դրա համար էլ աշխատում ենք, որքան հնարավոր է, կատարելագործել ջոկերի (հաշվարկների), դասակների, վաշտերի և մարտկոցների հնարավորությունները: Հասկանալի է, որ այդ օղակներում, որոնք զորամասի հիմքն են, ծառայությունը կատարում են երիտասարդ սպաները, և մենք ամեն ինչ անում ենք, որ նրանք աճեն, կայանան, ձեռք բերեն ինքնավստահություն: Հենց դրա համար էլ օգնելուց, ուղղություն ցույց տալուց բացի, նրանց տալիս ենք նաև ինքնուրույն աշխատելու հնարավորություն: Ընդհանրապես, բանակում և զորամասերում կա երիտասարդ սպաների հետ աշխատելու ծրագիր: Ավագ ընկերները, վետերաններն ընդգրկված են այդ աշխատանքներում: Մենք ունենք վետերանների խորհուրդ, որը բավական նպատակային աշխատանք է կատարում, երիտասարդ սպաներին ու զինվորներին է փոխանցում իր հսկայական փորձը: Գոհ եմ մեզանում տարվող ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքից: Ունենք ուսումնական ֆիլմեր, ինչպես նաև մեր զորամասի մարտական ուղին ներկայացնող ֆիլմ, հրամանատարի անձնական օրինակի, առանձին զինվորների, ստորաբաժանումների մասին վավերագրություններ:

Սպաների, զինվորների հետ զրույցներից իմացա, որ զորամասում բոլորը միշտ զբաղված են, կա՛մ զինվորական մասնագիտությունն են կատարելագործում, կա՛մ հասարակական խորհրդի գործերն են առաջ տանում, կա՛մ էլ զբաղված են մարզական, մշակութային խմբերում:

Չկա երիտասարդ, որը ինչ-որ նախասիրություն չունենա: Պարզապես հարկավոր է լավ ճանաչել նրանց, ստեղծել փոխադարձ վստահության մթնոլորտ, որպեսզի նրանք չկաշկանդվեն եւ ներգրավվեն կոլեկտիվ աշխատանքներում: Այո՛, ունենք գեղարվեստական ինքնագործունեության խմբակներ, ինտելեկտուալ խմբեր, արվեստագետներ, հեռանկարային մարզիկներ, որոնք իրենց ունակությունները կատարելագործում, մարզվում են քաղաքի տարբեր մարզական, մշակութային կազմակերպություններում, մրցումների են մասնակցում: Մենք հինգ տարի հաղթել ենք համաբանակային սպարտակիադայում, և հիմնական գավաթը հանձնվել է մեզ: Շախմատիստ Սարգիս Վասիլյանը բանակում գրավել է առաջին տեղը և այժմ մասնակցում է քաղաքի առաջնությանը, սամբիստներից՝ շարքայիններ Մհեր Պետրոսյանը, Հարութ Աղասյանը ՀՀ առաջնությունում գրավել են երկրորդ, Ջոն Բալայանը` երրորդ, իսկ Սերգեյ Կարապետյանը՝ առաջին տեղերը: Նա մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը: Անցած տարի ուժային եռամարտից շարքային Գարեգին Բարսամյանը ՀՀ առաջնությունում գրավել է երրորդ տեղը, իսկ կյոկոշին կարատեից Արթուր Առուշանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Մեր ֆիզպատրաստության պետ, մայոր Սեյրան Դադասյանն ամեն ինչ անում է, որ մարզիկների աճը շարունակվի: Յուրաքանչյուր հասարակական խորհրդում երեք տասնյակից ավելի մարդ է ընդգրկված, ոմանք էլ վաշտերի, գումարտակների պատի թերթերն են կազմում, ունենք զինվորներ, որոնք երկու-երեք հասարակական ակտիվի անդամ են: Եթե զինվորը հասարակական գործունեությամբ է զբաղված, նա երբեք վատ բան չի անի, չի թողնի, որ իր ընկերը սխալ քայլ կատարի: Ունենք նաև ծնողական խորհուրդ: Ընդհանրապես, կապը ծնողների հետ շատ սերտ է: Բոլորն ունեն մեր՝ հրամանատարական կազմի սպաներիս հեռախոսահամարները, և ցանկացած հարցով նրանք խորհրդակցում են մեզ հետ, զորամաս այցելելիս` պարտադիր հանդիպում ենք, անկեղծ զրուցում: Գնալուց առաջ նրանք գրություն են թողնում տպավորությունների մատյանում: Մենք խրախուսում ենք բարեկիրթ զինվորների ծնողներին:

-Ինչպե՞ս եք վերաբերվում զորամաս-ռազմական ոստիկանություն համագործակցությանը:

-Լավ կլիներ՝ մեր զինծառայողների գիտակցական մակարդակն այնքան բարձր լիներ, որ ռազմական ոստիկանությունը զորամասում անելիք չունենար, բայց երբեմն համատեղ աշխատելու, առաջացած խնդիրները կարգավորելու պահանջ է առաջանում: Նրանց ավելի շատ հրավիրում ենք նոր համալրումներից հետո՝ երիտասարդ զինվորներին օրենքները պարզաբանելու, իրենց իրավունքներին ու պարտականություններին ծանոթացնելու համար:

Մենք չենք մոռանում, թե որտեղ ենք ծառայում, գիտակցում ենք, որ պետք է շարունակենք կերտել զորամասի փառավոր ուղին. վստահ ենք, որ մեր զինվորների, պահեստազորի ու ամբողջ ժողովրդի հետ միասնական ենք եւ կարող ենք կատարել ցանկացած մարտական առաջադրանք: Կռվել այնպես, ինչպես ժամանակին կռվում էին մեր զորամասի առաջին գումարտակների առաջին մարտիկները:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #13 (1031) 10.04.2014 – 16.04.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/04/2014