Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՐ ՈՒԺԸ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԵՋ Է»



Քաղվածքներ հոդվածներից

Տոհմային արժանապատվության զգացումը վառ ու կենդանի զգացում է… Մեր ազգակիցները իրենց թիվեն անհամեմատ կերպով բարձր դիրք մը ձեռք բերած են ու միշտ բարձր պահած են մեր անունը։

♦♦♦

Տկարանալու, սայթաքելու չէ կյանքի պատահարներու առջեւ, այլ զանոնց դիմավորելու է ինչպես անխուսափելի հյուրի մը ընդունելությունը կըլլվի՝ զվարթ երեսով։ Մեր հասարակությունն ալ, ուրեմն, պետք ունի խնդալու՝ կազմելու համար այն մտքի եւ սրտի առողջությունը, առանց որուն հառաջադիմելու կարող չէ։ Լալագին ազգ մը քանի մը օգտակար չէ կրցած ըլլալ աշխարհիս վրա։

♦♦♦

… Սպաննել՝ չսպաննվելու համար։ Բոլոր ազգությունները ասոր մեջ կը փնտրեն արդարացումնին։ Ինքնապաշտպանություն. ահավասի՛կ մեծ բառը, բնազդական բառը։ Վա՜յ անոր, որ կանգիտե զայն։

♦♦♦

Մեր ուժը մեր իրավունքին մեջն է։

♦♦♦

Այլամերժ եւ կույր հայրենասիրության պես ծիծաղելի ոչինչ կա նույնիսկ պատերազմի պահուն։

♦♦♦

… Ի՞նչ է սրբությունը։ Մի՞թե եկեղեցիներու եւ վանքերու մեջ առանձնանալ, ծոմ պահել, ոչ ոքի չարություն չընել կը բավե՞ն սրբության համար։ Ո՛չ։ Սրբությունը ա՛ն է, որ մարդ ուրիշներուն ցավերը կամոքե եւ իր անձը մոռնալով՝ անոնց համար կաշխատի։ Երբ մարդ իր հայրենակիցներուն համար իր կյանքն ու դիրքը վտանգի կը դնե. անիկա ալ ազգին սուրբն է։ Երբ ուշադրությամբ հետեւինք հայ պատմության, կը տեսնենք, որ գիրի գյուտը հայուն գոյության ամենամեծ ազդակը եղած է։

♦♦♦

… Մենք ալ, իբրեւ ազգ, մեր հույսերը, մեր հիշատակները եւ մեր երազները ունինք։ Եվրոպացի գիտնական մը ըսած է. «Մեծ կայսրություններու անկման պատճառները իրենց մեջ են»։ Ես պիտի ըսեմ. «Մեզի պես պզտիկ ազգերը իրենց վերականգնումի հույսերը իրենց հոգիին, իրենց սիրտին եւ այսօրվան պես իրենց հիշատակներուն մեջ կը կրեն»։

♦♦♦

Թագավորությունները կիյնան, ազատությունները կը ջնջվին, հաղթանակները հաճախ պարտություններու կը փոխվին, բայց լեզուն կը մնա ազգի մը ճակատագրին պես անջնջելի։

♦♦♦

Աղքատին ողորմի՞լ. հարկավ, բայց աշխատիլ, որ աղքատ չըլլան։

♦♦♦

… Այս պահուս ես դադրած եմ առանձին գոյություն ունենալե, իմ ազգիս հոգին է, որ կապրի իմ ներսս. որչափ որ տեւե պատերազմը՝ ես անո՛վ պիտի ապրիմ, պիտի տառապիմ կամ պիտի հրճվիմ…

♦♦♦

Մեր ազգի ամբողջ բարքերը կարոտ են վերաշինության։ Նախ՝ մեր մոլորությունները ու հետո՝ մեր առաքինությունները, վասնզի պետք է գիտնալ, որ առաքինություններն ալ պետք ունին ուղղվելու։

♦♦♦

… Մեր իրավունքն է, մեր պարտքը պիտի ըսեի, վերադառնալ նախնյաց ժամանակին ամեն անգամ, երբ օգուտ մը, դաս մը կա քաղելու անցյալեն։

ԴՐՎԱԳՆԵՐ

Պատմությունն ականատեսների վկայությամբ մեզ է փոխանցել մի դրվագ, որը Զոհրապին բնորոշում է ոչ միայն որպես նշանավոր գրողի ու իրավաբանի, այլեւ հայ մարդու։

ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ

Հայկական կոտորածները գնալով սաստկանում էին, մոտենում իրենց բարձրակետին։ Զոհրապը խոր ապրումների մեջ էր, ընդվզման ոգին հանգիստ չէր տալիս նրան։ Կարծես ճակատագրի կամոք դեմ դիմաց են դուրս գալիս նա եւ Թալեաթը։

-Զոհրա՛պ բեյ,-ցինիկ ժպիտով ասում է դահիճը,-ես աչքերիցդ եմ կռահում, որ ուզում ես ինձ ինչ-որ բան ասել։ Ասա՛, լսում եմ։

Կարելի է պատկերացնել Զոհրապի այդ պահի կեցվածքն ու խոսքի խռովքը.

-Վստա՛հ եղիր, Թալեա՛թ, մի օր հաշիվ պիտի պահանջվի ձեզանից, եւ դուք չպիտի կարողանաք արդարացնել ձեր ոճիրը։

Որպես իրավաբան բազում դատեր շահած եւ բարի ու ազնիվ անուն հանած Զոհրապը, թվում էր, արտասանում է իր գլխավոր դատական ելույթը։

-Ո՞վ պիտի պահանջե այդ հաշիվը,-հեգնում է դահիճը։

-Ե՛ս,-խրոխտ պատասխանում է Զոհրապը,-ե՛ս պիտի հաշիվ պահանջեմ ձեզանից որպես խորհրդարանի հայ երեսփոխան։

Զոհրապն այլեւս հանգիստ էր հոգեպես՝ նա պոռթկացել եւ դահիճների երեսին էր շպրտել իր վերջին խոսքը մեծ դատավճռից առաջ։

Այո՛, դա Զոհրապի վերջին հրապարակային խոսքն էր, ժամանակ անց նա այլեւս չէր լինելու…

Զոհրապի ձայնը, սակայն, չի լռել. այսօր նրա ու մեր բոլոր սուրբ նահատակների հետ, ողջ հայության հետ թուրք բարբարոսներից հաշիվ են պահանջում աշխարհի միլիոնավոր մարդիկ։ Հաշիվ տալու ժամանակն է…

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ

Խորագիր՝ #15 (1033) 24.04.2014 – 30.04.2014, Բանակ և հասարակություն


23/04/2014