Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՈՒՐ ՈՒ ԱՎԱՆԴԱՊԱՇՏ ԸՆՏԱՆԻՔՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՈՒԺԸ



Սեյրան Օհանյան. «Եթե ուզում եք հայրենիքին պիտանի որդիներ դաստիարակեք, ապա առաջին հերթին պետք է ինքնադաստիարակությամբ զբաղվեք, որովհետեւ ձեր զավակները ձեզ են ընդօրինակելու»

Պաշտպանության նախարարության շենքում նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալելու էր ծառայության մեջ աչքի ընկած կանանց և 10-ից ավելի երեխա ունեցող բազմազավակ մայրերին։ Ճեղքելով նախարարության մուտքի մոտ հավաքված ամբոխը՝ ես շտապում եմ հանդիպման։ Հանկարծ ինչ-որ մեկը բառացիորեն կտրում է ճանապարհս։

-Դուք Գայանե Պողոսյանն եք,- չի հարցնում, հաստատում է։ Ես գլխով եմ անում։

-Կարդում եմ Ձեր հոդվածները։ -Ես սիրալիր ժպիտ եմ նկարում դեմքիս ու թաքուն նայում եմ ժամացույցին. 5 րոպե ունեմ։

-Կինս էլ է հրավիրված, անունը Անժելա է, Անժելա Մելքոնյան։ Մենք 12 երեխա ունենք… առայժմ 12… Մեծս զինվոր է, անունը Բաղդասար է։ Հենց նոր շենք մտավ։ Ես նայում եմ տղամարդուն ու հազիվ եմ զսպում ժպիտս. ցածրահասակ, նիհար, գրեթե պատանու կազմվածքով տղամարդ է։

Ասես կարդում է միտքս.

-Բոյիս ու քաշիս մի՛ նայեք…

…Սրահը ծաղիկներով է զարդարված։ Սեղանների արանքով պտտվող մատուցողները հյութ, սուրճ ու թեյ են հյուրասիրում կանանց։ Քիչ հետո սրահ է մտնում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա ջերմ ողջունում է հավաքվածներին ու բացատրում հավաքի նպատակը. թեյի սեղանի շուրջ ծավալել անկեղծ զրույց, արծարծել խնդիրները, հասկանալ, թե ինչ պետք է անել հայրենասեր, առաքինի ու բանիմաց սերունդ դաստիարակելու համար, խոսել հայ կնոջ մտահոգությունների մասին… Սկզբում ելույթները փոքր-ինչ հանդիսավոր էին ու պաշտոնական, բայց երբ նախարարը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ հանդիպման նպատակը գեղեցիկ խոսքեր հնչեցնելը ու միմյանց գովաբանելը չէ, հայ կնոջ դերի ու նշանակության, հայ կնոջ առաքինության ու իմաստության մասին ելույթները փոխարինվեցին անկեղծ ու սրտացավ քննարկումներով։ Պարզվեց, որ կանանց մտահոգում են բազմաթիվ խնդիրներ՝ սկսած զինակոչիկների պարտադիր պատվաստումներից վերջացրած ապագա զինվոր դաստիարակելու մեթոդներով։ Պաշտպանության նախարարը լսեց բոլորին, մի շարք խնդիրներ լուծում գտան հենց միջոցառման ընթացքում, որոշ հարցեր լրացուցիչ պարզաբանման կարիք ունեին, և նախարարը խոստացավ առաջիկայում անդրադառնալ դրանց։

Միջոցառման ավարտը ավելի սրտառուչ էր. նախարարը անակնկալ էր արել 10-ից ավելի երեխա ունեցող մայրերին՝ նրանց զինվոր որդիներին հրավիրել էր միջոցառմանը ու նաև 10-օրյա խրախուսական արձակուրդ շնորհել բոլորին։ Միջոցառումն ավարտվեց նախարարի հետ լուսանկարվելու ավանդական արարողությամբ։ Լուսանկարվողների մեջ մի բարետես, կապուտաչյա կին ձեռքով նշան արեց, որ չգնամ։

Լուսանկարվեց, հետո մոտեցավ.

-Ես Անժելա Մելքոնյանն եմ, 12 երեխաների մայր եմ, սա էլ իմ զինվոր որդին է…

-Քիչ առաջ ձեր ամուսնու հետ էլ ծանոթացա դրսում։ Կարո՞ղ եմ ձեզ՝ երեքիդ, հրավիրել խմբագրություն։ Կզրուցենք, սուրճ կխմենք…

-Ձեր նախարարությունում հյուրասիրությունը ավանդույթ է…

…Եվ ահա Մարտիկ և Անժելա Մելքոնյանները իրենց զինվոր որդու՝ Բաղդասարի հետ իմ աշխատասենյակում են։

ՄԱՐՏԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ. ՀԱՅԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆ ՊԱՀԵԼՆ Է ՈՒ ՍԱՀՄԱՆ ՊԱՀՈՂ ԾՆԵԼԸ

Ավագ եղբայրս զոհվեց Արցախյան պատերազմում։ Ու էդ օրը ես որոշեցի, որ շատ երեխաներ եմ ունենալու։ Ես ուխտ կապեցի Աստծու հետ, որ զոհված եղբորս փոխարեն (մեկի փոխարեն) տասնյակ որդիներ ու թոռներ եմ ունենալու։ Հայի հայրենասիրությունը սահման պահելն է ու սահման պահող ծնելը, ես ուրիշ հայրենասիրություն չգիտեմ։

…Անժելայի հետ ընկերոջս միջոցով եմ ծանոթացել։ Ասեց՝ մի լավ աղջիկ կա, ուսումնարանում դերձակություն է սովորում։ Ասեց՝ խելոք, նամուսով աղջիկ է, ձեռքի շնորհքով, տնարար, հնազանդ։ Հիվանդ մայր ունի, տան ամբողջ հոգսն իր ու քրոջ վրա է։ Ես էլ հենց այդպիսի աղջիկ էի ուզում։ Գնացի ուսումնարան, տեսա։ Դուրս շատ եկավ։ Համ էլ շատ սիրուն էր՝ սպիտակ, կապույտ աչքերով, փոքր-մոքր։ Ծնողները համաձայն չէին, ասում էին՝ մեր աղջիկը քաղաքում է մեծացել, չի կարող հարմարվել գյուղի կյանքին, (դե, ես Արարատի Այգեվան գյուղից եմ), չի կարող կով կթել, հող մշակել… Ես էլ փախցրի, ավելի ճիշտ՝ իրար հետ փախանք… Ու համատեղ կյանքի հենց առաջին օրվանից հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ արել, տեսնելով կնոջս սերն ու հարգանքը մորս հանդեպ, աշխատասիրությունը, նվիրվածությունը… Իմ 11 երեխաները ծնվել են մեր մեկ սենյականոց բնակարանում։ Մի մեծ սենյակ էր՝ ամբողջովին լցված մահճակալներով… ջերմությամբ, սիրով, երեխաների աղմուկով, ուրախությամբ, քաղցրությամբ… 14 հոգի մեկ սենյակում։ Մեր տանը երբեք վեճ չի եղել, անհաշտություն չի եղել…

Աստծու օրհնությունը միշտ առատորեն թափվել է ընտանիքիս վրա։ Աստված պահպանել է երեխաներիս, հեռու է պահել հիվանդություններից, փորձանքներից։ Մի օր լրագրողը ինձ հարցրեց. «Ի՞նչ ես զգացել, երբ երեխաներդ սոված մտել են անկողին, սիրտդ չի՞ ցավել»… Իմ երեխաները երբեք սոված անկողին չեն մտել։ Ես երբեք որևէ մեկից հացի փող չեմ խնդրել, վիզ չեմ ծռել։ Ես ու կինս առավոտից իրիկուն աշխատել ենք։ Երեխաներս՝ նույնպես։ Նրանք սովորել են մեզանից, մեծերը խնամում են փոքրերին, դասերից հետո գնում են դաշտ, աշխատում են, որ թեթևացնեն ընտանիքի հոգսը։

Պետությունը օգնեց, շինանյութի փող տվեց, որ մեր տունը մեծացնենք՝ մի քանի սենյակ ավելացնենք։ Մենք ամբողջ ընտանիքով մեր ձեռքերով կառուցեցինք մեր տունը։ Նույնիսկ ամենափոքրիկները դույլերով ու բաժակներով ջուր ու հող էին կրում… Գիտեք՝ մի ուրիշ քաղցրություն է, երբ տունդ կառուցում ես ամբողջ ընտանիքով, սեփական մատներով։ Սա արդեն սովորական տուն չի, ոնց ասեմ, քո երեխան է… Հիմա դու ինձ ասա՝ այս տունդ (որ դեռ պատերը սվաղած են, հատակն էլ ցեմենտբետոն է) փոխիր արտասահմանյան դղյակի հետ, չեմ փոխի։ Սերն է հողդ հայրենիք դարձնում, տունդ հայրենիք դարձնում։ Հայրենիքն ի՞նչ է… Հայրենիքը դու ես, որ մեզ սիրալիր ընդունել ես, սուրճ ես հյուրասիրել, անընդհատ ասում ես՝ շոկոլադ վերցրեք, ուրախանում ես մեր ուրախությամբ, ուզում ես մեզ համար մի լավ բան անել… Հայրենիքը էն մարդիկ են, որ լսում են մեր մասին, իրենց սրտից բխած՝ օգնում են… Հայրենիքը զինվոր տղայիս՝ Բաղդասարիս հրամանատարներն են…

…Տղայիս երդման արարողությանը մասնակցելու համար մեքենայով գնում էինք զորամաս։ Սիսիանում մեքենան փչացավ։ Զանգեցի տղայիս, ասացի՝ բալե՛ս, երդման արարողությանը չենք կարող մասնակցել, էսպես-էսպես… Մնացել ենք Սիսիանում։ Տղա երեխաներս՝ 2 տարեկան Սամուելս և 13 տարեկան Դանիելս, մեզ հետ էին, ասինք՝ թող գան տեսնեն զորամասը, սպաներին, վաղը իրենք էլ են ծառայելու… Դանիելս մեքենաների հետ սեր ունի, դասերից հետո աշխատում է ավտոնորոգման արհեստանոցում։ Ասաց՝ պապա՛, դու հեռու մնա, ես մի բան կանեմ-կսարքեմ։ Երեխան մտել էր ավտոյի տակ, ես էլ կանգնած նայում էի, մեկ էլ մի սպիտակ ջիպ կանգնեց կողքներս։ Միջից երկու զինվորական իջան… Ու զինվոր տղաս՝ Բաղդասարը։ Պարզվեց՝ նկատել են, որ Բաղդասարս զորամասում է, մյուսների նման ծնողների հետ չի, հարցրել են՝ ի՞նչ է պատահել։ Բաղդասարս պատմել է, որ մեքենան փչացել է, ծնողները մնացել են Սիսիանում… Հրամանատարները իրենց մեքենայով երեխայիս բերել են մեզ մոտ։ …Հուզվում եմ պատմելիս…

Ես ուզում եմ, որ նշեք այդ երկու սպաների անունները։ Ավագ լեյտենանտ Արմեն Ալեքսանյան և ավագ լեյտենանտ Մուշեղ Մարգարյան… Նրանք են իմ հայրենիքը։ Նրանք ու նրանց նմաններն են ինձ կապում իմ հողին, նրանք են իմ երկիրը հայրենիք դարձնում։ Նրանք են ինձ գոտեպնդում։ Նրանց հետ ես ինձ ուժեղ եմ զգում։ Ինչքան խնդրեցինք, չմասնակցեցին հյուրասիրությանը, ասացին՝ շատ գործ ունենք, շտապ ենք… ու գնացին։ Երբ տղայիս հարցրի՝ հը, ո՞նց է բանակում։ Պատասխանեց՝ շատ լավ է, պա՛պ… Ասացի՝ որ ասեիր՝ վատ է, մեկ է, չէի հավատալու, որովհետև այս երկու սպաներին տեսնելով՝ ես արդեն պատկերացում եմ կազմում ամբողջ զորամասի մասին…

Ես երջանիկ տղամարդ եմ։ Ամեն օր փառք եմ տալիս Աստծուն, որ լավ ընտանիք ունեմ… Որ կարողանում եմ խնամել մորս, որ կինս ու երեխաներս սիրով են շրջապատել նրան… Որ կարողանում եմ խնամել երեխաներիս… Որ երեխաներս ազնիվ են, բարի, աշխատասեր, պարկեշտ… պիտանի մարդիկ են։ Որ աշխարհ եմ եկել ու բեռ չեմ դարձել աշխարհի վրա…

ԱՆԺԵԼԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ. ԲՈԼՈՐ ՍԵՐԵՐԻ ՀԻՄՔԸ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Երբ Մարտիկի հետ ամուսնանալու որոշում էի կայացնում, երբեք հաշվի չառա նրա սոցիալական վիճակը, չհարցրի՝ փող ունի՞, չունի՞, տունը մե՞ծ է, փո՞քր է… Ինձ համար կարևորն այն էր, որ Մարտիկը խոսքի տեր, պատասխանատու ու աշխատող մարդ էր և պաշտում էր մորը։ Էսքանը ինձ հերիք էր, որ կյանքս կապեմ նրա հետ։ Մարդիկ հաճախ զարմանում են, թե ոնց եմ 18 տարի ապրել մեկ սենյակում ու 11 երեխա ունեցել… Ասեմ գաղտնիքը… Սեր ու համերաշխություն է եղել իմ ընտանիքում։ Մեկս մյուսին զիջել ենք, ամեն մեկս մեր կողմ չենք ձգել, հարմարվել ենք, այնպես ենք արել, որ մյուսի համար լավ լինի։ Իմ երեխաները բոլորն էլ խելոք են, լսող, աշխատասեր, հնազանդ, կազմակերպված, բարի… Բաղդասարս 18 տարեկան է, զինվոր է, Բավականս՝ 17, Շուշանս՝ 15, Դանիելս՝ 13։ Այս չորսն արդեն ինքնուրույն մարդիկ են, մեր թիկունքն են, մեր օգնականը։ Սաթենիկս 11 տարեկան է, Մարիամս՝ 10, Նազելիս՝ 9։ Սրանք էլ այնքան խելոք են ու կազմակերպված, որ մի բան էլ փոքրիկներին են խնամում։ Սառաս 6 տարեկան է, Արմինես՝ 5, Էսթերս՝ 4, Սամուելս՝ 2, Մելինես՝ 1… Այնքան սիրուն են իմ երեխաները։ Նայեք նկարները, լույսի կտոր են։ Երբ 15 հոգով սեղան ենք նստում, տունս լցվում է օրհնությամբ, խնկահոտով… Փառք Տիրոջը, երեխաներս առողջ են, ամուր, պինդ, խելացի… Երբ ուրիշները տրտնջում են, թե երկու-երեք երեխա դժվարությամբ ենք պահում (մրսում են, հիվանդանում են), ես փառք եմ տալիս Աստծուն… Եկեք-տեսեք՝ ոնց եմ պահում երեխաներիս՝ բոլորը կոկիկ, մաքուր։ 12 երեխա մի տան մեջ, մեկը բարձր ձայնով չի խոսում։ Տատիկին պաշտում են։ Սկեսուրս հիվանդացել էր, որոշ ժամանակ անկողնուց չէր կարողանում բարձրանալ, երեխաներս մրցում էին, թե ով է խնամելու տատիկին։ Անհամեստ չհնչի, ինչ տեսել, այն էլ սովորել են։ Ես էլ, ամուսինս էլ ծնողապաշտ ենք։ Ես ամեն ինչ արել եմ, որ երեխաներս մարդասեր լինեն։ Ամեն ինչ մարդասիրությունից է սկսվում։ Բոլոր սերերի հիմքը մարդասիրությունն է։ Երբ տղայիս բանակ էի ճանապարհում, ասացի՝ Բաղդասար ջան, մորից-հարազատներից կտրված երեխեք են, հաշվիր՝ քո եղբայրներն են, եղբայր եղիր բանակային ընկերոջդ համար, օգնիր ինչով կարող ես։ Մեկ էլ ասացի՝ հնազանդ եղիր սպաների խոսքին։ Սպան զինվորի վատը չի ուզի։ Մոր համար կա՞ ավելի մեծ երջանկություն, երբ զորամասի խոհարարը (Ալիսան) զանգում է ու ասում՝ դու էս ի՞նչ լավ որդի ունես… Երբ հրամանատարը ամուսնուս ասում է՝ Բաղդասարի նման խելացի, աշխատասեր ու ազնիվ զինվորներ մեզ շատ են պետք… Ավագ լեյտենանտ Վարազդատ Կիրակոսյանը ասում է՝ արդեն 7 տարի բանակում եմ, քեզ նման զինվոր չեմ տեսել, Բաղդասար ջան…

…Ինչպե՞ս են մարդիկ իրենց երեխաներին մանկատուն տանում… կամ ինչպե՞ս են ընդհատում հղիությունը։ Մի բան ասեմ՝ գրեք էլի, շատ եմ խնդրում… Մանկատունը դեռ ոչինչ, բայց… հղիություն ընդհատելը մանկասպանություն է… Այդ չծնված երեխան մի քանի ամիս հետո նայելու էր քեզ իր աչուկներով, ժպտալու էր, մեծանալու էր… Եթե չեք ուզում պահել ձեր երեխային, տվեք ինձ, ես կպահեմ։ Շատ լավ կպահեմ։ Եկեք-տեսեք՝ իմ երեխաները կուշտ են, մաքուր, երջանիկ… Շուտով բնակարանս կմեծացնեմ, նոր սենյակներ կավելացնեմ։ Մեր նախարարը՝ Սեյրան Օհանյանը, խոստացավ օգնել… Աստված շատ չհամարի, ինձնից բախտավոր կին չկա աշխարհում։ Ոչ մի բանի պակաս չունեմ։

ԲԱՂԴԱՍԱՐ ՄԵԼՔՈՆՅԱՆ. ԵՍ ԼԱՎ ԶԻՆՎՈՐ ԵՄ

Ես դպրոցում գերազանցիկ եմ եղել։ Բայց բուհ չդիմեցի, մտածեցի գնամ բանակ, զինվորական պարտքս կատարեմ, հետո հանգիստ խղճով շարունակեմ կյանքս… Համ էլ վստահ էի, որ բանակից հետո ավելի ճիշտ կկողմնորոշվեմ մասնագիտություն ընտրելիս։ Արդեն որոշված է՝ զինվորական եմ դառնալու։ Անկեղծ ասած, զինծառայությունից առաջ էլ էի հետաքրքրվում ռազմարվեստի պատմությամբ, ռազմական գործիչներով։ Անգիր գիտեմ բոլորի կենսագրությունը, բազմաթիվ գրքեր եմ կարդացել մեծ զորականների մասին, հռչակավոր ճակատամարտերի մասին։ Զինծառայության 3 ամիսները բավական էին, որ հասկանամ, թե որ ասպարեզում կկարողանամ լավագույնս դրսևորել ինձ։ Շատ եմ սիրում բանակային կյանքը, զինվորական գործը։ Երբ ես սպա դառնամ, շատ լավ եմ վերաբերվելու իմ զինվորներին, շատ եմ սիրելու, եղբոր, ընկերոջ նման միշտ կանգնելու եմ նրանց թիկունքին, օգնելու եմ։ Սպաների գործը շատ դժվար է, բայց և՝ շատ շնորհակալ։ Զինվորը երբեք չի մոռանում լավ սպային, որը դժվար պահին կողքին է եղել, գոտեպնդել է։ Ինչո՞ւ եմ ասում՝ սպաների գործը դժվար է, որովհետև պիտի կարողանաս լեզու գտնել տարբեր ընտանիքներից եկած, տարբեր դաստիարակություն ստացած, տարբեր բնավորությամբ զինվորների հետ։ Գիտեք, զինվոր կա, որ սպայի բարյացակամությունը թուլություն է կարծում ու փորձում է չենթարկվել։ Զինվոր կա՝ միայն ուժն է հասկանում, մինչև ուժ ցույց չտաս, չի ենթարկվի։ Սպան պիտի կարողանա գլուխ հանել…

Ես լավ զինվոր եմ։ Լավ զինվոր լինելը դժվար չէ։ Պիտի հրամանները կատարես ժամանակին և ճիշտ։ Պետք է հարգալից լինես ընկերներիդ հանդեպ։ Եվ պիտի զորամասը քո տունը համարես, սրտացավ լինես։ Երբ ես վերակարգի էի ճաշարանում, մինչև ուշ երեկո և վաղ առավոտյան այնպես մաքրեցի իմ հատվածը, որ պարզապես մաքրությունից փայլում էր։ Հրամանատարից բարեխիղճ ծառայության համար խրախուսանք ստացա։ Երակների լայնացում ունեմ, հրամանատարներս անընդհատ ասում են՝ ծանր գործ մի՛ արա, ծանր գործ մի՛ արա։ Ուզում եմ վիրահատվեմ, առողջանամ, որ կարգին ծառայեմ։ Ես անընդհատ ինչ-որ բան եմ նախաձեռնում… Հիմա որոշել եմ եղեռնի 100-ամյակին ընդառաջ պատի թերթ պատրաստել…

Շատ ուրախ ու հպարտ էի, որ մասնակցեցի պաշտպանության նախարարությունում կազմակերպված միջոցառմանը։ Պարոն Սեյրան Օհանյանին մոտիկից տեսա, նա սեղմեց ձեռքս, ձեռքը դրեց ուսիս։

Երազում եմ այն օրը, որ սպայի համազգեստ կհագնեմ, ուսադիրներով, աստղերով… Հետո, երբ տուն և աշխատանք ունենամ, կամուսնանամ մի լավ աղջկա հետ, որը խելացի է, լաչառ չէ ու սիրում է աշխատել։ Շատ երեխաներ եմ ունենալու, մեծ ընտանիք ու երբեք չեմ հեռանալու իմ հայրենիքից։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1032) 17.04.2014 – 23.04.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


17/04/2014