Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ



Բանաստեղծուհի Պայծառ Զանյանի «Կենաց ծառ» և «Կապույտ ծիածան» ժողովածուները ջերմ ընդունելություն գտան գրական աշխարհում և ընթերցողների շրջանում։ Պոեզիա է մուտք գործել շնորհալի մի քնարերգու, որը ծանոթ է իրենից առաջ եղած մեր մշակութային գործերին և գիտի, թե ինչու է գրիչ վերցրել և ոտք դրել մեր դարավոր բանաստեղծական աշխարհը։ «Գրել եմ այնպես, ինչպես ապրել եմ»,- խոստովանում է հեղինակը։

Իսկական ազգանունը Օզանյան է։ Խաչատուր պապը եղել է Զորավար Անդրանիկի եղբայրը և 19-րդ դարավերջին հեռացել է ծննդավայրից և հասել Արցախ։ Որոշ ժամանակ ապրելով Արցախում՝ ամուսնացել-բնակություն է հաստատել Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում։

-Օվսաննա տատիս հայրը եղել է պատմության ուսուցիչ, և տատս մեզ այնպիսի պատմություններով էր մեծացնում, որ երբ արդեն ոտք էինք դնում դպրոց, մեր ուսուցիչները զարմանում էին մեր իմացության վրա։ Իսկ Խաչատուր պապս, որ 95 տարի ապրեց, բարի, բայց իր խոսքի տերը՝ սկզբունքային մարդ էր։ Ինձ միշտ ասում են, որ բնավորությամբ պապիս նման եմ,- պատմում է բանաստեղծուհին, ապա ավելացնում: -Երևան տեղափոխվելով` ես ինձ հետ բերեցի մանկության անմոռաց հիշողություններ, որոնք ողջ կյանքի ընթացքում լույս ու ջերմություն են տալիս իմ հոգուն. հիշում եմ՝ մեր գյուղի վերին մասում մի հսկա տանձի ծառ կար, որին հենված էր նրբահյուս մի խաչքար։ Մայրս միշտ ծաղիկ էր տալիս, որ տանեմ-դնեմ խաչքարին, իսկ ինքը, մատաղացու աքլորը բռնած, մոմերով գալիս էր իմ հետևից։ Ամուսնացա (ամուսինս նույնպես մեր գյուղից է, մասնագիտությամբ ինժեներ), ունենք 4 երեխա՝ երեք տղա՝ Խաչատուր, Արմեն, Տիգրան և մեկ աղջիկ՝ Անահիտ։

Երեք որդիներն էլ իրենց ծառայությունն անցկացրին 92-94 թվականներին, երբ պատերազմ էր, ու բանակը դեռ ձևավորման փուլում էր։ Դստեր՝ Անահիտի հետ մայրը մեկնում էր սահմանային տարբեր հատվածներ` գտնելու որդիներին, որոնցից լուր չուներ։ «Մի անգամ ցրտահարված որդուս և իր ընկերներին մեծ դժվարությամբ հասցրի Երևան` հոսպիտալ և ամբողջ 7-8 ամիս ես էի նրանց խնամում, կերակրում։ Իսկ այդ օրերին դժվար էր, ցուրտ էր, երթևեկությունը չէր գործում։ Ես աղոթելով տղաներին սահմանից հասցրի Երևան և այդ օրից հավատում եմ Աստծուն, որովհետև տղաներից ոչ մեկին ոչինչ չպատահեց»,- վերհիշում է բանաստեղծուհին։

Հայրենասեր հայուհին պարգևատրվել է «Ծովակալ Իսակով» մեդալով։

Մի օր էլ, երբ այդ բոլոր դժվարություններից ու անքուն գիշերներից հետո տիկին Պայծառը Զեյթունի թռչնաշուկայից մատաղացու մի աքլոր ձեռքին տուն է գնում, որ մատաղը բաժանի յոթը տան միջև, հանդիպում է իր հարևաններից մեկին. «Քեզ են փնտրում, որտե՞ղ ես: Թալիշի դիրքերում զոհվել է Սմբատ եղբայրդ»։

Իսկ դա 1994 թվականի մայիսի 9-ն էր՝ Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման օրը…

Հեղինակ, բանաստեղծուհի Պայծառ Զանյանը լույս է ընծայել իր բանաստեղծությունների երրորդ ժողովածուն. որը վերնագրել է այսպես՝ «Լույսի ճանապարհ»։ Հեղինակն իր անցած դժվարին ճանապարհն է ներկայացրել այս գրքում։ Ահա ինչ է գրել արձակագիր Հովհ. Մելքոնյանը. «Պայծառ Զանյանի երկար լռությունը արգասավոր ու վերելքային է, որի պերճախոս առհավատչյան «Լույսի ճանապարհ» ժողովածուն է։ Գրքում ողբալից ու վշտալից ալեբախումներ ի ցույց հանող էջեր կան, սակայն դրանք բանաստեղծուհին թևավորում է լուսավոր լավատեսությամբ»։

Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում մեկ բանաստեղծություն «Լույսի ճանապարհ» գրքից։

ԱՅՍ ԵՐԿԻՐԸ

Թե լույս բացվի, արևն է միշտ իմ սրտում,

Ու բարի լույս իմ աշխարհին եմ մաղթում,

Ու չքնաղ է կյանք-աշխարհը վաղորդյան,

Հոգիս լեցուն սեր ու աշխարհն է իմ տան։

Ձմեռ լինի, գարուն, ամառ թե աշուն,

Կյանքը լույս է, բնությունն է իմ սրտում,

Աստված հույս է, մարդը նման արարչին,

Կյանքը պարգև՝ ժպիտ ու բախտ երազի։

Արարումն այս՝ երկիրն առած իր վրա,

Խոյանում է՝ առեղծվածին միանա,

Ճամփորդելով լույսի թևին հավերժի՝

Մարդածինը պիտի տոկա ու ապրի։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (1033) 24.04.2014 – 30.04.2014, Հոգևոր-մշակութային


23/04/2014