Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՍՐՏՈՒՄ



Լիբանանահայությունը հայկական ամենաավանդական, ամենակազմակերպված համայնքներից է։ Լիբանանի տարածքում հայերը բնակվել են հնագույն ժամանակից, սակայն առավել մեծ հոսքը նկատելի է հատկապես Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ հազարավոր հայերի խլյակներ, թուրքական ջարդերից փրկվելով, ապաստան գտան արաբական այս պետությունում։

Ժամանակի ու իրադարձությունների թելադրանքով և պարտադրանքով՝ համայնքը մեկ ստվարացել է, մեկ նոսրացել։

Լիբանանահայության առջև ծառացած խնդիրների մասին է մեր զրույցը «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։

-Պարոն Գանտահարյան, ժամանակի ընթացքում հայերը Լիբանանում կարողացան ստեղծել ծաղկուն, ազգային և հայրենասիրական շունչ ու բաբախով լեցուն կենսունակ մի գաղթօջախ։ Նրանք իրենց աշխատասիրության շնորհիվ զգալի ներդրում են ունեցել Լիբանանի զարգացման և բարգավաճման գործում։ Այսօր շատ հայերի կարող ենք տեսնել տարբեր բարձր պաշտոններում։ Իհարկե, փաստերը շատ խոսուն են, այդուհանդերձ, Լիբանանում ի՞նչ վերաբերմունք է գերիշխում հայերի նկատմամբ։

-Նախ նշեմ, որ Լիբանանը միջհամայնքային համակարգի վրա կառուցված երկիր է, այստեղ կա յոթ գլխավոր համայնք՝ մահմեդականների և քրիստոնյաների՝ որոշակի շերտավորումներով, որոնցից մեկն էլ հայ համայնքն է, որն իր ակտիվ մասնակցությունն ունի պետական և հասարակական կյանքում։ Այստեղ հայերի նկատմամբ բացասական վերաբերմունք չկա, ավելին՝ ակնհայտորեն հարգալից վերաբերմունք է իշխում, որովհետև մեր երեք ավանդական կուսակցությունները (Հայ հեղափոխական դաշնակցություն, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան և ռամկավար-ազատական) միասնաբար խոհուն, շրջահայաց և հեռատես որոշում են կայացրել՝ չներքաշվել ներլիբանանյան կոնֆլիկտների մեջ և քաղաքական դրական չեզոքություն են որդեգրել:

-Լիբանանն աչքի է ընկնում բնակչության էթնիկ ու կրոնադավանական բազմազանությամբ, ինչի պատճառով էլ մշտապես փոքր ու մեծ ընդհարումներ են տեղի ունենում։ Այս ներքին և արտաքին ցնցումների, սպառնալիքների ներքո շատ հաճախ դժվար է պահպանել ինչպես ֆիզիկական անվտանգությունը, այնպես էլ ազգային դիմագիծը։

-Օտար միջավայրում, օտար բարքերի մեջ, բնականաբար, դժվար է պահպանել ազգային ավանդույթները, լեզուն։ Լիբանանի հայ համայնքը նույնպես կանգնած է այն մարտահրավերների առջև, որոնք բնորոշ են հայկական սփյուռքին: Սակայն, հարկ է նշել, որ միջինարևելյան երկրներում հայկականությունը ավելի կպահպանվի, ավելի կենսունակ է. ձուլումները ավելի դյուրին են նույնադավ, նույնակրոն երկրներում։ Լիբանանում հայկականության պահպանմանը նպաստում է նաև համախումբ ապրելը՝ հայկական թաղամասերի հայաշունչ կենսակերպը։ Մեծ դեր ունի նաև աշխարհագրական առումով հայաստանամերձ լինելը:

Լիբանանը միշտ էլ համարվել է սփյուռքի ամենաաշխույժ, ամենակազմակերպված և ազգային դիմագիծը պահպանած համայնքը։ Հայերն այստեղ ունեն իրենց բազմաթիվ հոգևոր, մշակութային, մարզային, հայրենասիրական և բարեգործական կազմակերպությունները, կրթարանները, որոնց գործադաշտը դուրս է գալիս համայնքային շրջանակներից, ու բնավ էլ պատահական չէ, որ Լիբանանը համարում են սփյուռքի մայրաքաղաք։ Լիբանանում են գործում հայ ավանդական երեք կուսակցությունների կարևոր մասնաճյուղերը, այստեղ են գտնվում բոլոր երեք դավանանքային շերտերի՝ հայ առաքելականների, կաթոլիկների և ավետարանականների կենտրոնական ղեկավար կառույցները՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը (Անթիլիաս), Հայ Կաթողիկե պատրիարքարանը (Զմմառ), Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միությունը (Բեյրութ), որոնք ևս ունեն համասփյուռքյան նշանակություն։ Լիբանանում է գտնվում նաև սփյուռքի միակ համալսարանը՝ Հայկազյանը։ Մամուլը նույնպես այստեղ ունի իր հարուստ ավանդույթները և այն տարածվում է մերձավորարևելյան և եվրոպական երկրներում:

Մեր երիտասարդությունը ակտիվորեն ներգրավված է ազգային կառույցների գործունեության մեջ։ Անչափ կարևորում ենք երիտասարդների շրջանում պատմական հիշողության պահպանումը, ազգային գիտակցության ամրապնդումը։ Մեծ աշխատանքներ են կատարվում նրանց հայրենիքին կապելու ուղղությամբ։ Եվ քանի որ երկքաղաքացիության օրենքն էլ արդեն գործում է, ինչո՞ւ չէ, կարծում եմ, որ սփյուռքի երիտասարդները ևս պետք է զինվորագրվեն։ Եթե ասում ենք, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, ուրեմն պետք է նաև ծառայելով մեր նպաստը բերենք. չէ՞ որ քաղաքացիությունը միայն իրավունքներ չէ, այլ նաև պարտականություն է ենթադրում՝ հայրենիքի պաշտպանության համար պետք է կրենք նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ: Կարելի է ծրագրել նախնական կարճաժամկետ վարժողական պարապմունքներ, սփյուռքի երիտասարդները գան հայրենիք, այցելեն զորամասեր, շփվեն ծառայող զինվորների հետ։ Ուզում եմ նաև անպայման շեշտել՝ այստեղի հայ երիտասարդն ապրում և շնչում է հայաստանյան իրադարձություններով։ Արցախյան պատերազմի հենց առաջին օրերին շատ շատերը եկան, մասնակցեցին ազատագրական պայքարին, որի ժամանակ, ցավոք, նաև նահատակներ ունեցանք՝ Վիգեն Զաքարյան (զոհվեց Լիսագորում), Մհեր Ջուլհաճյան (զոհվեց Մարտունիում)։ Մեր երիտասարդները մշտապես պատրաստ են առավելագույնը տալու հայրենիքին։

-Պարոն Գանտահարյան, եկեք մի փոքր էլ խոսենք սիրիական զարգացումներից։ Չե՞ք կարծում, որ սիրիահայության թուլացումը կթուլացնի նաև լիբանանահայությանը։

-Սիրիահայությունը ևս բավական կազմակերպված մեր ավանդական համայնքներից մեկն է և բավականին փոխկապված է Լիբանանի հետ։ Անշուշտ, այս ցնցումները մեծ հարված են սիրիական համայնքի համար, դրանք, բնականաբար, որոշակի առումներով կթուլացնեն նաև մեր համայնքը։ Անվտանգության երաշխիքների բացակայությունը լուրջ խթան է Սիրիայից հայերի արտագաղթի համար: Գաղութի թիվը բավականին պակասում է, ցանկալի կլինի, որ այդ հոսքը միայն դեպի մայր հայրենիք ուղղորդված լինի։

-Եվս մեկ տարի, և արդեն կնշենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվում Լիբանանում։

-Համայնքը ավանդաբար միասնականություն է ցուցաբերում համահայկական կարևորություն ունեցող խնդիրներին՝ ցեղասպանության ճանաչում, ԼՂ հիմնախնդրի կարգավորում, Հայաստան-Սփյուռք համագործակցության խորացում: Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմինը, որտեղ ներգրավված են երեք հայ ավանդական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, համակարգված և ակտիվ աշխատանք է կատարում ցեղասպանության միջազգային ճանաչման, պատմական ճշմարտության վերականգնման համար: Ապրիլի 24-ին մշտապես միասնական երթ, քայլարշավ է կազմակերպվում բոլոր կուսակցությունների եւ կազմակերպությունների մասնակցությամբ, տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ:

-Պարոն Գանտահարյան, «Ազդակը» սփյուռքի լավագույն լրատվամիջոցներից մեկն է։ Դուք որպես թերթի խմբագիր, ի՞նչ կմաղթեք մեր անառիկ սահմաններին կանգնած հայ զինվորին և ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին։

-Մեր սահմանին կանգնած զինվորներին խաղաղ երկինք եմ մաղթում, բարի ծառայություն և ողջ-առողջ վերադարձ հայրենի օջախ: Իսկ իբրև խմբագիր «Հայ զինվոր» թերթին մաղթում եմ ընթերցողների բանակի է՛լ ավելի ընդլայնում: Կցանկանայի, որ թերթը միայն խաղաղության մասին լուրեր հաղորդեր: Ամենայն զորակցություն եմ ցանկանում:

-Շնորհակալ եմ զրույցի համար, շնորհակալ եմ Ձեզ և մեր բոլոր այն հայրենակիցներին, որ օտար հողում, բազում դժվարություններ հաղթահարելով, կարողանում եք հավատարիմ մնալ Ձեր արմատներին ու թեև Հայաստանից հեռու, բայց ապրում եք հայրենիքով, և Հայաստանը միշտ ձեր սրտում է:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #15 (1033) 24.04.2014 – 30.04.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


23/04/2014