Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՒՅՆ ՄԵԴԱԼԻ ԵՐԿՈՒ ԵՐԵՍԸ



Երեկ այդ զանգից հետո համոզվեցի, որ այս գիշեր նույնպես չեմ քնելու: Անքնությունը՝ սպիտակ ու փափուկ, փաթաթվելու է աչքերիս ու սեղմելու է աննկատելի:

Չէ՛, բարեբախտաբար վատ բան չէր կատարվել: Նախօրեին հեռախոսազանգ էի ստացել. «Հայ զինվոր» թերթի խմբագրությունից, որ ես արժանացել եմ ՀՀ պաշտպանության նախարարության «Զորավար Անդրանիկ» գերատեսչական մեդալի:

-Ի՞նչ,- ականջներիս չհավատալով, փորձել էի ճշտել լուրը:

-Դուք արժանացել եք պաշտպանության նախարարության մեդալի,- իր զինվորական պարզ ու հատու ձայնով նորից կրկնել էր զրուցակիցս:

-Ախր ես զինվորական չեմ,- արդարանալու պես ասել էի ես,- ես մարտական գործողությունների չեմ մասնակցել,- փորձել էի պաշտպանվել կամ արդարանալ՝ մտածելով, թե հաստատ սխալ է տեղի ունեցել:

-Դուք պարգևատրվել եք մեր թերթում տարիներ շարունակ Ձեր հրապարակած հոդվածների ու պատմվածքների համար:

-Բայց ես…

-Վաղը համեցեք խմբագրություն, կզրուցենք…

Եվ ես հասկացել էի, որ այս գիշեր նույնպես չեմ քնելու: Չէ՛, ուրախությունից չէ, ես վաղուց դուրս եմ եկել այն տարիքից, որ պարգև ստանալու համար ուրախանամ ու անքնությամբ տառապեմ: Անքնությունը հիմա կա իմ կյանքում որպես իրողություն կամ ներկայություն, որից որքան փախչում ես, այնքան ավելի է հետապնդում քեզ: Բայց ահա լուրը…

Ասեմ՝ հաճելի, չէ՛, ստած կլինեմ, հաճելի է, երբ արածդ գնահատում են:

Եվ գիշերը ձգվում է տարվա, չէ, ինչ տարի, տարիների կամ մի երկու տասնամյակի չափ:

…Օրերը մութ էին ու ցուրտ: Լույս չկար, ջեռուցում չկար, ջրերը սառած էին, տները՝ սառած, և այդ ամենը ձգվում էր չար մի հեքիաթի մղձավանջի պես, բայց չմոռանանք շեշտել, որ դրանք նաև հերոսական օրեր էին մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի համար: Մեր տղաներն ազատամարտիկի անուն ու շապիկ հագած՝ սահման ու հայրենիք էին պաշտպանում, տուն ու պատմություն էին պաշտպանում, նաև պատմություն էին կերտում: Ես շրջանային թերթի թղթակից՝ տառապում էի ցրտից, հերթական համարը ժամանակին ընթերցողին հասցնելու մտահոգությունից և մտքիս մեջ փայփայում էի մի օր ընտանիքիցս գաղտնի կռիվ գնալու միտքը…

Հոդվածներ էի գրում, դաս էի տալիս, զավակ էի մեծացնում և դիմագրավում էի ցրտին, ժամանակին ու դժվարություններին, ինչպես բոլորը: Ու մի օր երևանցի ընկերներիցս մեկը հարցրեց.

-Գիտե՞ս, որ «Հայ զինվոր» թերթ կա: Ինչո՞ւ հոդված չես ուղարկում:

Հիմիկվա նման չէ՝ կոճակը սեղմում ես, ու գրածդ նյութը, նկարը, լուրը… մի վայրկյան անց հայտնվում է «լարի» մյուս ծայրում: Ձմեռ էր, ցուրտ ու անհրապույր, անտաք բնակարաններով, մոմի բեկբեկուն լույսով: Գրամեքենայի սառած ստեղների վրա մի կերպ տկտկացրի հերթական հոդվածը և ուղարկեցի «Հայ զինվորի» խմբագրություն: Խմբագիրը լուսահոգի Վրեժ Իսրայելյանն էր: Հենց հաջորդ համարում տպագրեց, և այդպես սկսվեց մեր համագործակցությունը: Հետո պատմվածքներ տպագրեցի, որոնցից մեկը մրցանակ ստացավ:

Զանգահարեցի՞ն, թե՞ մեր նույն միջնորդ ծանոթի միջոցով լուր ուղարկեցին, չեմ հիշում.

-Քո «Վերջին մարտը» պատմվածքը հատուկ մրցանակի է արժանացել, արի դրամդ ստացիր:

-Չի՞ լինի, որ ուղարկեք,- ասացի,- էս եղանակին, էս անտրանսպորտ երկրում ինչպե՞ս հասնեմ Երևան:

-Չէ՛,- ասացին,- դու պիտի գաս, ստանաս:

Գնացի չխկչխկան ավտոբուսով: Երևան-Սևան ճանապարհն անցա երկու ժամում: Հիմա հիշում եմ, որ Շրջանայինից մինչև Կրկես, որի մոտակայքում էր գտնվում խմբագրությունը, ոտքով գնացի: Ինչո՞ւ: Տրանսպորտ չկար նաև Երևանում: Տրոլեյբուսները, տրամվայները, ավտոբուսները կանգնած էին ձյունի տակ՝ առասպելական կենդանիների նման: Ձյունը շալակել ու կանգնել էին՝ սպասումով: Սպասում էին գարնան գալուն, սպասում էին հաղթանակին, սպասում էին լավ օրերի:

Հետո էլի զարմանալի ու հետաքրքիր օրեր եղան թղթակցի իմ կյանքում: Ես «Հայ զինվորի» հաստիքային աշխատողը չէի, այն ժամանակ նույնիսկ մտքիս ծայրով էլ չէի կարող անցկացնել, որ մի օր գնահատելու են նաև իմ փոքրիկ վաստակն ու…

Ես գրում էի, որովհետև չգրել չէի կարող: Ինձ Վրեժը համոզեց, թե իմ կռիվ գնալուց հայրենիքը հաստատ չի շահի, բայց մեր մտավոր հունձքը գուցե թե պակաս լինի: Ախր, նա լավ գիտեր, որ ես եթե զինվոր եմ, ապա՝ մտքի, և իսկական մարտադաշտում դժվար թե հերոս դառնամ…

Գրում էի, քանի որ սիրում էի բանակը, գրում էի, քանի որ ամեն մի որդեկորույս մայր իմ քույրն ու իմ մայրն էր այդ պահին: Եվ մեր հաղթանակներով ուրախանում էի, քանի որ չուրախանալ չէի կարող:

Հետո, երբ արդեն բանակը կայացել էր, ու կարծես թե իմ կարիքն այլևս չկար, հետ քաշվեցի, մանավանդ որ գրականությունն ինձ կլանեց ամբողջովին, ու սկսեցին մեկը մյուսի հետևից լույս տեսնել գրքերս:

Եվ ահա, խմբագրի ձայնով ինձ հրավիրում են իմ հին բարեկամների մոտ:

Գնացի, ինչպես հին ու բարի ժամանակներում: Եվ զարմանալին այն էր, որ ոչինչ չէր փոխվել կարծես թե: Չէ, տղաները մի քիչ ավելի ծերացել էին, մազերը մի քիչ ավելի ճերմակել էին, մի քիչ ավելի լցվել էին, և ուսադիրների վրա նոր աստղեր էին ավելացել: Ինձ համար այդ աստղերը, անշուշտ, նրանց ծառայության ու նվիրումի արտացոլանքն ունեին, բայց իմ ներսում նրանք էլի նույնն էին՝ նվիրված, գրչի ծառա և հայոց բանակի ամեն մի բարի ու գեղեցիկ քայլն արձանագրող:

Գիշերն ի լույս մտովի մի անգամ էլ կամուրջ գցեցի ժամանակների միջև և մի անգամ ևս հասկացա, որ հաղթանակը կերտվեց ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև թիկունքում, երբ մեր լուսավոր ու մտացի շատ գլուխներ գրչով, մտքով, սրտով թիկունք եղան մեր բանակին, և նաև նրանց շնորհիվ է, որ մեր բանակը դարձավ առնական ու պինդ:

Թող անհամեստություն չհամարվի, եթե ասեմ, որ իմ կյանքի ընթացքում բազում պատվոգրեր ու խրախուսանքներ եմ ստացել, բայց այս մեկն ուրիշ է: Ինչո՞ւ: Մի պարզ պատճառով՝ գնահատանք ու հիշողություն է պարունակում:

Մի կարևոր ճշտում ևս. բոլոր մեդալները, իսկ ինձ համար այս մեկն առավել ևս, երկու երես ունեն՝ պատիվ և պատասխանատվություն:

Հրաչ Բեգլարյան

Խորագիր՝ #14 (1032) 17.04.2014 – 23.04.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


17/04/2014