ՎԱՇՏԸ ԶՈՐԱՄԱՍԻ ՈՂՆԱՇԱՐՆ Է
Գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող տանկային զորամասը 2013թ. արդյունքներով հաղթեց ԶՈՒ «Լավագույն տանկային զորամաս» մրցույթում և երկրորդ անգամ անընդմեջ տիրացավ փոխանցիկ Պատվադրոշին։ Հաջողությունն օրինաչափ էր և սպասելի։
Բոլորովին չզարմացա, երբ իմացա, որ տանկային զորամասերի մեջ, ինչպես 2012թ. ուսումնական տարում, այնպես էլ 2013թ.-ին, լավագույնի կոչմանն արժանացել է գնդապետ Ժիրայր Պողոսյանի զորամասը: Իրոք, այն այսօր զորատեսակի կազմում (և գուցե նաև ամբողջ բանակում) կարծես մրցակցությունից դուրս է, և ամենևին էլ ոչ այն պատճառով, որ ի վիճակի է «ձեռքի թեթև մի շարժումով» խորտակելու ցանկացած պաշտպանություն, այլ որ այստեղ մարդկային հարաբերությունները խարսխված են նախևառաջ փոխադարձ հարգանքի, փոխօգնության վրա, որից հետո միայն՝ զինվորական օրենքների ու կանոնադրությունների պահանջների:
Բնականաբար, ինչպես տան գլխավորն է ընտանիքում կատարում աշխատանքի բաժանում ու կարգուկանոն մտցնում, այնպես էլ հրամանատարն է իր աշխատաոճով, հարցերի լուծման իր մոտեցումներով, անձնական օրինակով ներազդում անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման վրա:
Գնդապետ Ժ. Պողոսյանի համար սկսած գործը հաղթական ավարտին հասցնելը կյանքի նպատակ է՝ կենսակերպ, քանի որ համոզված է՝ վերջնական հաջողության հասնելու համար պետք է ամեն օր աշխատել, աշխատել ոչ միայն մասնագիտական որակավորման բարձրացման, այլ նաև շարքերի ամրապնդման ուղղությամբ, և որ ծառայության ընթացքում սպան պետք է դողա զինվորի, զինվորը՝ սպայի կյանքի վրա, իսկ ռազմադաշտում հրամանատար-ենթակա հարաբերություններում պետք է գործի «միասին, հանուն հայրենիքի» նշանաբանը: Նա ամեն ինչ անում է սպաներին համոզելու, որ կյանքում ճիշտ ընտրություն են կատարել և կարող են իրենց անբասիր ծառայությամբ ապահովել և՛ երկրի անվտանգությունը, և՛ իրենց մասնագիտական-ծառայողական առաջխաղացումը: Զորամաս եկող նոր սպաները շատ շուտ են գիտակցում, որ իրենք պարտավոր են ամեն օր և ամեն ժամ զինվորի կողքին լինել, ժամանակին նկատել ու նշել յուրաքանչյուրի բարեխիղճ ծառայությունը, համարձակորեն խրախուսել նրանց ու ներկայացնել պարգևատրման:
-Չկա կարգապահ զինվոր, որ գոնե բարի խոսքի, շնորհակալության չարժանանա,- ասում է հրամանատարը:- Ես թույլ չեմ տա, որ պահանջկոտությունն ու կոպտությունը մեկտեղվեն, դրանք տարբեր բաներ են: Հրամանատարը պետք է լսելու ունակություն ունենա: Նա պիտի իր զինվորին խոսքի մեջ արտահայտվելու, գործում ինքնադրսևորվելու հնարավորություն տա: Եթե մարդկային պարզ մթնոլորտ չստեղծես, ապա ո՛չ երիտասարդ զինվորը, ո՛չ տարեց մարդը քեզ հետ չի անկեղծանա, չի «բացվի», կմտածի, որ դու ոչ թե սրտանց ես ուզում իրեն օգնել, այլ պարզապես ձևական, պլանային միջոցառում ես անցկացնում: Իսկ երբ քո ենթական՝ լինի սպա կամ զինվոր, համոզվեց, որ դու անկեղծ ես իր հետ ու միաժամանակ գործով ես արդարադատ, վե՛րջ, դու նրա համար այլևս ոչ միայն հրամանատար ես, այլև հարազատ մարդ, հայր կամ մեծ եղբայր: Բանակը միշտ համալրվում է, գալիս են նոր, անծանոթ մարդիկ, և ճիշտն այն է, որ դու քեզ բարձր չդասես ոչ մեկից, հարկավոր է ինչ-որ տեղ որպես հավասարը հավասարին մոտենալ շարքայինին, շփվել, զրուցել հետը, պարզել՝ անհանգստացնող խնդիրներ ունի՞-չունի՞, ի՞նչ նախասիրությունների տեր է, ընտանիքում անհանգստացնող հարցեր կա՞ն, թե ամեն ինչ կարգին է, հետևել, թե գործն ինչպես է անում, խորհուրդներ տալ: Գուցե մարդուն անհատական մոտեցում է պետք: Իհարկե, մենք առաջնորդվում ենք հրամաններով, կատարում ցուցումներով տրված հանձնարարությունները` լավերից լավագույններին է տրվում դրոշը բարձրացնելու պատիվը:
Եվ ես հավատում եմ գնդապետ Ժ. Պողոսյանին: Նա պարզ անձնավորություն է, ուղղամիտ, մարդամոտ:
FFF
Զորամասը տիպային նորակառույց չէ, բայց շենքային պայմանները ճիշտ են օգտագործվում: Զորանոցները կահավորված են ու ձևավորված ճաշակով՝ բանակային պահանջներին համապատասխան: Նկատելի է սերժանտական խորհրդի, հասարակական ակտիվների աշխատանքը: Տարածքում, մեքենայական պարկում մաքրություն է, կարգուկանոն: Մարզավանը, խաղադաշտերն ու խաղահրապարակները բարեկարգ են: Շտաբում և զորանոցներում պատշաճ աշխատասենյակներ, աշխատապայմաններ ունեն նաև սպաները:
Ինչպես հրամանատարը, այնպես էլ մյուս սպաները նշեցին, որ, որպես կանոն, ուսումնական զորամասից ստացվող համալրումն ունենում է մասնագիտական բարձր որակավորում: Նրանք գալիս են նաև ֆիզիկական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությամբ, ինչի շնորհիվ հետագա աշխատանքներում նրանց հետ դժվարություններ չեն լինում:
FFF
Գնդապետի հետ խոսեցինք նաև անցած ուսումնական տարվա ծրագրերի իրականացման, պլանային ու արտապլանային միջոցառումների, վաշտային, գումարտակային, հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին: Հրամանատարը նշեց, որ տանկային անձնակազմերից մեկը ՌԴ-ում մասնակցել է տանկային բիաթլոնի (երկամարտի): Այդպիսի մրցումներ գումարտակների միջև հաճախակի են անցկացվում, որի նպատակը տանկիստների մասնագիտական հմտությունների կատարելագործումն է: Արտապլանային միջոցառումներից առանձնացրեց աշնանը մարտական տագնապով զորամասի դուրսբերումը կենտրոնացման շրջան, անձնակազմի ստուգումը, որից հետո գումարտակներից մեկն ընդգրկվեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության մեջ: Զորամասի գումարտակներից մեկի կազմով անցկացված զորավարժությունը շատ բարձր են գնահատել համապատասխան մասնագետները: Անցած տարի զորամասի ստորաբաժանումները նաև կարճատև մարտական հերթապահություն են կատարել: Եղել են մարտունակության աստիճանը ճշտող և դրան նպաստող մի շարք այլ միջոցառումներ, զորավարժություններ:
-Այժմ մենք չունենք որևէ սպա, որը չունենա բարձրագույն ռազմական կրթություն: Մեր առաջխաղացման և զարգացման ապագա հեռանկարը տեսնում ենք երիտասարդ սպաների մեջ և աջակցում ենք դասակների, վաշտերի հրամանատարներին` մեր հիմնական գործը անողներին, հրամանների անմիջական կատարողներին: Բոլոր այն բարձրաստիճան սպաները, որոնք ժամանակին եղել են կրտսեր ու միջին օղակների հրամանատարներ, այս ամենը լավ են գիտակցում և պատրաստակամությամբ մասնակցում են սեմինարներին, գործնական պարապմունքներին: Ես միշտ ասում եմ՝ գլխավորը վաշտի հրամանատար պատրաստելն է, որովհետև վաշտը զորամասի ողնաշարն է, հիմնական խնդիր կատարողը: Կայացած վաշտի հրամանատարն ինքը կարող է իր դասակների և ջոկերի հրամանատարների հետ հաջողությամբ աշխատել:
Խոսելով կարգապահության, ռազմական ոստիկանության հետ համատեղ աշխատանքի մասին՝ գնդապետ Ժիրայր Պողոսյանն ասաց.
-Նրանք իրենց պլանային միջոցառումներն են իրականացնում: Համագործակցում ենք ըստ անհրաժեշտության: Եթե խնդիրներ են ծագում, հրավիրում ենք և միասին աշխատում: Ինչպես մեր, այնպես էլ ռազմական ոստիկանության աշխատակիցների նպատակն է՝ չունենալ կարգազանց զինվորներ: Չգիտեմ՝ մեր զորամասը սպասարկողնե՞րն են լավը, բայց իրականությունն այն է, որ նրանք բոլորն էլ բանակի, մեր բոլորի հոգսերով ապրող ազնիվ մարդիկ են: Ես կարող եմ ասել, որ կարգապահության ոլորտի բոլոր ուղղություններով նախորդ տարվա համեմատ ցուցանիշները զգալիորեն բարելավվել են, եթե այս տարի էլ այդպիսի առաջընթաց ունենանք, ապա շատ լավ կլինի:
FFF
Ձմեռային ուսումնական փուլը կես է եղել: Զորամասերն սկսում են անցկացնել ճամբարային հավաքներ, զորավարժություններ: Նրանք կրկին ու կրկին պատրաստվում են, ստուգում իրենց հնարավորությունները: Օրերս անցկացված զորավարժությունը ցույց տվեց, որ տանկիստներն ուսումնական փուլն սկսել են հաջողությամբ և ինչպես միշտ այժմ էլ ի վիճակի են իրականացնելու ամենաբարդ մարտական խնդիրները:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան