Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՔԱԼԵՆՔ ՀԱՅԿՅԱՆ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ»



Քաղվածքներ հոդվածներից, գրական երկերից

… Մեկ բան միայն, միշտ մեկ բան պիտի մնա Ժողովուրդին Տանը, շեմին վրա՝ Պատիվը։

♦♦♦

Մեր բովանդակ ժողովուրդին մահվան եւ կենաց հարցը Ազգային հոգիին ամբողջականությունն է, Հայկյան հպարտությունը՝ վեհ, երկաթահյուս, անընկճելի, անձեռնմխելի, որ մարդ էակին գեղեցկությունն է, իսկ ազգի մը՝ Վահանը։ Այդ Հպարտությունը, որ հեռի է ամբարտավանություն ըլլալե, ամեն մեկ հերոսի մահով պղնձացավ, ամեն մեկ դյուցազնի արյունով ջրդեղվեցավ։

♦♦♦

Վրեժ կա, որ Արդարության կարմիր բազուկն է։

♦♦♦

Մեզ ճակատագրված է քալել ուրիշ ազգերու հետ խառն կամ զուգահեռ, քալել զինակից կամ արորակից։ Քալենք բա՛ց սրտով դեպի այն արշալույսը, զոր բահով պիտի ճեղքենք, եւ որ խոստացված է բոլոր շղթայվածներուն, կեղեքվածներուն, զրկյալներուն՝ վերքերը լվալու որպես բալասան։

Քալենք դեպի այդ արշալույսը, բայց միշտ մեր հոգիին անձեռնմխելի ամբողջականությամբ եւ հայկյան հպարտությամբ։ Մեր պայքարին պատմությունը ասով է, որ պիտի պարծի…

1909թ.

♦♦♦

… Անհատը հաստատ երաշխիք պետք է ունենա, թե ինքը կուգա հասարակաց բարիքին օժանդակելու, կուգա ծառայելու հայրենիքին պաշտպանության, անդորրության եւ հառաջադիմության համար։

1908թ.

♦♦♦

Հոգեկան եւ մարմնավոր բոլոր կարողություններուն ներդաշնակությունը էակի մը մեծության առաջին պայմանն է։ Հերոս ըլլալու համար հարկավոր է, որ մարմինը հոգիին հավասար աստվածցած ըլլա։

♦♦♦

Մարգարեն ապագան կը տեսնե, հերոսը կը պատրաստե զայն։

♦♦♦

Հերոսները անիվներն են, որոնց վրա շրջան կառնե հառաջադիմությունը։

♦♦♦

Տարիները մարդկային մտքին խաղաղ աշխատությամբ կը սերմանվին, բայց դարերը հերոսի արյունով կը հասուննան։

1909թ.

♦♦♦

Մենք ազգի լեզուն ճոխ ու կատարյալ կը համարինք այն ատեն միայն, երբ ան ընդունակ է հաջող կերպով պատկերելու այդ ազգի հոգեբանությունն իր բոլոր երանգներով, երբ կը պահե իր մեջ նկարագիրը այն նախնիներուն, որոնց բերնին մեջ կազմավորված է իր նախնական ձեւը։

♦♦♦

Ես կը սիրեմ շովինիզմը հանդեպ իմ լեզվիս ու իմ ինքնությանս։

♦♦♦

Խորհիլ, գրել, գործել, պայքարել լքված Ժողովուրդի մը համար. ահա՛ քսաներորդ դարու ասպետականությունը, որ կուգար խթանել Եվրոպայի խիղճը, բանալ Քաղաքակրթության աչքերը, արթնցնել մարդկային Միտքը, զոր կսպաննեին հայ ժողովուրդին մեջ իսկ եւ այդպիսով կը կուրցնեին համաշխարհային ուղեղին մեկ զորավոր բջիջը։

1913թ.

♦♦♦

Հայ Հոգին իմացական տիեզերքին մեջ տարր մըն է, որուն հայտնությունը պիտի զարմացնե խորհող մարդկությունը։

Ազատագրե՛նք Հայ Հոգին, պայքարելով նույնիսկ ինքզինքնուս դեմ, բոլոր կապանքներեն ու բռնություններեն այլազգի ազդեցություններու։

Կը հավատանք. Հայ Հոգին Լույսն է, Ույժն է, Կյանքն է՝ մարմնավորված անդրիական շքեղությանը մեջ Արիական ցեղին, որուն կը պատկանինք։

♦♦♦

Արդեն իսկ իրենց հոգիին ամբողջականությունը պահող ազգեր պետքը չունին կրթելու մանկանց այնպես, ինչպես մենք դեռ պարտական ենք ընել. անոնք ամենեն ավելի կը ձգտին մանուկին մեջ փրկել Մարդը, իսկ մենք Մարդը փրկելու համար պարտավոր ենք փրկել անոր մեջ վտանգված Հայությունը, քանի որ նախ եւ առաջ ատոր պետք ունինք։ Լավագույն ազգերու ծոցեն պիտի ելլե լավագույն անհատը։ Իր ազգին օգտակար եղողը անպատճառ կրնա օգտակար ըլլալ Մարդկության։

1912թ.

♦♦♦

Ցեղ մը, որ կուզե ապրիլ, պարտավոր է ստեղծել։ Մեհյան մը պետք է կանգնեցնել։ Մենք կուզենք ծառայել անոր կառուցման։ Մեր հայկական եւ խորապե՛ս արիական հոգին, մերթ անսպասելի եւ տարօրինակ, եւ մերթ ամբարձիկ գիծեր պիտի գտնե անոր սյուներուն վրա… Մեհյան մը պետք էր, որ ստեղծվեր։ Մենք կուզենք ստեղծել զայն։ Ով որ կը հավատա՝ թող ներս մտնե, ներս տանելով երիտասարդություն, խանդավառություն եւ մանավանդ ստեղծագործական կորով։

Դռան վերեւը՝ իր աչքերուն պիտի բախի քանդակված արձանագրությունը՝ ՍՏԵՂԾԵ՛ՆՔ։

Ստեղծե՛նք՝ ապրելու համար տեւականության մեջ, ստեղծենք՝ այդ տեւականության մեջ մեր ցեղին նոր շեշտերը ավելցնելու համար տիեզերական մեծ համերգության վրա։

1914թ.

Դանիել Վարուժան

Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #15 (1033) 24.04.2014 – 30.04.2014, Բանակ և հասարակություն


23/04/2014