Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ» ՏԻԳՐԱՆԸ



Երբ Տիգրանը փոքր էր, պապը նստեցնում էր ծնկներին, պատմում ֆիդայական կռիվներից, Անդրանիկ զորավարի զորքից, գաղթի զուլումներից… Պապը՝ այն ժամանակ 13-14 տարեկան տղա, լավ հիշում էր իր տեսածներն ու ավելի մեծերից լսածները։ Պապի հայրը՝ Հարութը, հայտնի ֆիդայի էր, ազատագրական պայքարի առաջամարտիկ, որ հետագայում Անդրանիկի կամավորականների հետ եկել էր Արևելյան Հայաստան, կռիվները շարունակել Գորիսում ու Զանգեզուրում, այնուհետև մշեցի ու սասունցի ընտանիքների հետ հիմնադրել Նաիրիի շրջանի Բուժական գյուղը։

Պապը մանուկ Տիգրանին նստեցնում էր ծնկներին ու պատմում… Բայց դա սովորական պատմություն չէր, անհագ կարոտի ու կորցրածի համար ափսոսանքի երգ էր, նաև՝ պատգամ։ Երազանք էր այն ժամանակների մասին, երբ վրա կհասներ արդար հատուցման ժամը, երբ հայ մարդը կկարողանար տղամարդավարի նայել ինքն իր աչքերի մեջ ու չամաչել… Կազատվեր սպանվածի, թալանվածի, խեղճության ու անկարողության բարդույթից։

Վաթսունական թվականներին նրանց ընտանիքը տեղափոխվեց Երևան։ Տիգրանն ավարտեց մայրաքաղաքի թիվ 104 դպրոցը, ծառայեց խորհրդային բանակում, ապա սովորեց Երևանի առևտրի տեխնիկումում։ Բոլորի նման նա էլ ապրում էր սովորական կյանքով, բայց միշտ հիշում էր պապի պատմություններն ու խրատները հայրենիքի ու կորսված ազգային սրբությունների մասին, երազում հետ բերել բռնազավթված հայրենիքի տարածքները։ Եվ եկավ անիրականանալի թվացող երազանքները կյանքի կոչելու դժվարին, սրբազան ժամանակը։

1988 թ.-ից, առանց երկմտելու, Տիգրան Հարությունյանը մտավ Համազգային շարժման մեջ։ Նաև նրա ջանքերով Երևանի «Հայէլեկտրոն» գործարանում զինագործների խումբ ձևավորվեց։ Կարճ ժամանակում խմբին միացան Ամարասի Արթուրը, Պարգև սրբազանը, Ասկոլկան (Աշոտ Ղուլյան), Մանվել Սարգսյանը, Արկադի Կարապետյանը (Շոշի Ագո), ֆիզմաթ գիտությունների թեկնածու, «Չափիչ» գործարանի արտադրամասի պետ Ժորա Սարգսյանը, որը զոհվեց 92թ.-ին՝ Կրասնոսելսկի շրջանի Վահան գյուղի պաշտպանական դիրքերում, Գեղամ Օհանյանը… Խորհրդային պետանվտանգության մարմիններից գաղտնի արտադրում էին «Շանթ» նռնակներ, ականանետներ, «Շմայզ» ավտոմատներ, ձեռքի նռնակներ, հակատանկային ականներ։

1990թ., երբ կազմավորվեց «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը, Տիգրան Հարությունյանը, որպես զինագործ, մտավ գնդի մեջ, որի ստորաբաժանումների հետ մեկնում էր Շահումյանի, Կապանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Կրասնոսելսկի շրջաններ, փորձարկում ինքնաշեն զենքերն ու զինամթերքը, մասնակցում մարտական գործողությունների, ուղղաթիռով մարտական թռիչքներ իրականացնում։

1992թ. աշնան վերջին խորհրդային զորքերը, հեռանալով Հայաստանի Հանրապետությունից, իրենց հետ տարան պահեստավորված ավիառումբերի մարտագլխիկները։ «Էրեբունի» օդանավակայանի պետ Քաջիկ Մնացականյանը և Սերգեյ Վանցյանը հայտնեցին, որ առանց մարտագլխիկի ռումբերը մնացել են օդանավակայանի պահեստում։ Հարկավոր էր կազմակերպել մարտագլխիկների արտադրություն։ Տիգրան Հարությունյանն աշխատում էր գիշեր-ցերեկ։ Բոլորովին անծանոթ մի բնագավառ էր մտել, հարկավոր էր գրականություն հայթայթել, ուսումնասիրել, գծագրեր պատրաստել։

Եվ հայրենանվեր հայորդու չարչարանքը տվեց իր պտուղները։ Վերջապես գործարանային պայմաններում փորձարկված մարտագլխիկները պատրաստ էին։ Արդյունքները գոհացուցիչ էին։ Ավելի վստահ և ապահով լինելու համար հարկավոր էր ցած նետել ուղղաթիռից։

Երեք ուղղաթիռով գնացին Շահումյան։ Երկուսը վիրավորներով հետ վերադարձան։ Երրորդով Տիգրանը, Արտակ Օհանյանը (Գուսան) և Ալիկ Մկրտչյանը որոշել էին ներխուժել Ադրբեջանի Հանրապետության տարածք, ցած նետել և փորձարկել ավիառումբը։ Օդաչուն Նորիկ Վարդանյանն էր։

-Մոտենալով նախապես պլանավորած տարածքին,- հիշում է Տիգրան Հարությունյանը,- փոխեցինք մտադրություններս։ Մտածում էինք՝ չենք կարող ռումբ նետել խաղաղ բնակչության վրա։ Որոշում կայացնելուց հետո միայն խաղաղվեցինք։

Ռումբը պայթեց բնակելի տարածքից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Արդունքը հրաշալի էր։ Հաջորդ օրը ռուսական լրատվական ծրագրով հաղորդեցին, որ հայերը քիմիական ռումբ են օգտագործել։

Լաչինի միջանցքի բացման հենց հաջորդ օրը զինագործ Տիգրան Հարությունյանը ազատամարտիկների հետ մասնակցեց Գորիսի, Սիսիանի, Մասիսի, Լաչինի հյուսիսային տարածքների ազատագրման մարտերին։ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի մարտիկներ Սմբատ Այվազյանի և Յուրա Հարությունյանի հետ հետախուզական-տեղազննական գործողություններ էին իրականացնում, ինչի հիման վրա ջոկատներն առանց կորուստների առաջ էին շարժվում։

1992 թ.-ի հոկտեմբերին, գնդի շտաբի պետ Տիգրան Սարգսյանի զոհվելուց հետո, պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի հրամանագրով Արմեն Արմենակյանը նշանակվեց գնդի հրամանատար, իսկ Տիգրան Հարությունյանը՝ շտաբի պետ։ Եվ նորից մարտական առաջադրանք` Լաչին, Կուբաթլի, Մարտակերտ, Քարվաճառ: Այսպես մինչև հաղթական հրադադարի հաստատումը։

Զորացրվելուց հետո ազատամարտիկը չհեռացավ նորանկախ հանրապետության պաշտպանական կառույցից։ Ավարտելով Երևանի սպայական բարձրագույն դասընթացը՝ 1997 թ.-ին աշխատանքի անցավ Շենգավիթի զինկոմիսարիատում՝ որպես զորակոչային բաժանմունքի պետ և մինչև թոշակի անցնելը ծառայեց պատվով՝ բարձր պահելով հայոց բանակի սպայի կոչումը։

Զինագործ ազատամարտիկն իր նվիրումի և անբասիր ծառայության համար արժանացել է «Մարտական ծառայության», «Վազգեն Սարգսյան» և «Մարշալ Բաղրամյան» մեդալների։

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ազատամարտիկ, արձակագիր

Խորագիր՝ #15 (1033) 24.04.2014 – 30.04.2014, Ճակատագրեր


23/04/2014