Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՏՕ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է Արևելյան Եվրոպայում հավելյալ ուժեր կենտրոնացնել, իսկ մինչև տարեվերջ Ուկրաինայում նախատեսում է ութ համատեղ զորավարժություն անցկացնել: Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում որոշում է կայացվել նաև սառեցնել Մոսկվայի հետ բոլոր հարաբերությունները:

Այս քայլը անսպասելի չէր Մոսկվայի համար: Նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել 2008 թվականին, երբ ՆԱՏՕ-ն սառեցրել էր համագործակցությունը ռուս-վրացական կոնֆլիկտի պատճառով: Բացի այդ` ռուսական կողմի համար Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ավելի շատ անվանական բնույթ է կրում, քան իրական, և նախորդ պատժամիջոցները որևէ վնաս Մոսկվային չբերեցին:

Կրեմլին ավելի շատ անհանգստացնում են Արևելյան Եվրոպայում կենտրոնացած հյուսիսատլանտյան ուժերի մեծացումը և զինավարժությունները Ուկրաինայի տարածքում: Ըստ ռուսական փորձագետների, հնարավոր է, որ հավելյալ զորքեր կենտրոնանան Լեհաստանում և Մերձբալթիկայում: Չի բացառվում նաև ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի տեղաբաշխումը Բալթիկ ծովում: Համարժեք քայլը ուկրաինական սահմանին ռուսական զինուժի կենտրոնացումը կարող է լինել: Բրյուսելում կարծում են, որ շուրջ 40-հազարանոց խմբավորումը կարող է լուրջ սպառնալիք լինել Ուկրաինայի արևելքի և հարավի համար: Ապրիլի 15-ի դրությամբ մշակվել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների արագ արձագանքման և սպառազինության մեծացման նախագիծը: Հյուսիսատլանտյան դաշինքում կարծում են նաև, որ սահմանի մոտ տեղակայված ռուսական ստորաբաժանումները հնարավորություն ունեն առավելագույնը հինգ օրվա ընթացքում լուծել մարտավարական կարևորագույն խնդիրները և ցամաքային կապ հաստատել Ղրիմի և Օդեսայի հետ՝ հասնելով նույնիսկ մինչև ինքնահռչակ Մերձդնեստրյան Հանրապետություն: Մեծ է հավանականությունը, որ Բրյուսելը ցանկանում է պարզապես ուժ ցուցադրել և կանխել նման սցենարի իրականացումը` բացառելով ռուսական զինուժի հետ որևէ առճակատում:

Միաժամանակ իրավիճակն ավելի են թեժացնում Ուկրաինայի ներկայիս իշխանությունները: Գերագույն ռադան ընդունել է օրենք, որը թույլ է տալիս օտարերկրյա զինուժի մուտքը երկրի տարածք: Ըստ փաստաթղթի` մինչև տարեվերջ Ուկրաինայում կարող է տեղակայվել ավելի քան երեք հազար ՆԱՏՕ-ական զինծառայող իր սպառազինությամբ` մի քանի տասնյակ ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինը նավ և երկու սուզանավ: Նախատեսվող զորավարժություններից մեկը անցկացվելու է Օդեսայի ջրային սահմաններում, ինչը բավական մոտ է Ղրիմին: Եթե մինչ այդ խոսվում էր ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի միջև համագործակցության մասին, ապա այս դեպքում գործ ունենք արդեն Հյուսիսատլանտյան դաշինքին ուկրաինական զինուժի ինտեգրվելու հետ: Եվ դա չեն բացառում հենց Կիևում:

Նման սցենարը չի կարող գոհացնել Կրեմլին, քանի որ վերջինս ցավագին է ընդունում Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած գործողություն Արևելքում, երբ ռուս-ուկրաինական հարաբերություններն առավելագույնս շիկացած են, և Մոսկվան դժվար թե կարողանա զսպվածություն դրսևորել: Իսկ մինչ այդ Ռուսաստանը չի պատրաստվում իր զորքերը հետ կանչել արևմտյան սահմաններից: Ավելին` Մոսկվան լուրջ հարցադրում է ուղղել Անկարային` պահանջելով նրանից հետևել 1936 թվականին Մոնտրեյում ստորագրված պայմանագրին, համաձայն որի՝ սահմանափակվում է սևծովյան նեղուցներում այլ պետությունների ռազմածովային ուժերի տեղաշարժը: 2008 թվականից հետո սա ռուս-թուրքական առաջին լուրջ առճակատումն է: Ռուսաստանը խստացնում է իր մոտեցումները նաև Սիրիա թուրքական զինված ուժերի հնարավոր ներխուժման հարցում, մանավանդ Քեսաբի ողբերգական դեպքերից հետո:

Այլևս կասկած չկա, որ Ռուսաստանն իր առջև նպատակ է դրել վերահաստատելու ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև համաշխարհային գերտերության իր երբեմնի կարգավիճակը: Բնական է, որ ուկրաինական ճգնաժամի պարագայում Մոսկվան կարող է օգտվել ոչ միայն քաղաքական, ռազմական կամ տնտեսական լծակներից, այլև համապարփակ և համամարդկային բնույթ կրող` գաղափարական կամ քարոզչական գործիքներից: Եթե Խորհրդային Միությունը, որպես այդպիսին, հիմնականում օգտագործում էր կոմունիստական գաղափարախոսությունը, ապա այժմյան Ռուսաստանը դիմում է արևելաքրիստոնեական ավանդական արժեհամակարգին՝ փորձելով ներկայանալ ոչ միայն որպես այդ արժեհամակարգի կրողը, այլև որպես արտահանող գերտերություն, որի դեպքում վերածնվում է արևմտյան և արևելյան քրիստոնեության արժեհամակարգերի միջև պատմական մրցակցությունը: Մոսկվան, փաստորեն, ստեղծում է եվրասիական ռազմաքաղաքական մի նոր բևեռ, որը միտված է հակազդելու Արևմուտքին:

Հատկանշական է, որ շուտով վերջնական ձևակերպում կստանան Մաքսային Միությունը և Եվրասիական Տնտեսական Միությունը, որին այս տարի կմիանա նաև Հայաստանը: Հաջորդ տարի միությանը կմիանան նաև Ղրղըզստանը և Տաջիկստանը: Փաստորեն, 2015 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ բոլոր երկրները կմիավորվեն ոչ միայն ռազմաքաղաքական դաշինքի մեջ: Փաստացի Ռուսաստանի նոր քաղաքականության ազդեցության ոլորտում են տնտեսական այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, այնպես էլ մերձավորարևելյան քաղաքականության կարևոր դերակատարներից Սիրիան, Իրանը, Իրաքը, Աֆղանստանը և Եգիպտոսը:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Լեյտենանտ

Խորագիր՝ #14 (1032) 17.04.2014 – 23.04.2014, Տարածաշրջան


17/04/2014