Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ



1915թ.-ի արյունոտ իրադարձությունները լի են այնպիսի փաստերով, որոնք այսօր էլ, վշտից եւ զայրույթից բացի, նաեւ հպարտության զգացում են ծնում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հայուհիներին։

ԳԵՐԱԴԱՍԵՑ ՈՂՋԱԿԻԶՎԵԼ

Ազգությամբ արաբ Ֆայեզ Էլ Ղոսեյնը, որը 1915 թ.-ի սահմռկեցուցիչ դեպքերի ականատեսն էր, իր տեսածի ու լսածի մասին գրեց «Հերոսական հայության անցյալից» գրքույկը, որը հայերեն լույս է տեսել Կահիրեում, 1960 թ.-ին։ Առաջին անգամ տպագրվել է Բոմբեյում, 1917 թ.-ին, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով, 1918 թ.-ին եւ 1922 թ.-ին լույս է տեսել գերմաներեն (որոշ լրացումներով), 1965 թ.-ին, դարձյալ ֆրանսերեն, Բեյրութում։

Այս բազմալեզու գրքույկը վավերական փաստերի հավաքածու է, ինչի մասին հուշում է նրա երկրորդ վերնագիրը` «Ականատեսի վկայություններ»։

Արաբ հեղինակը պատմում է այսպիսի մի դեպք. Բիթլիսում մոլեգնում էր կարմիր սպանդը, որն ամենահրեշավոր ձեւեր էր ընդունել` թուրքական իշխանությունների հրամանով ասկյարները հայերին փակում էին մարագների մեջ եւ կրակի մատնում։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ ահավոր դաժանությամբ է կատարվել այդ վայրագ ոճիրը` անմեղ մարդիկ, ծերեր եւ երեխաներ «ծխից խեղդվում եւ մահանում էին։ Հաճախ այդ ձեւով միանգամից ոչնչանում էր մի քանի հարյուր մարդ»։

Թուրքերի կիրառած այս սարսափելի «մեթոդը» մի երիտասարդ հայուհու մղել է հանդուգն, արժանապատիվ եւ հիրավի սխրալից քայլի` նա գրկել է իր փեսացուին, վերջին անգամ համբուրել նրան, ու երկուսով նետվել են մարագը` կրակների մեջ։ Ֆայեզ Էլ Ղոսեյնը գրում է. «Երիտասարդ աղջիկն իր փեսացուի հետ գրկախառնված, առանց վախենալու մտավ հրդեհված մարագը` դեպի մահը գնաց»։

Արաբ հեղինակի գրքույկում կան այսպիսի տողեր. «Ո՞վ կարող է պատկերացնել այն զգացումը, որ ճմլում է ականատեսի սիրտը, երբ նա մտածում է հայ դժբախտ եւ հերոսական ազգի մասին, որը զարմանք է պատճառել աշխարհին իր հերոսությամբ ու փառքով, որը դեռ երեկ Օսմանյան կայսրության մեջ ապրող բոլոր ազգերից ամենակենսունակ եւ առաջավոր ազգն էր, իսկ այժմ վերածվել է անցյալի հիշողության։ Նրա դպրոցները, որ մի ժամանակ լի էին աշակերտներով, այժմ դատարկ են, նրանց ամենաարժեքավոր գրքերը խանութներն օգտագործում են պանիր փաթաթելու համար»։

Այս տողերը յուրատեսակ մեկնաբանություն կարող են ծառայել երիտասարդ հայուհու արարքին։ Նա` այն ազգի դուստրը, «որը զարմանք է պատճառել աշխարհին իր հերոսությամբ ու փառքով», գնաց կիսելու իր հարազատների, արյունակիցների ճակատագիրը։ Դա ինքնաողջակիզում էր, նահատակություն, որին դարեր առաջ գնում էին իր մարտիրոս քույրերը հանուն հավատի։

ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ

1966 թ.-ին Երեւանում լույս տեսավ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» ռուսերեն գիրքը, որը Հայոց մեծ եղեռնի մասին նորահայտ փաստաթղթերի ու արխիվային նյութերի ժողովածու էր։ Առաջին անգամ շրջանառության մեջ էին դրվում փաստեր, վավերագրեր եւ վկայություններ, որոնք ոչ միայն մերկացնում էին թուրք ենիչերների վայրագությունները, այլեւ, առանձին դեպքերում, ներկայացնում նաեւ հայկական խառնվածքին բնորոշ գծեր։ Դրանք լավ երեւում են նույնիսկ տասնամյա մի աղջնակի մասին պատմող վավերագրում, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ թուրք դահիճներից մեկի` պետական պաշտոնյա Շեքեթ բեյի ակամա վկայությունը։ Դահճի սառնասրտությամբ նա պատմել է ցնցող մի դեպք։

…Եղել է այնպես, որ այդ բիրտ դահիճն ուղեկցել է աքսոր քշվող հայերի մի խմբի։ Երբ դուրս են եկել Դիարբեքիրից, եւ ամայի մի վայրում սկսվել է հայերի կոտորածը, բեյին ընդառաջ է եկել մի քուրդ եւ, համբուրելով նրա ձեռքը, աղերսել, որ իրեն տա իր աչքադրած 10-ամյա մի աղջկա` տանը պահելու համար։ «Բարյացակամ» դահիճը հետո կպատմի. «Ես կրակը դադարեցնել տվի եւ ոստիկաններից մեկին կարգադրեցի աղջկան ինձ մոտ բերել։ Ես նրան կարգադրեցի նստել եւ ասացի.

-Մենք քեզ հանձնում ենք այս մարդուն, եւ քո կյանքը կփրկվե։

Մի ակնթարթ հետո ես տեսա, թե ինչպես աղջիկը նետվեց գնդակահարվողների կողմը։ Ես նորից հրամայեցի կրակը դադարեցնել եւ աղջկան հետ բերել։

-Ես քեզ խղճում եմ,- ասացի նրան,- եւ ուզում եմ փրկել քո կյանքը։ Ինչո՞ւ դու նրանց հետ ես խառնվում, գնա այս մարդու հետ, նա քեզ հետ կվարվի իր աղջկա պես։

Աղջիկը պատասխանեց.

-Ես հայի աղջիկ եմ, իմ ծնողները եւ հարազատները գտնվում են նրանց մեջ, որոնց շուտով կսպանեն։ Ես չեմ ուզում ուրիշ ծնողներ ունենալ…»։

Աղջիկն սկսել է լաց լինել։ Բեյը, որ բռնվել էր քրդին «լավություն անելու» ցավով, երկար ժամանակ փորձել է համոզել աղջկան գնալ քրդի հետ, իսկ նա այդ մասին լսել անգամ չի կամեցել։ Բեյն ստիպված բաց է թողել նրան եւ տեսել, թե ինչպես նա վազել է հոր ու մոր մոտ եւ նրանց հետ սպանվել։

Այս պատմությունն անելուց հետո դահիճ Շեքեթ բեյը դառնությամբ ասել է. «Եթե նրանց երեխաներն իրենց այդպես են պահում, ապա ի՞նչ ասել տղամարդկանց մասին»։

Սա վավերագիր է, փաստ` արձանագրված արյունախում դահճի բերանով, դեպքից տարիներ անց։ Զղջումի ոչ մի նշույլ, ոչ մի ցավ կամ ուշացած ապաշխարանք։ Իսկ աղջիկն այստեղ միայն զոհ չէ, նրա արարքը մի յուրատեսակ խորհրդանիշ է հայոց արյան հարազատության, որին տասնամյա երեխան, ներքին ձայնին ունկնդիր, դավաճանել չկարողացավ։

Խորագիր՝ #15 (1033) 24.04.2014 – 30.04.2014, Բանակ և հասարակություն


23/04/2014