ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՐԸ
Վերջերս, որպես հայ մարդ, ուրախություն ապրեցի, երբ իմացա` կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հայտարարել է, որ այս տարվանից հանրապետության բոլոր դպրոցներում ուսուցանվելու են ազգագրական երգն ու պարը։ Հիանալի է։ Իսկ եթե այդ բանն արվեր նաև սփյուռքի դպրոցներում՝ անչափ հիանալի կլիներ, որովհետև ազգային մշակույթը ազգապահպանության գլխավոր երաշխիքներից է։
Ի դեպ, այս խիստ առաջադիմական և հայրենանվեր գաղափարը տարիներ առաջ մամուլում ներկայացրեց հայ պարի նշանավոր մասնագետ, «Բերդ» պարախմբի ղեկավար Կարեն Գևորգյանը։ Շնորհակալություն այն բոլոր նվիրյալներին, ովքեր իրականացնելու են այդ հայրենանվեր, փառավոր ու հիասքանչ գործը։
Այսօր թեև որոշ չափով ուշացած, բայց, այնուամենայնիվ, ժամանակն է աշխարհին ցույց տալու մեր մեծ և հնագույն ազգի մշակույթը։ Այո՛, դպրոցական տարիներից սկսած՝ մեր ջահել սերունդը պետք է հաղորդակցվի հայ մշակույթին։ Այսօր առավել ևս դրա կարիքն զգացվում է, քանի որ քոչվոր թուրքալեզու մեր հարևանները, որոնք ընդամենը երկու դար առաջ՝ 1736 թվականին, Նադիր շահի միջոցով են հայտնվել այս տարածաշրջանում (Անդրկովկասում), որոնց նախահայրենիքը հեռավոր Նուրիստանն էր (Հյուսիսային Հնդկաստան), Լենինի ու Թուրքիայի պանթուրքիստական նկատառումներով Արևելյան Կովկասում օդից ունեցան «Ադրբեջան» կոչվող պետությունը, և 30-ական թթ. Ստալինի «ձեռնածությամբ» այնտեղ բնակվող ցեղերն ու ցեղախմբերը կոչվեցին ադրբեջանցիներ (վրացիները, ռուսները, եվրոպացիները նրանց անվանում էին «կովկասյան թաթարներ», մենք՝ հայերս, այդ ոչ թյուրք էթնոսին թուրքալեզու լինելու համար անվանում ենք թուրք, իսկ իրենք իրենց անվանում էին «մուսուլման», քանի որ իրենց էթնիկ ծագումն անորոշ էր) այսօր իրենց արմատներն են փնտրում Կովկասում ու Հյուսիսարևմտյան Իրանում, և այդ փնտրտուքի ճանապարհին նրանք իրենցն են համարում պարսկական, հայկական, աղվանական, թուրքական, արաբական մշակույթները։ Իրենցն են համարում պարսիկ մեծ Նիզամիին, Ֆիզուլիին, հայկական խաչքարերը, տաճարները, գորգերը, երաժշտական գործիքները, ճաշատեսակները, նույնիսկ հայոց պատմությունը։ Իրենցն են համարում նաև մեր հանրապետության տարածքը։ Ծիծաղելի է, չէ՞։ Թալանը լիարժեք չէր լինի, եթե իրենցը չհամարեին նաև մեր երգն ու պարը։
Ուրեմն այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք մաքրել ու անաղարտ պահել մեր մշակույթը, այսինքն՝ մեր ազգային ինքնությունը։
Բարեբախտաբար, դեռևս մեր մի շարք շրջաններում, ինչպես, օրինակ՝ Թալինում, պահպանվել են ազգագրական երգն ու պարը իրենց ամբողջ հմայքով։ Վերջերս ինձ բախտ վիճակվեց ականատեսը լինելու մի իսկական հրաշքի, որի անունն է «Սասնա պար», պար, որը ոչ թե էկրանից էի տեսնում կամ բեմահարթակից, այլ իրականում։
Ուս ուսի տված 50 կին ու տղամարդ Թալինի Սասնաշեն գյուղից պարում էին… Կեցցե՛ք, փա՛ռք ձեզ, հրաշագործ սասունաշենցիներ… Ահա թե ինչպիսին է լինում ազգային արվեստը, որը ժողովրդինն է։
Ժամանակին հայ գաղթականների պարերը Էջմիածնում զարմանք ու հիացմունք են պատճառել Մաքսիմ Գորկուն։
Հայ պարը, որը մեր կյանքն է, մեր մշակութային էությունը, մեր անցյալը, ներկան՝ մեր ինքնությունը, մեր արվեստի մեծերի՝ Արիստակեսյանի և Լիսիցյանի նախաձեռնությամբ բեմ բարձրացվեց՝ որպես փրկության գրավական։ Այժմ ժամանակն է բեմից «իջեցնելու» ցած.
Այո՛, առաջին և ամենակարևոր քայլը պետք է լինի մեր ազգագրական երգերի ու պարերի մուտքը դպրոց, հաջորդ քայլը՝ բանակ։
Ռազմապարերը հայոց բանակում միշտ եղել են։ Ո՞վ չի տեսել հայկական Թամանյան դիվիզիայի զինվորների հաղթական պարը Բեռլինում կամ հայ ազատամարտիկների հաղթական պարը Շուշիում։
Մերոնք պարել են մարտից առաջ և մարտից հետո, այլ ոչ միայն հաղթանակից հետո, պարել են նույնիսկ պարտությունից և անհաջողությունից հետո։ Նման մի պար՝ պարախմբի դեպի ձախ կատարվող շարժումներով, տարիներ առաջ «Սարդարապատ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը Ախալքալաքում գրառեց Սամսար գյուղի բնակիչ Վաչագան Ռստակյանից։ Ի դեպ, Մուրադ Հակոբյանը պատրաստ է բանակում բոլոր զինվորներին սովորեցնելու հայկական ազգագրական (հատկապես ռազմական) պարերը։
Ես կարծում եմ, որ նա ի զորու է իրականացնելու այդ մեծ ու նվիրական առաքելությունը։
Հեռուստատեսությամբ հաճախ եմ տեսնում հայկական պարերի «Կարին» պարախմբի ղեկավար Գագիկ Գինոսյանին, որը նույնպես առաջարկում է հայ պարը «տանել» բանակ՝ իր մտքերը ներկայացնելով որպես բանիմաց և հմուտ մասնագետ։ Վերջերս նա մի լիբանանցի հայից դաշույնով պար էր սովորել։ Անտարակույս, այդ պարը մեր ռազմապարերից մեկն է։ Ի դեպ, շատ հետաքրքիր և հատկանշական են հատկապես դաշույններով ռազմական պարերը։ Իմ կարծիքով, մեր բոլոր պարախմբերի տղաներն իրենց ազգային տարազի հետ միասին պետք է կրեն նաև դաշույն (մեր ժողովուրդը անցյալում կրել է, հարկավոր է այդ սովորույթը փոխանցել պարախմբերին)։ Դաշույնով պարը առնականություն և խրոխտ տրամադրություն է հաղորդում ոչ միայն հենց իրենց՝ տղաներին, այլև, ինչ խոսք, դահլիճին։
ԱՐՏՅՈՒՇԱ ՍԱՆՈՍՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու