ՊԱՀԱՆՋ ԵՎ ԵՐԴՈՒՄ
20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մեջ կատարված ամենածանր ու զարհուրելի ոճրագործություններից է:
Համաշխարհային պատերազմը պատեհ առիթ համարելով` Օսմանյան Թուրքիան գործի դրեց հայության բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը` հայ ժողովրդին պատճառելով անլուր տառապանքներ, մարդկային ու նյութական ահռելի կորուստներ: Մարդատյաց վայրագ մոլուցքով իրագործված զանգվածային կոտորածներին զոհ գնաց ավելի քան 1,5 միլիոն հայ: Արեւմտյան Հայաստանը հայաթափվեց, հայ ժողովուրդը հայրենազրկվեց, խաթարվեց նրա բնապատմական ընթացքը: Մահվան օրհասից փրկված եւ աշխարհի չորս կողմերում հայտնված հարյուր հազարավոր հայեր կրեցին գաղթականի դառը ճակատագիրը:
Կատարվածը ոչ միայն հայության, այլեւ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Այն վաղեմության ժամկետ չունի, երբեւէ պետք է դատապարտվի, եւ հայ ժողովուրդն արդար հատուցում պետք է ստանա:
Աշխարհի ավելի քան քսան պետություն եւ միջազգային կազմակերպություններ, արդարության հիմնարար գաղափարին հավատարիմ, ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Մինչդեռ Թուրքիան, ապաշխարելու եւ իր մեղքը քավելու փոխարեն, շարունակում է անբարո ժխտողականությունը: Քանի դեռ Թուրքիան չի ապաշխարել, ոճրագործի խարանը մնալու է նրա ճակատին:
Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ
Կանցնի եւս մեկ տարի, եւ կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ժամանակն անզոր է մոռացության մատնելու սոսկալի ոճիրը: Ոչինչ չի մոռացվել եւ չի մոռացվելու, հայ ժողովուրդը երբեք էլ չի լռելու: Չպատժված հանցագործությունից ծնվում են նորերը: Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի, Նախիջեւանի, Քեսաբի հայության ջարդերն ու հալածանքները ցեղասպանության մերօրյա ոճիրներ են եւ հայակործան նախկին ծրագրերի շարունակությունը:
Մենք մերժում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում դրսեւորվող շահախնդիր մոտեցումները եւ գործուն մասնակցությամբ պետք է սատարենք գործընթացն առաջ տանելուն նպատակաուղղված բոլոր ջանքերին: Դասեր քաղելով պատմությունից՝ պետք է զորացնենք մեր ազգային միասնականությունն ու ինքնապաշտպանական ներուժը: Միշտ պետք է հիշենք, որ լիակատար բնաջնջումից հայությունը փրկվեց նախեւառաջ անձնուրաց ինքնապաշտպանության եւ իր բացառիկ տոկունության շնորհիվ, եւ որ Արցախյան գոյամարտում տարած հերոսական հաղթանակն իր ուժին ապավինելու հայ ժողովրդի իրատեսության արգասիքն է:
Ուստի արդարության մեր պահանջը ներկայացնելու հետ մեկտեղ պետք է ներքուստ երդվենք չթողնել, որ անցյալի արհավիրքները կրկնվեն, եւ հայության իրավունքները ոտնահարվեն:
Այդ նկատառումով եւ մեր միակամությունն արտահայտելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը նախաձեռնում է համացանցային համահայկական ստորագրահավաք խորհրդանշական կարգախոսի ներքո.
«1,5 միլիոն ձայն` ընդդեմ ոճիրի,
1,5 միլիոն զինվոր` եթե պահանջվի»:
Կոչ ենք անում բոլորին մասնակցել ստորագրահավաքին:
Պահանջե՛նք եւ երդվե՛նք:
ՀՀ պաշտպանության նախարարին
առընթեր հասարակական խորհուրդ
Խորագիր՝ #15 (1033) 24.04.2014 – 30.04.2014, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն