ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ
Օրերս Նոր Նորք վարչական շրջանի ուսումնական հաստատությունների միջև անցկացվեց կրակային պատրաստությունից հուշամրցաշար՝ նվիրված սպարապետ Վ. Սարգսյանի ծննդյան 55-ամյակին։
Միջոցառման նպատակը նախազորակոչային տարիքի աշակերտների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակություն, բանակ-հասարակություն կապի ամրապնդումն էր։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Ա. Ուլիխանյանի, Նոր Նորք և Ավան վարչական շրջանների ավագ զինղեկ, կապիտան Գ. Գևորգյանի, համայնքների զինղեկների խորհրդի ջանքերով կազմակերպված հուշամրցաշարը անցկացվել էր ներդպրոցական, համայնքային և պարգևատրման փուլերով։ Վերջին փուլի բացումն սկսվեց պետական դրոշի ներսբերումով և օրհներգի հնչեցմամբ։ Հաշվետու զեկույցով հանդես եկավ ավագ զինղեկ Գ. Գևորգյանը։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նվագախմբի ելույթից հետո բեմը տրվեց թիվ 159 ավագ դպրոցի սաներին, որոնք էլ ներկայացրին սպարապետի անցած ուղին։ Մրցաշարում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված թիմերը պարգևատրվեցին գավաթներով, հավաստագրերով և մեդալներով։ Անհատական հաշվարկով «Ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում», «Հրաձգություն օդաճնշիչ հրազենից և մենամարտ վարժասարքից» մրցաձևերից հաղթողները նույնպես պարգևատրվեցին մրցանակներով։
Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանը, ինչպես նաև քաղաքապետարանի հանրակրթության բաժնի աշխատակիցներ, երկրապահներ և այլք։
ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ
կապիտան