Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ



ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ապրիլի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն: Մինչ նախարարության վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի անդամների, այնուհետև ղեկավար կազմի հետ խորհրդակցությունները, Նախագահը դիտել է ՊՆ սպորտային համալիրում ցուցադրական մարզումները, պաշտպանության նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ վարչական համալիրի մասնագիտացված բուժկետ, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Հանրապետության Նախագահը պաշտպանության նախարարությունում դիտել է նաև ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների արտադրատեսակները:

Շրջայցից հետո անցկացված խորհրդակցության ընթացքում իրականացվել է տեսակոնֆերանս՝ ՀՀ ՊՆ բանակային զորամիավորումների, մի շարք զորամասերի հրամանատարների և մարտական դիրքերի հետ:

Պաշտպանության նախարարը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախարարի տեղակալները ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին ներկայացրել են պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները. նախարար Սեյրան Օհանյանն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ պաշտպանության ոլորտի գործունեությունը՝ հանգամանորեն անդրադառնալով հիմնական գործառութային ուղղություններով, այդ թվում՝ պաշտպանության ոլորտի շարունակական զարգացման, մարտական խնդիրների, հերթապահության, պատրաստականության և պատրաստության, միջազգային միջգերատեսչական, հասարակայնության հետ փոխգործակցության և այլ ուղղություններով իրականացված աշխատանքներին: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերը հաջողությամբ իրականացրել են շփման գծում մարտական հերթապահությունը` դիրքերի ինժեներական կահավորման, շրջանաձև պաշտպանության ձևավորման, հակախափանարար և պատժիչ գործողությունների, խելացի պաշտպանության կազմակերպման միջոցով հակառակորդին պարտադրելով հրադադարի պահպանում` ռազմական զսպման միջոցով կառուցողական բանակցային դաշտ ապահովելու նպատակով:

Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ Նախագահի նախորդ այցի ժամանակ տրված ցուցումի համաձայն` անձնակազմի վարպետության բարձրացման նպատակով արդեն էականորեն ավելացվել է ուսումնական տարվա համար հատկացվող զինատեսակների զինամթերքը: Ուսումնական գործընթացի բարելավման նպատակով ավելացել է նաև ուսումնամարտական տեխնիկայի քանակը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը Նախագահին զեկուցել է զինված ուժերի պատրաստականության բարձրացման գործում մեծ դեր խաղացած զորային կառույցի կազմակերպչական-կառուցվածքային փոփոխությունների, ղեկավարման համակարգի կատարելագործման, նյութատեխնիկական և բարոյահոգեբանական ապահովման ընթացակարգերի բարելավման մասին: Նա ընդգծել է, որ հատկապես առանձնակի ուշադրություն է դարձվել բանակը սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցնելու գործընթացին, որի արդյունքում ձեռք են բերվել հեռահար և ճշգրիտ խոցման նորագույն միջոցներ` ավելացնելով զինված ուժերի կրակային հնարավորությունները:

Նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը զեկուցել է պաշտպանական քաղաքականության, անձնակազմի կառավարման, ռազմակրթական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտներում իրականացված աշխատանքներն ու բարեփոխումների արդյունքները: Դ. Տոնոյանն ընդգծել է, որ պաշտպանական կարողությունների զարգացման շրջանակներում առավել նշանակալի ձեռնարկը պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացն է, որն իրականացվելու է մինչև 2015թ. վերջը և նպատակաուղղված է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020թ. հեռանկարային զարգացման ապահովմանը: Փոխնախարարի հավաստմամբ՝ այս ուղղությամբ, ի թիվս իրականացված բազմաթիվ միջոցառումների, զգալի աշխատանքներ են կատարվել նաև հասարակայնության հետ կապերի ոլորտում. ակտիվ շփումներ ու փոխգործակցություն է հաստատվել և՛ տեղական, և՛ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ:

Նախարարի տեղակալներից Արա Նազարյանն իր զեկույցում ներկայացրել է օրենսդրական և իրավապահ գործունեության բնագավառներում 2013-2014 թթ. ընթացքում նախարարության կողմից իրականացված աշխատանքները: Փոխնախարարը նշել է, որ շարունակական աշխատանքների արդյունքում բարձրացել է զորամասերի հրամանատարության և իրավապահ մարմինների (Ռազմական ոստիկանության և Քննչական ծառայության) համագործակցությունը: Կոռուպցիոն ռիսկերի և այլ արատավոր երևույթների դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվել են լայնածավալ օպերատիվ բնույթի միջոցառումներ և քննչական գործողություններ, ինչի արդյունքում կանխվել և բացահայտվել են մի շարք հանցագործություններ:

Նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է hաշվետու ժամանակահատվածում նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի և ռազմարդյունաբերական վարչության աշխատանքները` սպառազինության, ռազմական տեխնիկայի մարտունակության ապահովման, նոր և արդիական ռազմական տեխնիկայի ձեռքբերման, զորքերում ուսումնանյութական բազայի կատարելագործման և մի շարք այլ ուղղություններով:

Ներկայացված առանձին խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել զեկուցողներին, հանձնարարականներ տվել պատասխանատուներին և իր դիտարկումները ներկայացրել նախարարության գործունեության գերակա ուղղությունների ու առաջիկա անելիքների մասին: Ընդգծելով, որ առաջընթացը մեր զինված ուժերում տեսանելի է, Նախագահը կարևորել է այդ առաջընթացին նոր թափ հաղորդելը՝ հաշվի առնելով բոլոր այն ջանքերը, որ գործադրվում են մեր զինված ուժերը մարտունակ պահելու և մեր ազգային խնդիրները լուծելու ճանապարհին:

Անդրադառնալով պաշտպանության նախարարության համար առաջնահերթ լուծման կարիք ունեցող սոցիալական բնույթի կարևորագույն խնդիրներին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է. «Մենք այս տարվա երկրորդ կեսից սկսելու ենք մեծ ծրագիր՝ կապված զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքները բնակարաններով ապահովելու հետ և, ամենայն հավանականությամբ, գնալու ենք այն ճանապարհով, որ ուղղակի կառուցենք բնակարանները և հատկացնենք»,- ասել է Նախագահը:

ՀՀ պաշտպանության նախարարությունում Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա հայտնի արձանագրությունների մասին հարցին:

-Կարծում եմ, որ բոլորդ էլ տեղյակ եք, որ հայ-թուրքական գործընթացը մենք սկսել ենք, իսկ ավելի ճիշտ՝ հրապարակայնացրել ենք ազնիվ մղումներով, որպեսզի տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը բարձրացնենք նոր մակարդակի, և եթե որևէ մեկին թվում է կամ այն ժամանակ թվում էր, որ մենք դրա դժվարությունները չէինք գիտակցում, ապա նա խորապես սխալվում է: Մենք շատ լավ գիտակցում էինք, թե ում հետ գործ ունեինք և ինչպիսի ծանր խնդիր ենք փորձում լուծել: Ընթացքում տեսաք, որ մեր բանակցող կողմը, որովհետև դժվար է իրենց գործընկերներ ասել, փորձեց նախապայմաններ առաջադրել, փորձեց յուրովի մեկնաբանել որոշ գործընթացներ, այնուհետև նաև փաստաթղթի որոշակի կետեր, բայց այսօրվա դրությամբ կարող ենք փաստել հետևյալը, որ հենց այդ պատճառով գործընթացը մտավ փակուղի և այսօր սառեցված է:

Այնուհանդերձ, մենք պետք է արձանագրենք արդյունքները և, առաջին հերթին, այստեղ էլ ասենք, որ գործընթացի սառեցումը ևս կանխատեսելի էր, և որևէ մեկը չի կարող ասել, որ մենք մտածում էինք, որ, անպայման, կհասնենք խնդրի լուծման վերջնակետին: Պետք է գրանցենք, որ բոլոր դեպքերում մեր գործընկերները, մեզ բարին ցանկացողներն ու աջակցողները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ: Ինչու՞ է սա կարևոր, որովհետև նույնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ մեզ կշտամբում էին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք: Հիմա, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում:

Երկրորդ՝ մենք շատ կարևոր, իմ կարծիքով՝ մի նոր մշակույթի հիմք դրեցինք. այդպիսի կարևորության բարդ խնդիրը մենք սկսեցինք լայն քննարկումների թեմա դարձնել և մեկ անգամ ևս ցույց տվեցինք, որ պատրաստ ենք մեր հասարակության հետ, տարբեր շերտերի հետ, մեր հայրենակիցների հետ քննարկել ամենաբարդ ու ամենադժվարին խնդիրները: Հիշու՞մ եք՝ որոշ մարդիկ, իսկ այդ մարդկանց թիվը քիչ չէր, մեզ խստորեն քննադատում էին, պնդում էին, որ այդ արձանագրություններն առնվազն երկու շատ մեծ բացասական կողմ ունեն: Առաջին բացասականը, առաջին վնասը, որ մեզ կհասցնի շատ երկար ժամանակահատվածի ընթացքում, իրենց կարծիքով, Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումն էր: Հիմա ես հարցնում եմ և՛ ձեզ, և՛ այդ մարդկանց՝ ինչո՞վ են այսօր թուրքերն զբաղված այդ հարցում: Իրենց ողջ ուժերը նետել են Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Ցեղասպանությանը վերաբերող բանաձևի դեմ պայքարելուն: Գիտե՞ք, որ վերջին 24 տարիների ընթացքում սա առաջին այդպիսի որոշումն է: Եթե մենք վնաս ենք հասցրել այդ գործընթացին և այն, ըստ ոմանց, պետք է կասեցվեր, ապա ինչու՞ է այսպիսի իրավիճակ այսօր: Եվ երկրորդ՝ կա՞ արդյոք մեկը, որն այսօր առանց աչքերը գետնին հառելու կպնդի, որ այդ արձանագրությունները վնասել են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, և որ այդ արձանագրություններով ուղղակի մենք հիմք են ստեղծում փոխզիջումների: Խնդրից տեղյակ մարդիկ գիտեն, որ այսօր մենք այդ գործընթացում ունենք շատ հաստատուն դիրք, ամուր հիմքեր: Երբ պաշտպանության բանակի հրամանատարը զեկուցում էր, տեսաք, թե լարվածության ինչպիսի աստիճան կա առաջին գծում: Ինչո՞վ է դա պայմանավորված. եթե բանակցային գործընթացում իրենց դիրքերը լավ են, և իրենք իրենց համար կարող են բարենպաստ լուծում ունենալ, ինչու՞ են լարվածությունն ավելացնում: Եվ ինչու՞ վերջին երեք-չորս տարիների ընթացքում լարվածությունն առաջին գծում այդքան բարձրացավ: Այսինքն՝ մի ճակատում տեսնում են, որ հաջողություն չունեն, փորձում են ճնշում գործադրել, փորձում են շանտաժի ենթարկել, փորձում են և՛ մեզ, և՛ միջազգային հանրությանն ասել, որ, միևնույն է, մենք ուզում ենք, որ խնդիրն այսպես լուծվի: Բայց բանակցային գործընթացում շատ ակնհայտ է, որ մենք հիմա շահեկան դրության մեջ ենք:

Կա ևս մի շատ կարևոր փաստարկ: Եթե շատերն ասում էին, որ այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ՝ այդ երկու փաստաթղթերը հայանպաստ չեն, այլ ակնհայտորեն Թուրքիայի շահերից են բխում, այդ դեպքում ինչու՞ մինչև հիմա թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը: Այսինքն՝ իրենք իրենց շահը չգիտե՞ն, իսկ հայերի մի մասը գիտի թուրքերի շա՞հը: Թե՞ թուրքերը մեզ խղճում են, ասում են՝ հայերը սխալվել են, այս անգամ հայերին ներենք: Ակնհայտ է՝ եթե այդ փաստաթուղթը բխեր թուրքերի շահերից, նրանք վաղուց ոչ մի բանի առջև կանգ չէին առնի՝ ո՛չ Ադրբեջանի կարծիքի, ո՛չ որևէ մեկի կարծիքի, և այդ փաստաթղթերը հանգիստ կվավերացնեին: Եվ եթե այդ փաստաթղթերը բխեին թուրքական կողմի շահերից, այդ փաստաթղթերը լարվածություն չէին առաջացնի Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Այսքանը:

Ես մի քիչ ավելի հանգամանորեն պատասխանեցի, որովհետև վաղուց այդպիսի հարցեր չէին հնչել, և պատասխանը, երևի, կապված է նաև վերջին իրադարձությունների հետ,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. աշխատակազմի քարտուղարության առաջին բաժնի պետ, փոխգնդապետ Կարինե Ամիրխանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության և պետական մարմինների հետ համագործակցության խմբի ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը, ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Հարությունյանը, զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, փոխգնդապետ Վահան Պապյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմա-նվագախմբային բաժնի պետ, գնդապետ Արմեն Պողոսյանը, զինված ուժերի սպառազինության վարչության շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Ավետիք Սերոբյանը և զինված ուժերի մարտական պատրաստության վարչության համազորային զորամասերի պատրաստության բաժնի պետ, գնդապետ Կորյուն Փիլիպոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրերով:

Խորագիր՝ #15 (1033) 24.04.2014 – 30.04.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/04/2014