ՄԵՆՔ …ԱՅՍՕՐ
Սերժանտ ԳՈՌ ԱԲԳԱՐՅԱՆ Սերժանտ Գոռ Աբգարյանը ծնունդով Էջմիածնի շրջանի Արտիմեդ գյուղից է։ Օրերս նա բանակ-դպրոց համագործակցության շրջանակներում «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենիք» թեմայով շարադրության մրցույթում աչքի ընկնելու համար ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից պարգեւատրվել է «Գիտադարանով»։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտը հունահռոմեական ըմբշամարտի (դասական ոճ) միջազգային կարգի մրցավար է։ -Մինչեւ զորակոչվելս զբաղվել եմ մարզչական աշխատանքով։ Զորացրվելուց հետո էլ շարունակելու եմ կատարելագործել մարզչական ու մրցավարական հմտություններս,- ասաց Գոռը։ Ջոկի ավագ, սերժանտ Գոռ Աբգարյանը պարգեւատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով, իսկ 2010թ. դեկտեմբերի 28-ին նրան «Քաջարի մարտիկ» կրծքանշանով է պարգեւատրել զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը։
Շարքային ՎԼԱԴԻՍԼԱՎ ԱԲԱԳՅԱՆ Վլադիսլավը ծնունդով Մասիսի շրջանի Դարբնիկ գյուղից է։ 1988թ. Բաքվի ջարդերից հրաշքով փրկված նրա ծնողները հաստատվում են մայր Հայաստանում, ստեղծում իրենց ընտանիքը, ունենում երեք զավակ՝ երկու տղա եւ մեկ աղջիկ։ Վլադիսլավի ավագ եղբայրը՝ Հրանտը, նույնպես ծառայում է սահմանամերձ զորամասերից մեկում։ Ծառայության չորս ամիսը դեռ չբոլորած՝ շարքային Աբագյանը հասցրել է աչքի ընկնել անսահման աշխատասիրությամբ եւ կարգապահությամբ։ -Խելացի է, ընդունակ, պարտաճանաչ։ Սկզբում ֆիզիկապես թույլ էր, բայց աշխատասիրության շնորհիվ նա վազքը հասցրեց «լավ» գնահատականի, իսկ ձգումները՝ «գերազանցի»։ Շարքային Աբագյանը կարողանում է ձգվել 18 անգամ, եւ կարծում եմ, որ այդ թիվը նրա համար սահման չէ։ Կրակային պատրաստությունից ստացել է «լավ» գնահատական։ Ոչ բոլորին է հաջողվում այսքան կարճ ժամանակահատվածում նման արդյունքի հասնել,- ասաց վաշտի հրամանատար կապիտան Կարեն Աբրահամյանը։ -Շարքային Աբագյանի կատարողական կարգապահությունը գերազանց է,- ավելացնում է գումարտակի հրամանատար փոխգնդապետ Գոռ Ավալյանը։ -Շարքային Վլադիսլավ Աբագյանը անցած շաբաթվա արդյունքներով ճանաչվել է վաշտի լավագույն զինվոր։
Ավագ սերժանտ ՀԱԿՈԲ ՋԻԲԻԼՅԱՆ Ավագ սերժանտ Հակոբ Ջիբիլյանը ծնվել է 1988թ. օգոստոսի 28-ին Երեւանում, ավարտել է Խորհրդային Միության կրկնակի հերոս փառապանծ օդաչու Նելսոն Ստեփանյանի անվան N 1 միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել ու բարձր առաջադիմությամբ ավարտել է եվրոպական կրթական ակադեմիայի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարում» ֆակուլտետը։ Հակոբի զինվորական ծառայությունն սկսվել է ուսումնական զորամասում։ -Քսանմեկս նոր էր բոլորել, երբ զորակոչվեցի բանակ։ Այստեղից-այնտեղից լսելով էի պատկերացում կազմել բանակի մասին։ Հենց ուսումնական զորամասում, որի հրամանատարը գնդապետ Գ. Ենոքյանն է, ես տեսա իսկապես բարձր զինվորական կարգապահություն, ինչն ինքնին գովելի էր եւ դրական ազդակ հաղորդեց իմ հետագա ծառայությանը։ Ուսումնական զորամասում Հակոբը հմտանում է մոտոհրաձգային ջոկի հրամանատարի մասնագիտության մեջ։ Զորամասի հրամանատար գնդապետ Ենոքյանը Հակոբ Ջիբիլյանին ֆիզիկական պատրաստության եւ կարգապահական բարձր ցուցանիշների համար պարգեւատրել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով։ Ավագ սերժանտ Ջիբիլյանը ծառայական պարտականությունները կատարում է բարձր պատասխանատվությամբ։ Նա հայոց բանակի գերազանցիկ է։ -Կյանքում ամեն գործ պետք է պատվով կատարես՝ լինի ծառայություն, թե մեկ այլ զբաղմունք,- ասաց ավագ սերժանտ Ջիբիլյանը։
Ավագ ԿԱՐԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ավագ Կարեն Մարտիրոսյանը ծնվել է Երեւանում։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել եւ բարձր առաջադիմությամբ ավարտել է Երեւանի պետական ճարտարաշինարարական համալսարանը։ -Սկզբում զորակոչվեցի ուսումնական զորամաս, սովորեցի ու ստացա հրետանու հետախույզ-հեռաչափողի մասնագիտություն։ Ուսումնական փուլն ավարտելուց հետո նշանակվեցի ծառայության փոխգնդապետ Ա. Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասում, որտեղ ինձ վստահվեց ջոկերից մեկի հրամանատարությունը։ Սկզբում դժվար էր հանդես գալ որպես հրամանատար, սակայն ձեռք բերած գիտելիքներիս ու հմտություններիս, ծառայակից ընկերներիս ու անմիջական հրամանատարներիս ամենօրյա աջակցության ու օգնության շնորհիվ կարողացա հաջողությամբ կատարել իմ առջեւ դրված խնդիրները,- պատմում է ջոկի հրամանատարը։ Ծառայության ընթացքում Կարենն իրականացրել է մարտական հերթապահություն, ինչպես ինքն ասաց՝ տեսել ու գնահատել հակառակորդին։ Նա նույնպես զինված ուժերի գերազանցիկ է։ -Այսօր, երբ ծառայությանս ավարտին մնացել է մի քանի ամիս, մտածում եմ, թե ի՞նչ տվեց բանակն ինձ։ Մի բան հստակորեն կարող եմ ասել. սովորեցի ավելի խորությամբ ընկալել հայրենիքը։ Բանակն ինձ զինեց ինքնուրույնության եւ ինքնավստահության մեծ պաշարով, ինչը, համոզված եմ, ինձ իմ հետագա կյանքում շատ պետք կգա։ Բանակն ինձ պարգեւեց ընկերներ, որոնք կողքիս կլինեն նաեւ ծառայությունից հետո։ Իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր հայ պատանի պետք է անցնի բանակի դպրոցը, ես կասեի՝ կյանքի դպրոցը, կարողանա վարժ տիրապետել զենքին, ի վերջո՝ ձեռք բերի ոչ միայն զինվորական, այլ մարդկային՝ մինչ այդ չբացահայտված որակներ։ Հունիսին կզորացրվեմ, իսկ տանն ինձ սպասում են ծնողներս եւ իմ սիրած աղջիկը։ Սակայն ես երբեք չեմ մոռանա ծառայությանս թե՛ դժվարին եւ թե՛ ուրախ օրերը։
Ավագ ՀԱՅԿ ՈՒԶՈՒՆՅԱՆ Ավագ Հայկ Ուզունյանը զորամասի սերժանտական խորհրդի նախագահն է։ Նա նույնպես մասնակցել է շարադրության մրցույթին եւ արժանացել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պատվոգրին։ Հայկը եւս ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի շրջանավարտ է, սամբո ըմբշամարտից երկրորդ կարգային։ Բանակային զորամիավորման 2010թ. արդյունքների ամփոփումից հետո ավագ Ուզունյանը զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի կողմից պարգեւատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր
Խորագիր՝
#12 (877) 30.03.2011 – 6.04.2011,
Ազգային բանակ