ՍՐԻ ՈՒ ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ
Փոխգնդապետ Ս. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասի տարածքում կառուցված եկեղեցու ճակատային մասում ի պահ ժամանակների փորագրված է. «Ամենակարող Աստծո բարեհաճ կամքով և ողորմությամբ զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Սարգսյանի նախաձեռնությամբ և ծախքով կառուցվեց Սուրբ Սարգիս զորավար եկեղեցին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի օրոք»։
Փորձում եմ մտաբերել մեր հին եկեղեցիների արձանագրությունները և զուգահեռ անցկացնել, սակայն զգում եմ, որ այս գիրը եզակի է՝ նոր ժամանակների, նոր հոգեբանության վկայություն է՝ սրի ու խաչի ներդաշնակություն կա, հոգևոր ու ֆիզիկական ուժի միասնություն…
Զորամասի զինվորները մտնում են եկեղեցի, մոմ վառում, մտովի աղոթքի խոսքեր են ասում ու դուրս գալիս։ Երկու զինվոր զարդանախշեր էին քանդակում եկեղեցու ճակատային մասում և պատուհանների շուրջը։ Ծանոթանում եմ։ Պարզվում է` Միսակ և Անուշավանը եղբայրներն են: Զորակոչվել են Կոտայքի մարզի Քասախ գյուղից։ Միսակը մեկ տարով մեծ է Անուշավանից։ Սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, նկարիչ-քանդակագործ է։ Ու հիմա երկու եղբայր միասին ծառայում են այս զորամասում։ Երկուսն էլ «ոսկի» ձեռքեր ունեն։
-Սա՞ է ձեր հիմնական ծառայությունը,- կատակում եմ ես։
Եղբայրները ժպտում են, ապա ավագը՝ Միսակը, պատասխանում է.
-Մեր հիմանական ծառայությունը մարտական հերթափոխությունն է: Թե քանի՞ անգամ ենք մարտական հերթափոխության կանգնել, չենք կարող ասել: Դիրքեր բարձրացած զինվորը միայն կարող է ասել, որ ինքը ծառայել է: Իսկ այս աշխատանքը մեզ հոգեկան բավարարություն է պատճառում։
-Իսկ եկեղեցու «ներկայությունը» որքանո՞վ է օգնում ծառայությանը։
-Ե՛վ դիրքեր բարձրանալիս, և՛ մարտական հերթապահությունից վերադառնալիս զինվորների առաջին «հանդիպումը» լինում է Սուրբ Սարգիս եկեղեցու հետ։ Իմ ու եղբորս հանդիպումն էլ է այդպես։ Մարտական հերթափոխից հետո եկեղեցու զարդաքանդակներով ենք զբաղվում։ Մի խոսքով` ծառայությունը համատեղում ենք քանդակագործության հետ։
-Իսկ ինչպե՞ս է անցնում ծառայությունը։
-Ծառայություն է: Դժվար օրեր էլ են լինում։ Աշխատում ենք պատվով ծառայել և պատվով էլ տուն վերադառնալ,- ասում է Անուշավանը։
-Տանը ո՞վ ունեք։
-Հայրիկ, մայրիկ, եղբայր: Ի դեպ, մեր հայրը` Հրայր Պետրոսյանը, Արցախյան ազատամարտի մասնակից է, երրորդ կարգի հաշմանդամ։ Այնպես որ՝ մենք պարտավոր ենք լավ, պատվով ծառայել:
ՍԵՎԱԿ ԳՆԵԼՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ