ՀՈՒՍԱԼԻ, ԱՐԱԳ, ԱՆՎՏԱՆԳ…
Կապի ստորաբաժանումներում թևավոր խոսք է տարածված՝ կապավորներին հիշում են միայն այն ժամանակ, երբ կապ չկա: Ասում են, ծիծաղում, ապա կեսկատակ-կեսլուրջ ավելացնում՝ թող մենք անխափան կապ ապահովենք, թող մեզ հաճախ մոռանան, և դա կլինի մեր կատարած աշխատանքի լավագույն գնահատանքը: Իրոք, այսօր շատերը տեղյակ չեն կապի համակարգի ծանրաբեռնված աշխատանքի մասին: Մարտադաշտում կրակահերթերի տարափի տակ ռադիոկապով տվյալ հաղորդելիս կամ աշխատասենյակում սովորական զանգ կատարելիս ոչ բոլորն են պատկերացնում, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվում այդ մեկ զանգն սպասարկելու համար: Ընդ որում, այդ աշխատանքը շատ ավելի մեծածավալ է առաջին հայացքից հեշտ, աննշան թվացող կաբինետային խոսակցությունների դեպքում: Չէ՞ որ հենց ղեկավար կազմի խորհրդակցությունների ժամանակ կայացրած որոշումները անձնակազմին օպերատիվ փոխանցելը զինված ուժերի առօրյա գործունեության, մարտական խնդիրը հաջողությամբ կատարելու երաշխիքն է: Ոլորտի կարևորությունն ընդգծելու համար տեղին է հիշել կապավորների մեկ այլ թևավոր խոսք՝ միայն կապով հնարավոր չէ հաղթել, բայց և առանց դրա էլ հնարավոր չէ:
Այսօր կփորձենք ներկայացնել ՀՀ զինված ուժերի կապի համակարգի կարևորագույն օղակներից մեկի՝ կենտրոնական կապի հանգույցի գործունեությունը: Մի ստորաբաժանման, որ տարբեր կապուղիներով իրար է միացնում հանրապետության ամենահեռավոր զորամասերն ու զինված ուժերի ղեկավար կազմը: Մեր զրուցակիցն է կենտրոնական կապի հանգույցի պետ, գնդապետ Գ. Ալեքսանյանը: Ավարտել է Ստավրոպոլի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կապի ուսումնարանը, ծառայել է ԽՍՀՄ զորքերի՝ Բելառուսում տեղակայված հրթիռային դիվիզիայում: Հետո Հայաստան է տեղափոխվել, սկզբում՝ քաղպաշտպանության համակարգ, ապա՝ զինված ուժեր: Արցախյան պատերազմի տարիներին եղել է տարբեր հատվածներում: Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանով նշանակվել է հյուսիսային ուղղության հրամանատար: Հետագայում զբաղվել է ստորաբաժանումների կապի խնդիրներով: Վերապատրաստվել է նաև ՌԴ ռազմական ակադեմիայում:
ԱՆԽԱՓԱՆ ԿԱՊԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ` ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐ
Կենտրոնական կապի հանգույցն ստեղծվել է 2008թ.: Այս հինգ տարիների ընթացքում մեր զորամասի գործառույթների շրջանակը թեև ընդլայնվել է, սակայն խնդիրները մնացել են նույնը՝ տվյալների հաղորդման կենտրոնի միջոցով ղեկավար կազմին ապահովել տարբեր կապուղիներով՝ հեռախոսային, ռադիոռելեային, հեռավոր կապ: Կապի մյուս ստորաբաժանումների հետ համեմատած՝ մեր զորամասը իր առանձնահատկություններն ունի: Եթե զորքերից սովորական կապավորի վերցնենք և բերենք մեզ մոտ ծառայելու, ապա նա անպայման կդժվարանա: Նրան հարկավոր կլինի ավելի շատ բան իմանալ որպես կապավոր, քան նախկին զորամասում:
ԶՈՐԱՄԱՍԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ Է
Ծառայությունն այստեղ նաև իր յուրահատկությունն ունի, անձնակազմի գրեթե կեսը կանայք են: Իհարկե, բոլորը մարտական հերթապահություն են կատարում, առաջնորդվում զինվորական կանոնակարգով: Նաև կարելի է ասել, որ մեր զորամասը պրոֆեսիոնալ զինծառայության օրինակ է, բոլորը սպա, ենթասպա և պայմանագրային ծառայողներ են: Ժամկետային զինվորներ չունենք, միայն նեղ մասնագետներ: Բացի մարտական հերթապահություն կատարելուց, մեր մասնագետները մեկնում են զորամասեր և տեղում համապատասխան մասնագիտական օգնություն ցուցաբերում, եթե ինչ-որ խնդիրներ են լինում: Տարիների ընթացքում կապի հանգույցում հավաքվել են իրոք իրենց գործի գիտակ մարդիկ, կարելի է ասել՝ լավագույնները: Նրանց ես համարում եմ մեր ոսկե ռեզերվը, որ միշտ կարելի է օգտագործել ամենապատասխանատու և մասնագիտական տեսանկյունից ամենադժվար տեղամասերում: Նաև նշեմ, որ տեղում ենք պատրաստում մասնագետներ: Նոր ընդունվողը պետք է առաջին հերթին տեխնիկապես գրագետ լինի: Իհարկե, դրսից եկող ոչ մի մարդ այստեղի սարքավորումներին ծանոթ չէ, և այդ տեխնիկական գրագիտությունը նրան օգնում է ավելի շուտ հարմարվել: Նորեկները մոտ 1-1,5 ամիս տևողությամբ ուսուցում են անցնում, ստուգարք են հանձնում, հետո միայն նրանց թույլատրում ենք մարտական հերթապահության մասնակցել: Հրամանատարական պատրաստության պլանի համաձայն՝ անցկացնում ենք մասնագիտական դասընթացներ, միայն անցած ամիս հնգօրյա հավաքներ ենք անցկացրել և՛ սպայական, և՛ ենթասպայական կազմի հետ, ինչպես նաեւ տարին երկու անգամ նաև պարտադիր ատեստավորում է անցկացվում:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
Օգտագործվող տեխնիկան միմիայն ժամանակակից է, թվայնացված, համապատասխանում է գործող բոլոր չափանիշներին: Բացի այդ, ունենք նաև անալոգային տեխնիկա, քանի որ որոշակի դեպքերում նմանատիպ կապի կայաններն էլ իրենց առավելություններն ունեն: Շատ ժամանակ թվային սարքավորումները ապահովում են որակ, իսկ անալոգայինները՝ ավելի կայուն կապ, ինչն էլ հնարավորություն է տալիս նաև աշխատելու ցանկացած երկրի կապի հանգույցի հետ: Ընդհանրապես, մեր մասնագետները ունիվերսալ են: Օրինակ՝ ՆԱՏՕ-ի հետ անցկացվող համատեղ զորավարժությունների ժամանակ մեր մասնագետները աշխատել են համակարգչին միացված Harris ռադիոկայաններով: Օպերատորը միացնում է ռադիոկայանը, ուղարկում է ցանկացած տեղեկատվություն, ընդհուպ մինչև տեղանքի քարտեզը, այսինքն՝ զարգացման այնպիսի մակարդակի ենք հասել, որ ռադիոկայանով կարողանում ենք պատկեր ուղարկել: Համագործակցում ենք ԱՊՀ զինված ուժերի կապի կենտրոնների, ՀԱՊԿ միացյալ ուժերի շտաբի հետ:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է ՆԱԵՒ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Մեր կապը լիարժեք պաշտպանված է: Թյուր կարծիք կա, թե թվային կապն ավելի հեշտ է կոտրել, տվյալներ կորզել կամ էլ գաղտնալսել խոսակցությունները: Մինչդեռ թվային կապուղին կոտրելու համար շատ ավելի լուրջ սարքավորումներ են պետք, քան անալոգային կապի դեպքում: Բացի այդ, թվային կայանների պաշտպանվածության մակարդակն էլ բոլորովին այլ է: Եթե փորձեն գաղտնալսել, ապա հեռախոսները ավտոմատ կճանաչեն օտար միջամտությունը և կանջատվեն: Այդ առումով հպարտությամբ կարող եմ նշել, որ սկսել ենք օգտագործել մեր հայրենական արտադրության կայաններ, որոնք արտադրել են գիտահետազոտական ինստիտուտներից մեկի մասնագետները: Աշխատանքների նախանշված ծավալը 2-3 ամսում լրիվ կվերջացնենք: Նման միջոցառումները նաև ավելի կատարյալ կապի հնարավորություն են ընձեռում:
ԶՈՐԱՄԱՍԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ
Մեր ոլորտում զարգացումն անընդհատ է, ընդ որում՝ զարգացումն իրականացվում է տեխնիկայի նորագույն նմուշների կիրառմամբ: Ի թիվս կապի այլ միջոցների, շուտով նոր, ավելի հզոր ռադիոհաղորդիչներ ենք ստանալու: Որոշ տեղամասերում տեղական արտադրության ռադիոռելեային կայաններ ենք տեղադրել: Համեմատության համար նշեմ, որ նոր մեկ մեքենան փոխարինում է նախկինում օգտագործվող 11-12 մեքենայի: Աստիճանաբար զորքերի ամբողջ տեխնիկան կվերազինվի, այդպիսով և՛ սպասարկող անձնակազմը կպակասի, և՛ վառելիքի ծախսը կնվազի, կապի արդյունավետության մասին խոսելն էլ արդեն ավելորդ է: Թվային տեխնիկան հենց դրանով է լավ, քանի որ քիչ տեղ է գրավում և ավելի հզոր է, հնարավորություններն էլ շատ են: Զարգացում կա նաև այլ ուղղություններով: Օրինակ՝ վերջին շրջանում ապահովում ենք տեսակոնֆերանսներ զորամիավորումների միջև, նախարարը անմիջապես խորհրդակցություններ է անցկացնում տեղերում ղեկավար կազմի հետ: Աշխատում ենք այդ ցանցի ընդլայնման ուղղությամբ՝ ձգտելով բացառել հավանական խնդիրների առաջացումը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՃՈՒՄ Է
Ամբողջ աշխարհում կապի համակարգին ներկայացվող հիմնական պահանջներն են՝ հուսալիություն, արագություն, անվտանգություն: Վստահ կարող եմ ասել, որ զինված ուժերն ապահովված են որակյալ և արագ կապով: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը կապը հնարավորինս անվտանգ դարձնելու համար, քանի որ գիտե՛նք` հակառակորդը ակտիվ է հատկապես կիբեռհարձակումների հարցում: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում հաքերները փորձում են տարբեր աղբյուրներ կոտրել, տեղեկատվություն հայթայթել: Եվ մեզ մոտ բնականաբար իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ:
Ես արդեն խոսեցի մեր ունեցած տեխնիկական հնարավորությունների մասին, սակայն պետք է շեշտեմ, որ ցանկացած գործում հաջողության հասնելու հիմնական երաշխիքը մարդկային գործոնի ճիշտ օգտագործումն է: Տեխնիկական առաջընթացին զուգահեռ աճում է անվտանգության պահանջարկը, ուստի պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք: Մեր մասնագետները պարբերաբար մասնակցում են միջազգային սեմինարների, ընդօրինակում են միջազգային փորձը: Վստահաբար կարող եմ ասել, որ մենք այդ առումով հետ չենք մնում, պարզապես ոչ մի վայրկյան զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք:
♦♦♦
Պարզ է, որ կապի հանգույցում ծառայում են բարձրակարգ մասնագետներ: Հատկանշական է, որ այստեղ զուգորդվում են տարիների փորձն ու երիտասարդների եռանդը: Իրենց ծառայողական պարտականությունների մասին են պատմում կապի հանգույցի վետերան ու երիտասարդ, բայց արդեն որոշակի փորձառություն ձեռք բերած մասնագետները:
Փոխգնդապետ Գ. Դայանը կենտրոնական կապի հանգույցի պետի տեղակալն է, ավագ ինժեներ: Համապատասխան կապի միջոցներով ապահովում է կապի հանգույցի անխափան աշխատանքը, զորքերի հետ հուսալի կապը: Կապավոր են նաև փոխգնդապետի կինն ու տղան:
-Բարձրագույն տեխնիկական կրթություն ստանալուց հետո 7 տարի աշխատել եմ քաղաքացիական կապի համակարգում: 1992 թվականից զինված ուժերում եմ: Մեր կապի համակարգի շարունակական զարգացման ականատեսն եմ եղել: Հիմա մեր կապի միջոցները անհամեմատ զարգացած են, ժամանակակից տեխնիկայով համալրմանը զուգահեռ կազմակերպվում է անձնակազմի մասնագիտական կարողությունների, գիտելիքի զարգացման ու հարստացման ուսուցում, յուրաքանչյուր մասնագետ իր տեղում լիարժեք տիրապետում է կցագրված տեխնիկային: Ես էլ, ի թիվս մեր մյուս հին ծառայողների, սովորեցնում, օժանդակում եմ նորեկներին, ներկայացնում եմ նաև պատերազմական տարիների փորձը: Հաճախ եմ վերհիշում 90-ականների առաջին կեսի ծանր օրերը: Սկզբնական շրջանում կապն ապահովվում էր գծային միջոցներով, վնասվելու դեպքում` ռադիոկապով: Այդ տարիներին ծառայում էի պաշտպանության նախարարության կապի հանգույցում: Ունեինք հզոր ռադիոկայան, որով միանում էինք զորամասերի հետ: Պատահում էր նույնիսկ, որ հրատապ անհրաժեշտության դեպքում ոչ մի կապուղի չէր գործում: Այդ ժամանակ անմիջապես պաշտպանության նախարարն էր գալիս և հենց կայանից հրահանգներ տալիս զորքերին: Պետք է խոստովանեմ, որ որոշակի կարոտով եմ հիշում այդ տարիները: Աշխատանքը շատ էր, բայց մասնագիտական առումով չափազանց հետաքրքիր:
Մայոր Ա. Խաչատրյան. Ավարտել եմ ճարտարագիտական համալսարանի օպտիկական կապի տեխնիկայի և ֆիզիկայի ֆակուլտետը: Բուհն ավարտելուց հետո զորակոչվել եմ կապի մասնագիտացված ուսումնական զորամաս: Ստանալով ավագի կոչում՝ նշանակվել եմ հանգույցում կապի հերթապահ: Հրամանատարներիս խորհրդով անցել եմ պայմանագրային ծառայության: Այժմ կենտրոնական կապի հանգույցի կապի օժանդակ հանգույցի պետն եմ: Շատ դժվար և պատասխանատու գործ է, և մեր անձնակազմի ամեն մի անդամ պատասխանատվության բարձր գիտակցումով է կատարում իր աշխատանքը, կատարում է մեծ ոգևորությամբ և նվիրումով, քանզի գիտի, համոզված է, որ նախաձեռնողականությունը, կարգապահությունը, բարեխիղճ, նվիրված ծառայությունը նկատվում և գնահատվում է: Նույն իմ ղեկավարած կառույցում տասը տարի առաջ ես ժամկետային զինծառայող էի, իսկ այսօր նման պատասխանատու օղակ եմ ղեկավարում: Բոլորն ինձ վստահում են, գիտեն, որ առաջադրված խնդիրը ժամանակին կկատարվի: Ես էլ համոզված եմ, որ իմ նվիրվածությունն աննկատ չի մնա: Վերջին տարիներին վերազինման լուրջ աշխատանքներ ենք իրականացրել: Օրինակ՝ շատ կարևոր տեղամասերից մեկում մալուխները չէին փոխվել 1970-ական թվականներից: Մեծ խմբով ձեռնամուխ եղանք կապի գծերի փոխարինմանը, և այսօր պարզապես բնականոն շահագործմանն ուղղված միջոցառումներ ենք կատարում:
Մայոր Տ. Առաքելյան. Ավարտել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, այժմ կենտրոնական կապի հանգույցի հրամանատարի տեղակալն եմ: Հետևում եմ զորամասի օպերատիվ-տեխնիկական ծառայությանը, փաստաթղթերին: Հիմնականում կապի անվտանգության հարցերով եմ զբաղվում: Պատասխանատու եմ մարտական պատրաստության համար: Անհրաժեշտության դեպքում օգնում եմ նաև այլ զորամասերի կապի հանգույցների գործունեությունը անվտանգության չափանիշներին համապատասխանեցնելու հարցում: Փորձում եմ այնպես անել, որ յուրաքանչյուր զինծառայող գիտակցի՝ գաղտնիության ռեժիմի պահպանումը առաջնահերթություն է:
Հավելենք, որ մայորը նույնպես ընտանեկան ավանդույթների շարունակող է: Նրա ծնողները քաղաքացիական կապի համակարգի բազմամյա աշխատակիցներ են:
Ենթասպա Հ. Կարապետյան. 2009թ. զորակոչվել եմ ազգային բանակ: Ծառայել եմ կապի ստորաբաժանումում՝ որպես տեխնիկ-ռադիոհեռախոսավար: 2012 թվականից արդեն զինված ուժերում եմ՝ որպես պայմանագրային զինծառայող: Եվ այստեղ բոլորովին այլ աչքով եմ նայել զինվորական ծառայությանը, հասկացել, թե ինչ ահռելի պատասխանատվություն են կրում կապի մասնագետները: Պարտականություններիս մեջ է մտնում պահանջված ժամանակում որակյալ կապի տրամադրումը: Ամեն ամիս տեղի են ունենում վարժանքներ, կապի ստուգումներ: Թերացումներ չեմ ունեցել: Մասնակցել եմ զորավարժությունների, որոնց շնորհիվ իմ մարտական ոգին ավելի է բարձրացել: Բնականաբար, գիտելիքներս հարստացել, ունակություններս ավելի զարգացել են, իսկ ես էլ ավելի ինքնավստահ եմ դարձել: Ես սիրում եմ իմ մասնագիտությունը և իմ պարտականությունները հաճույքով եմ կատարում:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ