Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶԱԿՆԵՐԸ. ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ



Հայ-ռուսական բարեկամության դարավոր պատմության մեջ ուրույն տեղ ունի հայ-կազակական համագործակցությունը: Արդեն 15 տարի է, ինչ կազակական շարժումը ներկայանում է Հայաստանում հասարակական կազմակերպությունների մակարդակով, ունի իր պատմությունը, ձևավորված ավանդույթները: Կարապետ Զադոյանի ղեկավարությամբ գործող «Նիտ» միջազգային հայ-ռուսական կազակական եղբայրությունն այս ասպարեզում վետերան է:

Կազակներ են համարվում ռուս և հիմնականում սլավոնական երկրների կազմում ապրող էթնիկ սոցիալական առանձին միավորումները, որոնք ժամանակի ընթացքում ստացան նաև զինվորական խավի կարգավիճակ: Մեծամասամբ կազակները ռուսախոս են, ուղղափառ, բայց կան նաև մահմեդականներ և բուդդայականներ, ինչը պայմանավորված է թուրքական տարրի առկայությամբ: Կազակների ծագումնաբանության մասին գոյություն ունի մի քանի վարկած: Ենթադրվում է, որ նրանք մեծամասամբ կալվածատերերից փախած և Ռուսաստանի սահմաններում հաստատված գյուղացիներ են: Ըստ մյուս վարկածի` կազակները թուրքական մի քանի սլավոնացած ցեղերի հետնորդներ են: Կազակները բնակվում էին Դնեպրի, Դոնի, Վոլգայի, Յաիկի ափերին, ունեին ռազմականացված ներքին ինքնավարություն:

XVII դարից կազակներին ներգրավեցին զինվորական ծառայության մեջ, հիմնականում՝ որպես հեծյալներ: XVIII-XIX դարերում կազակական վարձու զորամիավորումներ ունեին եվրոպական բոլոր գերտերությունները` Շվեդիան, Ֆրանսիան, Պրուսիան, Ավստրիան, նույնիսկ Օսմանյան կայսրությունը: Այնուամենայնիվ, կազակները մեծապես կապված են Ռուսական կայսրության հետ: 1798 թվականին կազակական զինվորական կոչումները հավասարվեցին կանոնավոր բանակի կոչումներին, իսկ 1827 թվականին կազակական բոլոր զորամիավորումների գլխավոր հրամանատարի պաշտոնը փոխանցվեց կայսրի ժառանգին:

Ռուսական բանակի կազմում կազակները մասնակցել են բոլոր ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմներին, ինչպես նաև Կովկասյան պատերազմին: Շուրջ 300 հազար կազակ մասնակցություն է ունեցել Առաջին աշխարհամարտին: Խորհրդային տարիներին կազակները մեծամասամբ դիտարկվում էին որպես հակախորհրդային շարժման ներուժ, թեև 1936 թվականին կազակներն իրավունք ստացան ծառայելու Կարմիր բանակում:

Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Ռուսաստանում և Ուկրաինայում ծավալվեց ժամանակակից կազակական շարժումը, որը սկզբում պատմամշակութային ուղղվածություն ուներ: Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի շատ բնակիչներ վերահաստատեցին իրենց կազակական ծագումը, ինչպես նաև` զինվորական կարգավիճակը: Ցավոք, եղան նաև ինքնակոչներ: Կազակական շարժումը հետագայում ունեցավ նաև քաղաքական բովանդակություն, մասնավորապես` Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում: Ժամանակակից կազակները մասնակցություն ունեցան աբխազական, մերձդնեստրյան, հարավօսական հակամարտություններում, չեչենական երկու պատերազմներում: Արցախյան պատերազմին ադրբեջանական զորքերում, բացի Ուկրաինայի կանոնավոր բանակի զինվորականներից, նաև ուկրաինացի կազակներ են մասնակցել:

1992 թվականին ռուսաստանյան կազակների մի խումբ ցանկություն հայտնեց գալու Հայաստան և հարգելու իրենց այն նախնիների հիշատակը, ովքեր Ռուսաստանի կայսրության զորքերի կազմում դարեր առաջ կռվել էին հայոց հողում: Այդ ժամանակից սկիզբ առավ հայ-կազակական բարեկամության և համագործակցության համակարգող կազմակերպություն ստեղծելու գաղափարը: Այսպիսի կառույցի ստեղծման գործում իր ներդրումն ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության նախկին աշխատակից, գնդապետ Կարապետ Զադոյանը: Նա մասնավորապես գործընկերություն է հաստատում Կազակական զորքերի մեծն միաբանության (Великое братство казачьих войск – ВБКВ) հետ: Ատամանների մեծ ժողովը Ինտերնացիոնալ կազակական բրիգադ ստեղծելու որոշում է կայացնում: Կ. Զադոյանը նշանակվում է այդ կառույցի ատաման, և նրան շնորհվում է կազակական զորքերի գեներալի կոչում:

Հետագայում ՌԴ Ազգային անվտանգության գիտությունների ակադեմիային կից ստեղծվում է Ինտերնացիոնալ կազակական կորպուսը, որը ղեկավարելու համար Կ. Զադոյանը հրավիրվում է Մոսկվա: Այնտեղ նա աշխատում է մինչև 1999 թվականը` ստանալով կազակական զորքերի գեներալ-լեյտենանտի կոչում: Միաժամանակ արժանանում է Սբ. Գևորգ Զորավարի (Св. Георгий Победоносец) անվան 3-րդ աստիճանի շքանշանի և կազակական թրի: Նույն թվականին Կ. Զադոյանը որոշում է վերադառնալ Հայաստան: Նա ստեղծում է «Բարեկամության և համագործակցության հայ-կազակական միջազգային միավորում» հասարակական կազմակերպությունը, որը նույն տարում պետական գրանցում է ստանում: Կազմակերպության գործունեության նպատակն էր նպաստել ազգամիջյան կոնֆլիկտների կարգավորմանն ու կանխարգելմանը, աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, հայկական հողում կազակների պատմական ներկայության հետքերի` եկեղեցիների, մատուռների, գերեզմանատների պահպանմանը: Կազմակերպության գործունեությունը միտված է նաև Ռուսաստանի տարածքում բնակվող հայերի և տեղի ռուս բնակչության միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Միաժամանակ աշխատանքներ են տարվում այլ երկրների, մասնավորապես` Բելառուսի, Ղազախստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Սերբիայի, Բուլղարիայի կազակական կազմակերպությունների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ: Կարապետ Զադոյանը պատմում է նաև հեռանկարային նախագծերի մասին:

– Չափազանց հեռանկարային ու խոստումնալից է Գյումրի քաղաքի տարածքում գտնվող «Կազաչի պոստ» պատմական համալիրի վերականգնման ծրագիրը: Նշված տարածքում 19-րդ դարում սահմանապահ ծառայություն էին անցկացնում կազակական ջոկատները՝ պաշտպանելով Ռուսական կայսրության հարավային սահմանները: Ստեղծվել է «Կազաչի պոստ» անվանումը կրող միջազգային բարեգործական հիմնադրամ: Մտադրություն կա վերականգնելու այդ պատմական տարածքում գտնվող Նվիրագործ Արսենի Սերբսկու անունը կրող ուղղափառ տաճարը, հիմնելու Հոգևոր մշակույթի հայ-ռուսական կենտրոն: Ծրագրին ծանոթ են մեր երկու երկրների հոգևոր առաջնորդները` Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նախագիծն արժանացել է նրանց հավանությանը և հայրապետական օրհնանքին,- ասում է նա:

Կ. Զադոյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի պատրաստվում են մեծ շուքով նշել Հայաստանում կազակական շարժման 15-րդ տարեդարձը:

-Մենք ամեն տարի հունիսի 28-ը նշում ենք որպես Հայ կազակության օր: Իսկ այս անգամ այն կուղեկցվի նաև հոբելյանական տոնակատարություններով: Մասնավորապես՝ Քանաքեռում գտնվող «Կազակ հերոսներին` երախտապարտ հայ ժողովրդից» հուշակոթողի մոտ կազմակերպվելու է կազակական ստորաբաժանումների հանդիսավոր շքերթ: Իսկ Հայֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա կազակական ընդհանուր համաժողով (Большой круг), ինչպես նաև տոնական համերգ: Սպասվում են հյուրեր նաև արտերկրից:

Կարապետ Զադոյանի խոսքով` հայ-կազակական համագործակցությունը թերևս ունի նաև «ցավոտ կողմեր»: Նա մտահոգություն հայտնեց, որ մեր երկրում տարեց տարի ավելանում է կազակության հետ իրականում ոչ մի առնչություն չունեցող հասարակական կազմակերպությունների թիվը:

-Դրանց մի մասն ընկել է էքսցենտրիկ խաբկանքի մեջ` կասկածելի համազգեստներ են հագնում, ոչ պակաս կասկածելի շքանշաններով են իրենց զարդարում, կոչումներ են իրար շնորհում` ընդհուպ մինչև գեներալ-գնդապետի: Ներկայումս նման կազմակերպությունների թիվը Հայաստանում մոտենում է մեկուկես տասնյակի: Սա շատ վտանգավոր երևույթ է, քանզի չկա որևէ երաշխիք, թե հայ-կազակական բարեկամության վեհ գաղափարը չի վարկաբեկվի,- մտահոգվում է Կարապետ Զադոյանը:

Ըստ նրա՝ իրավիճակը կարգավորելու համար ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է ավելի զգոն գտնվի հայ-կազակական համագործակցության նոր կազմակերպություններ գրանցելիս:

-Ընդհանրապես, ցանկալի է, որ պետական կառույցները պատշաճ ուշադրություն դարձնեն հայ-կազակական համագործակցության հարցերին: Գուցե հարկ կա մտածելու որևէ պետական մարմնի կառուցվածքում կազակության հետ աշխատանք տանող մասնագիտացված կազմակերպություն ստեղծելու մասին:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Լեյտենանտ

Խորագիր՝ #16 (1034) 1.05.2014 – 7.05.2014, Բանակ և հասարակություն


30/04/2014