Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՊԱՆ ՊԵՏՔ Է ՆԵՐԱԶԴԻ ՆԱԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ



Զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը խիստ կարևոր է մարտունակ բանակ ունենալու համար: Եվ այստեղ մեծ նշանակություն ունի զորամասի հոգեբանի անձնակազմի հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը: Գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող տանկային զորամասի հոգեբան, լեյտենանտ Մարատ Հովհաննիսյանը համոզված է՝ անհրաժեշտ է, որ հոգեբանը ծանոթ լինի բոլոր զինծառայողների խառնվածքի, հոգեբանական ու անհատական առանձնահատկություններին և սոցիալական վիճակին, որպեսզի տեղում և ժամանակին կանխարգելվեն կամ արմատախիլ արվեն հնարավոր անցանկալի, բացասական երևույթները: Նա նշում է, որ զինծառայողի հետ հոգեբանը պետք է աշխատի նրա զորամաս մտնելու առաջին իսկ օրվանից:

– Երբ զինծառայողը գալիս է զորամաս, հոգեբանը անձնապես ծանոթանում է նրա հետ, ճշտում, թե ինչով է զբաղվել մինչև զորակոչվելը, ինչ նախասիրություններ ունի, ինչ խնդիրներ կան զինվորական ծառայության հետ կապված, համապատասխան խորհուրդներ է տալիս: Մի խոսքով` նա հետազոտում է զինվորի սոցիալ-հոգեբանական վիճակը: Անցկացվում է թեստավորում, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում բացահայտելու զինծառայողի մարդկային որակները, հետևելու տրամադրության այսրոպեական փոփոխություններին: Զորամասի հոգեբանը պետք է ունակ լինի կռահելու այս կամ այն իրավիճակում զինծառայողի վարքագծի հնարավոր դրսևորումները, ծառայակցի խոսքի ու գործի նկատմամբ որոշակի արձագանքը։ Եթե զինծառայողն ինչ-որ խնդիրներ ունի, ապա այդ մասին պետք է տեղեկացնի հրամանատարությանը: Եթե նորեկ զինծառայողը ընկճված է լինում, պետք է նպաստել նրա ինտեգրմանը կոլեկտիվում: Շատ կարևոր է, որ նորակոչիկի նկատմամբ ճիշտ հոգեբանական մոտեցում դրսևորի նաև զինկոմիսարիատից զորամաս ուղեկցող սպան: Եթե զինծառայողը շարունակում է մնալ ընկճված, դժվար է հարմարվում, ապա պետք է դիմել համապատասխան մեթոդների, որոնք կօգնեն հաղթահարելու այդ հոգեբանական իրավիճակը, – ասում է զորամասի հոգեբանը:

Նա անթույլատրելի է համարում, երբ նորեկ զինծառայողին առաջին զրույցից հետո որակում են որպես «դժվար դաստիարակվող»:

-Նորեկ զինծառայողին չի կարելի միանգամից որակել որպես դժվար դաստիարակվող: Պետք է յուրաքանչյուրի նկատմամբ դրսևորել անհատական մոտեցում և համապատասխան վերաբերմունք, որպեսզի ժամանակի ընթացքում միայն հնարավոր լինի բացահայտել, թե տվյալ անձը ինչ խառնվածքի տեր է: Եվ եթե իսկապես էլ պարզվի նրա դժվար դաստիարակվող լինելը, ապա պետք է կիրառել անհատական զրույցների, շփումների պրակտիկան, ինչի շնորհիվ կարելի կլինի կանխել անթույլատրելի արարքներն ու դրանց կրկնությունը: Բացի զրույցներից` կարևոր է նաև, որ սպան իր անձնական օրինակով ներազդի զինվորի վրա, – ասաց լեյտենանտ Հովհաննիսյանը:

Խոսելով սպա-զինվոր հարաբերություններում շփումների անմիջականության և ընկերական ոգու մասին` հոգեբանը կարևորում է սպայի մանկավարժական ունակությունները և փորձը, անձնական բարձր վարկանիշը:

-Կան սպաներ, որոնք լավ ռազմական մասնագետ են, բայց չունեն մանկավարժական ունակություններ` թե՛ սուբյեկտիվ և թե՛ օբյեկտիվ պատճառներով: Այս դեպքում կարևոր է, որ երիտասարդ սպաներին օգնեն ավագ և առավել փորձառու ընկերները` իրենց խորհրդատվությամբ և անձնական փորձով: Նորեկ սպայի հետ նույնպես պետք է տարվի աշխատանք, որպեսզի նա ևս հարմարվի կոլեկտիվին, – ասում է նա:

Ըստ հոգեբանի` սպայի անձնական օրինակը, նրա ունակությունները դեռ բավարար չեն, որպեսզի կանխվի բացասական երևույթների ներթափանցումը բանակ: Մարատ Հովհաննիսյանի կարծիքով` այս հարցում մեծ դերակատարում ունեն զինծառայողի ընտանիքը և միջավայրը, սոցիալ-կենցաղային պայմանները, ինչպես նաև կրթական հաստատություններում ստացած դաստիարակությունը:

-Փողոցային բարքերի դեմ պայքարը պետք է տարվի դեռ մանկապարտեզից: Պետք է մանուկ հասակից սեր և պատասխանատվություն, նվիրվածություն սերմանել դեպի հայրենիքը, պետությունը և ժողովուրդը՝ որպես օրինակ բերելով ազգի մեծերին: Խիստ կարևոր է, որ երեխային դեռ մանկուց հոգատար, նրբանկատ, հարգալից և հանդուրժող անձնավորություն դաստիարակեն,- շեշտում է լեյտենանտ Մ.Հովհաննիսյանը:

Նրա համոզմամբ` պատժամիջոցները ևս պետք է լինեն անհատական: Պետք է կանխարգելել կանոնադրական խախտումները, հետ կանգնեցնել անհատին զանցանքներից, բացատրել դրանց հետևանքները, իսկ խախտումների դեպքում անհրաժեշտ է բացահայտել դրդապատճառները, պատճառահետևանքային կապը, հաշվի առնել տվյալ անձի անհատական հատկանիշները և ըստ այդմ` համապատասխան մոտեցում ցուցաբերել:

Բանակում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի կայացման համար լեյտենանտ Մ.Հովհաննիսյանը կարևորում է նաև զինծառայողների հոգևոր դաստիարակությունը: Նրա գնահատմամբ` զինվորը պետք է հեռու մնա աղանդավորական և տարբեր ենթամշակութային շարժումների ազդեցությունից:

-Ամեն ինչ արվում է, որ զինվորը չընկնի այս կամ այն աղանդավորական հոսանքների ազդեցության տակ. անցկացվում են անհատական զրույցներ, դիտարկվում է նրա վարքը: Եթե մկրտված չէ, զորամասի հրամանատարության աջակցությամբ կազմակերպվում է նրա մկրտությունը: Եթե զինծառայողն այլ կրոնական համոզմունքների կրող է, դարձյալ անհատական մոտեցում է դրսևորվում, որպեսզի նա չընկճվի,- ասում է Հովհաննիսյանը:

Որպես փողոցային բարքերի ազդեցության հետևանք, հոգեբանը դիտարկում է նաև զինվորական ծառայության ընթացքում մարմնի վրա երբեմն նույնիսկ քրեական բովանդակությամբ դաջվածքների առկայությունը:

– Ուշադրություն է դարձվում նաև զինծառայողի մարմնի դաջվածքներին: Այստեղ կարևոր է ջոկերի հրամանատարների դերը, քանի որ նրանք են զինվորների հետ անմիջական շփման մեջ: Բնական է, որ այդ հարցում հարկավոր են միայն կանխարգելիչ միջոցառումներ,- համոզմունք է հայտնում զորամասի հոգեբան Մարատ Հովհաննիսյանը:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (1033) 24.04.2014 – 30.04.2014, Ազգային բանակ


23/04/2014