Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԻՋՈՅԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ



Պատմում է Ավետիք Շահնազարյանը

Մենք նրա անունը չմտապահեցինք: Պարզապես ասում էինք Իջո, որովհետև զորակոչվել էր Իջևանից: Մեր ծառայությունից անցել է մոտ 12-13 տարի: Ընկերներով երբ հանդիպում ենք, հիշում ենք մեր ընկեր Իջոյին և այս պատմությունը:

Ծառայում էինք Մռավի գեղատեսիլ բնության գրկում տեղակայված «Եղնիկներ» կոչվող զորամասում։ Առաջին անգամ պատրաստվում էինք բարձրանալ դիրքեր, երբ պարզվեց, որ Իջոն անհետացել է: Փնտրում էինք ամենուր՝ չկար ու չկար: Գիտեինք, որ դասակի՞, թե՞ վաշտի հրամանատարը Իջոյին փակել էր զուգարանում և մի քանի ժամ անց հայտնաբերել, որ Իջոն չկա: Այդպես փնտրում էինք ամեն օր: Ու մի օր էլ ասացին, որ «կամանդույուշին» գալիս է զորամաս: Հրամանատարությունն իրար անցավ՝ զորանոց, զինվորների հագուկապ, տարածք՝ ամեն ինչ կարգի էր բերվում: Զորամասի տարածք մտավ պաշտպանության բանակի հրամանատարի մեքենան: Այնուհետև մեքենայի հետևի դուռը բացվեց և, ով զարմանք, այնտեղից ո՞վ իջնի, որ լավ լինի՝ մեր Իջոն: Տեսնել էր պետք զինվորների ձիգ շարքերը ու մեր հիացական, ժպտուն հայացքները՝ ուղղված մեր ընկերոջը: Հագին սպորտային համազգեստ էր, տեսքը հրաշալի, թշերն էլ կարմրին էին տալիս:

-Ինձ մոտենան զինվորի անմիջական հրամանատարները,- խստորեն հրահանգեց ՊԲ հրամանատարը:

Երբ նրանք վազքով մոտեցան, լսվեց պաշտպանության բանակի հրամանատարի` Ս. Օհանյանի ձայնը.

-Մեղավորը պիտի պատասխան տա հայ զինվորի արժանապատվությունը վիրավորելու համար,- ասաց բանակի հրամանատարն ու դիմելով Իջոյի անմիջական հրամանատարին` ասաց,- Դուք այդ ուսադիրները կրելու պատիվն ու իրավունքը չունեք:

Հետո բարձրանալով ամբիոն՝ ողջունեց զինվորներին ու խոսեց: Զորքը հիացմունքից քարացել էր: Շատերս Ս. Օհանյանին առաջին անգամ էինք տեսնում և, հավատացած եմ, որ այդ օրը ով լսեց այդ բոցաշունչ խոսքը, երբեք այն չի ջնջվի նրա հիշողությունից: Խոսելով մեր պատմությունից, մեր հերոսամարտերից՝ ՊԲ հրամանատարը դիմեց զինվորներիս.

-Դո՛ւք եք նրանց արժանի հետնորդները, նրանց գործը ավարտին հասցնողները, ծառայեք արժանապատիվ և հիշեք՝ հայ զինվորի արժանապատվությունը ոտնահարողը պետք է պատժվի: Դուք ձեր պարտքը կատարեք բարեխղճորեն և իմացեք` հայ զինվորի արժանապատվությանը դիպչող մարդը գլուխը բարձր չի կարող քայլել:

Հավատացնում եմ` այդ այցից, ելույթից հետո զինվորների հոգեբանության մեջ աննկարագրելի փոփոխություններ տեղի ունեցան, ոգևորված էինք ու այդ ոգով էլ բարձրացանք մարտական դիրքեր: Ազատ ժամերին հարցնում էինք Իջոյին, թե էս ոնց եղավ, և Իջոն պատմում էր իր «ոդիսականը».

-Զուգարանի պատուհանից դուրս եկա ու մտա անտառ՝ ուղղություն վերցնելով դեպի Ստեփանակերտ: Մտքումս դրել էի հասնել Ստեփանակերտ, այնտեղից էլ Երևան: Երեք օր ու գիշեր գնում էի: Գիշերները բարձրանում էի ծառերի վրա, ցերեկները շարունակում էի ճանապարհս, սնվում էի բանջարեղենով, վայրի պտուղներով: Երբ հասա Ստեփանակերտ, հագուստս արդեն քրքրվել էր։ Մտա շուկա, որ մի բան ճարեմ-ուտեմ: Մեկ էլ ինձ մոտեցավ մի մարդ ու հարցրեց.

-Տղա՛ ջան, երևում է՝ քաղցած ես, ինչո՞վ կարող եմ քեզ օգնել:

-Հա, հոպար ջան, ճիշտ որ, քաղցած եմ, բայց մի խնդրանք ունեմ, ինձ տոմս առ, ուղարկիր Հայաստան,- պատասխանեցի ես,- հասնեմ թե չէ՝ փողը կվերադարձնեմ։

-Լավ, տղա՛ ջան, արի գնանք, հաց ուտենք, հետո կորոշենք, – առաջարկեց նա:

Արդեն մտերմացել էինք, ու ես ամեն ինչ պատմեցի: Ես չգիտեի, թե ով է իմ զրուցակիցը: Ինձ քնելու սենյակ հատկացրին, նոր զինվորական հագուստ տվեցին, նաև սպորտային: Մի օր էլ ասաց, որ գնալու ենք մեր զորամասը: Մնացածն էլ արդեն դուք տեսաք, – պատմում էր մեր ընկեր Իջոն:

Ծառայում էինք «Եղնիկներում»: Մեր դիմացը պատմական Գյուլիստանն էր: Հիմա, երբ ահագին ժամանակ է անցել, մի տեսակ մոռացվել են դժվարությունները, իսկ հիշողությունները այդ դժվարին օրերն էլ դարձնում են լուսավոր: Եվ իրոք, այդպես է: Իջոն հրաշալի գիտեր բնության լեզուն: Մեծացել էր Իջևանի գեղատեսիլ բնության գրկում և շատ նմանություններ էր տեսնում Իջևանի և «Եղնիկների» միջև: Շատ հարցերով էինք նրան դիմում. քաջ էր, անվախ, ոգի ու հույս ներշնչող: Դիրքերում՝ մեր բլինդաժի կողքին, քարերով պատած մի գերեզման կար: Ժամանակը ջնջել էր անուն-ազգանուն: Մեր հին ընկերներն ասում էին, որ այդ գերեզմանում ննջողը իսկական հայ հերոս է եղել, որ կռվել ու հաղթել է թշնամուն: Երբ գիշերները գալիս էինք բլինդաժ հանգստանալու, թվում էր՝ ձայներ էինք լսում, այն զգացողությունն էր, թե ասես կտուրով մարդ է անցնում: Անկեղծ ասած, ինչ-որ տեղ սարսուռ էր անցնում մեր մարմնով: Բայց մեկ էլ լսում էինք Իջոյի ձայնը. «Տղե՛րք, վախենալու բան չկա, էս մեր հերոսի ոգին է, որ գիշերները մեզ հետ հսկում է սահմանները: Դրանից հետո ամեն անգամ այդ անանուն հերոսի գերեզմանի կողքով անցնելիս ողջունում ու մի տեսակ ուժ էինք ստանում:

-Հաճախ եմ մտորում՝ ինչ ճակատագիր կունենար Իջոն, եթե չլիներ պատահական, գուցե նաև ճակատագրական այդ հանդիպումը ՊԲ հրամանատարի՝ Ս. Օհանյանի հետ: Իսկապես ինչպե՞ս կանցներ մեր ծառայությունը առանց Իջոյի: Անցել են տարիներ: Այս պատմությունը գուցե կարդա մեր ընկեր Իջոն ու հիշի ծառայության միասին անցկացրած օրերը, տարիները,- այսպես ավարտեց իր պատմությունը «Եղնիկների» զինվոր Ավետիք Շահնազարյանը:

ԳՆԵԼ ՇԱՂԱՓՅԱՆ

Խորագիր՝ #15 (1033) 24.04.2014 – 30.04.2014, Ճակատագրեր


23/04/2014