ԵՐՐՈՐԴ ՌԵՅԽԸ ԵՎ ՆՐԱ ԱՌԱՋՆՈՐԴԸ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՀԱՅՏ ԷՋԵՐ
Ֆաշիզմի ջախջախումից 60 տարի անց Գերմանիայում լույս է տեսել միանգամից երկու ուշագրավ գիրք՝ Հենրիկ Էբերլիի եւ Մաթիաս Ուլի «Հիտլերի գիրքը» եւ Ռայներ Կառլշի «Հիտլերի ռումբը», որոնցում նկարագրվում են Հիտլերի կյանքի քիչ հայտնի կամ մինչ օրս ընդհանրապես անհայտ որոշ փաստեր, ինչպես նաեւ ինչ-ինչ դրվագներ նացիստական պետության՝ Երրորդ ռեյխի պատմությունից, որը 12 տարի միանձնյա ղեկավարում էր ֆյուրերը: Առաջին գրքի հիմքում ընկած է մի փաստաթուղթ, որը կազմվել է Իոսիֆ Ստալինի հրամանով: Բավական ծավալուն դոսիեն պարունակում է ֆյուրերի երկու հավատարիմ անձանց ցուցմունքները, որոնց մանրակրկիտ հարցաքննության են ենթարկել խորհրդային հատուկ ծառայությունների սպաները:
ՖՅՈՒՐԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՄՔԸ
Ռեյխի վերջնական ջախջախումից առաջ, կյանքի վերջին օրերին, Ադոլֆ Հիտլերն այնպիսի տագնապի մեջ էր, որ տառացիորեն արյունոտվելու աստիճան քորում էր պարանոցն ու ականջները, պահանջում, որ ստուգեն՝ թույն չկա՞ օծանելիքի մեջ կամ նույնիսկ այն ջրում, որի մեջ իր համար ձու են խաշում: Ինքնասպանություն գործելուց առաջ նա սպասավորին՝ Հեյնց Լինգեին հանձնարարել էր իր դիակի վրա բենզին լցնել ու այրել: «Դու չպետք է թույլ տաս, որ իմ դին ընկնի ռուսների ձեռքը,- ասել էր ֆյուրերը:- Նրանք իմ դիակի ցուցադրումը Մոսկվայում կվերածեն ներկայացման ու մոմով կպատեն այն»:
Հիտլերի կյանքի այս եւ այլ ուշագրավ մանրամասներ բեռլինյան Ժամանակակից պատմության ինստիտուտի աշխատակիցներ Էբերլին եւ Ուլը հայտնաբերել են մոսկովյան արխիվային փաստաթղթերում, որոնց հիմքում Հիտլերի սենեկապետ Հեյնց Լինգեի եւ համհարզ Օտտո Գյունշեի ցուցմունքներն են ընկած: 672 էջանոց «Հիտլերի գիրքը» գրվել է ըստ Լինգեի եւ Գյունշեի ցուցմունքների Ստալինի համար պատրաստված կենսագրության հիման վրա: Այդ աշխատությունը կազմելու համար քննիչներն ամբողջ երկու տարի հարցաքննել են նրանց…
Լինգեն եւ Գյունշեն Հիտլերի մոտ աշխատել են տասը տարի: Նրանք գերի են ընկել 1945 թ. մայիսի 2-ին, Բեռլինում, նացիստական առաջնորդի դին այրելուց մի քանի օր անց: Հարցաքննությունների ընթացքում նրանք խորհրդային հատուկ ծառայություններին պատմել են այն ամենը, ինչ գիտեին Հիտլերի մասին: 1955 թ. նրանց ազատ արձակեցին, եւ երկուսն էլ վախճանվեցին հայրենիքում՝ Գերմանիայում. Լինգեն՝ 1980 թ., Գյունշեն՝ 2003-թ.-ին:
Հիտլերի այս մերձավոր անձինք, մասնավորապես, պատմում են նրա հարաբերությունների մասին Եվա Բրաունի հետ, այն մասին, որ ֆյուրերը շարունակ հայհոյում էր Գյորինգին, իսկ նացիստական կուսակցության գծով իր տեղակալ Ռուդոլֆ Հեսսի փախուստից հետո իսկական կատաղության նոպա էր ունեցել:
Գրքի հեղինակների պնդմամբ՝ Ստալինն ուղղակի տարված էր ֆյուրերի մահվան խնդրով. չէր հավատում բունկերում նրա ինքնասպանության վարկածին եւ խորապես համոզված էր, թե Հիտլերն ինչ-որ տեղ թաքնվել է: Ճշմարտությունը պարզելու համար նա կարգադրում է գտնել Հիտլերի մերձավոր շրջապատից որեւէ մեկին, որը կպատմի ամեն ինչ այնպես, ինչպես եղել է իրականում: Սկզբում գերի ընկած Լինգեի եւ Գյունշեի հարցաքննությունների ժամանակ քննիչներն աշխատում էին պարզել միայն ֆյուրերի մահվան հանգամանքները, բայց հետո գերիներն սկսեցին հաղորդել ուրիշ՝ ոչ պակաս կարեւոր տեղեկություն եւս:
Ստալինն այնքան էր հետաքրքրվում Հիտլերի մահվան մանրամասներով, որ 1945 թ. ամռանը՝ Պոտսդամի կոնֆերանսի աշխատանքի ընթացքում, կարգադրեց իրեն տանել Բեռլին, այնտեղ, ուր համաձայն ֆյուրերի վերջին կամքի՝ նախկին կայսերական գրասենյակի փոքրիկ պարտեզում, հրկիզվել էին դիկտատորի, Եվա Բրաունի եւ նրանց շան դիակները: Ի դեպ, հակառակ հանրահայտ կարծիքի՝ դա ոչ թե գերմանական գամփռ էր, այլ արեւելաեվրոպական ցեղատեսակի շուն:
Ընթերցանությունն ավելի դյուրին դարձնելու համար հարցաքննությունների արձանագրությունները մշակման էին ենթարկվում՝ վերածվելով յուրօրինակ կենսագրական վեպի: Գոյություն ունի այս դոսիեի երկու օրինակ: Բնօրինակը՝ լուսանցքներում Ստալինի մակագրություններով ու նշումներով, պահվում է Կրեմլի փակ արխիվներում: 1959 թ., Նիկիտա Խրուշչովի կարգադրությամբ, այդ փաստաթուղթը պատճենվեց. կրկնօրինակը պահվում է Մոսկվայում, ԽՄԿԿ ԿԿ նախկին արխիվում: Հենց այդտեղ էլ այն հայտնաբերել է գերմանացի պատմաբան Ուլը եւ ռուսերենից թարգմանել գերմաներեն:
Երբ «Բիլդ» թերթը հրապարակեց «Հիտլերի գրքից» որոշ հատվածներ, Գերմանիայում մեծ հետաքրքրություն առաջացավ այդ հրատարակության հանդեպ: Եվ առաջին հերթին այն պատճառով, որ դրանում ապացույցներ կային հրեաների զանգվածային ոչնչացման (Հոլոքոստի) ծրագրմանը եւ իրականացմանը Հիտլերի անմիջական մասնակցության վերաբերյալ: Ցուցմունքները վկայում էին, որ Հիտլերն անձամբ հետաքրքրություն է դրսեւորել գազախցերի մշակման հարցում: «Նա հետեւում էր CC-ի ղեկավար Հենրիխ Հիմլերի ներկայացրած նախագծի ընթացքին: Նա կարգադրեց ամեն կերպ աջակցել գազախցերի կառուցումն իրականացնող ինժեներներին»: Իսկ երբ Հիմլերը զեկուցել էր, որ շարժական գազախցերն արդեն աշխատում են, Հիտլերը ցինիկաբար ծիծաղել էր եւ ասել, թե սպանության այդ մեթոդն ավելի «նրբանկատ» ու «սուսուփուս» է, քան գնդակահարությունները: Բացի այդ, ֆյուրերը «Հիմլերին հանձնարարեց ավելացնել շարժական գազախցերով բեռնատարների թիվը ՝ խնայելու համար փամփուշտները, որոնք պետք են զորքին՝ ռուս գերիներին գնդակահարելու համար»:
ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐ՝ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀՈՐԸ
Գյունշեի եւ Լինգեի հարցաքննությունների՝ խորհրդային հատուկ ծառայությունների սպաների կողմից մշակված արձանագրություններն առաջին անգամ Ստալինին ներկայացվեցին ամանորյա տոների նախօրեին՝ 1949 թ. դեկտեմբերի 29-ին: Ահա այսպիսի անսովոր ամանորյա նվեր մատուցվեց խորհրդային առաջնորդին՝ գիրք գերմանական ռեյխի առաջնորդի մասին: «Նվերի» նպատակն էր խորհրդային առաջնորդին ներկայացնել Հիտլերի մահվան մանրամասները, նրա մտածելակերպը, ինչպես նաեւ՝ տեղեկություններ հաղորդել նրա շրջապատում դավաճանությունների մասին:
Ինչ վերաբերում է «Հիտլերի գրքին», ապա այն բացահայտում է շատ ու շատ նոր փաստեր: Օրինակ՝ պարզվում է, որ Հիտլերի հարաբերությունները Եվա Բրաունի հետ շատ ավելի մտերմական են եղել, քան մինչ այժմ կարծում էին, հատկապես՝ Ստալինգրադի մոտ Գերմանիայի պարտությունից հետո: «Երբ Հիտլերը լսում էր իր սիրեցյալի ձայնը, ուրախ-ուրախ ընդառաջ էր գնում նրան: Հիտլերը նրան ուղեկցում էր իր աշխատասենյակ, որտեղ սեղանին պատրաստ դրված էին տաք շոկոլադ ու թեյ, կոնյակ, շոկոլադե կոնֆետներ, մրգեր եւ սառը շամպայն: Նրանք ժամերով անցկացնում էին աշխատասենյակում, բայց գործը սիրային հարաբերություններին չէր հասնում. Հիտլերն աչքի էր անցկացնում երեկոյան թերթերը, իսկ Եվան շոկոլադ էր ուտում: Կեսգիշերից հետո Հիտլերը գնում էր իր ննջասենյակը, Եվան՝ իրենը»: Թեեւ, Գյունշեի եւ Լինգեի ցուցմունքների համաձայն, Ադոլֆի սիրուհին բավական պահանջկոտ ու կամակոր կին էր, ֆյուրերն անտրտունջ կատարում էր նրա բոլոր քմահաճույքները:
Ինչ վերաբերում է ֆյուրերի յուրահատուկ հումորի զգացմանը, ապա բավական է ասել, որ նա գերմանացի զինվորներին թույլ էր տալիս գրավյալ տարածքներում ամուսնանալ տեղացի կանանց հետ միայն այն բանից հետո, երբ անձամբ տեսնում էր այդ կանանց լուսանկարները: «Լուսանկարներում կանանցից շատերն այնքան էլ գեղեցիկ չէին,- ասվում է գրքում:- Հիտլերը ծիծաղում էր եւ մի անգամ ասաց՝ այսպիսի կանանց սիրահարված զինվորներն սթափվելուց հետո կանիծեն ինձ, որ իրենց թույլ եմ տվել ամուսնանալ»:
Պարզվում է՝ երբ 1941թ. դեկտեմբերին Միացյալ Նահանգները պատերազմ է հայտարարել Գերմանիային, Հիտլերը քմծիծաղ է տվել. «Նրանց մեքենաները երբեք մրցարշավներում չեն հաղթել, ամերիկյան ինքնաթիռները, թվում է, արագընթաց են, իսկ իրականում դրանց շարժիչները գրոշ չարժեն: Նրանք հաջողության են հասել միայն միջակության եւ գովազդի ասպարեզներում»:
ԳԻՏԵ՞Ր ԱՐԴՅՈՔ ՀԻՏԼԵՐԸ ՀԵՍՍԻ ԹՌԻՉՔԻ ՄԱՍԻՆ
Գերմանիայում կարծում են, որ մոսկովյան արխիվում հայտնաբերված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն: 1941 թ. մայիսին Հիտլերի առաջին տեղակալ Ռուդոլֆ Հեսսը կործանիչով հասել էր Մեծ Բրիտանիա եւ անկարգելով ցած իջել՝ իբր Լոնդոնի հետ խաղաղ բանակցություններ վարելու նպատակով: Այս մասին Գյունշեի եւ Լինգեի ցուցմունքներն ապացուցում են այն վարկածի ճշմարտացիությունը, թե Հեսսն այդ արարքը կատարել է առանց Հիտլերի գիտության: «Փաստաթղթերը վկայում են, որ Հեսսի թռիչքը համաձայնեցված չի եղել Հիտլերի հետ,- ասվում է գրքում:- Լինգեն թակել է ննջասենյակի դուռը: Հիտլերը քնաթաթախ հարցրել է. «Ի՞նչ է պատահել»,- իսկ քիչ անց, չսափրված, հայտնվել է դռան շեմին: Երբ նա իմացել է Հեսսի թռիչքի մասին, ուղղակի կատաղել է »:
Լույս տեսած երկրորդ՝ «Հիտլերի ռումբը» գրքի հեղինակ Ռայներ Կառլշը, որ աշխատում է Հումբոլդտի համալսարանում, համոզված է, որ ատոմային մրցավազքում Հիտլերն առաջատար էր: Նա պնդում է, որ 1944 թ. վերջին, 1945 թ.-ի սկզբներին Թյուրինգիայում եւ Հյուսիսային ծովում մի քանի միջուկային փորձարկումներ են կատարվել, որոնց արդյունքում ռադիացիայից հարյուրավոր ռազմագերիներ են զոհվել՝ հիմնականում Կարմիր բանակի նախկին զինվորներ:
Գրքի հեղինակը մատնացույց է անում վկաների եւ սիրող-պատմաբանների բերած փաստերը եւ նշում է, որ ինքը Բեռլինի արվարձաններից մեկում գտել է «ուրանի հարստացման առաջին գործող ռեակտորի» հետքեր՝ ցեմենտե հիմք, որի վրա թփեր են աճել: Նրան ոգեշնչել է գրել «Հիտլերի ռումբը» գիրքն ամերիկացի պատմաբան Մարկ Վալցերը, որը համարվում է առաջատար մասնագետ գերմանական ատոմային ռումբի ուսումնասիրության բնագավառում: Սակայն արտասահմանյան հրապարակումներում ընդգծվում է, որ, ի տարբերություն առաջին գրքի, Կառլշի գիրքը Գերմանիայում ընդունել են մեծ թերահավատությամբ: Բանն այն է, որ ատոմային ռեակտոր ստեղծելու համար գերմանացի ֆիզիկոսներին անհրաժեշտ էր ձեռք բերել, այսպես կոչված, ծանր ջուր: Սակայն դրանց պաշարները, որ կենտրոնացված էին 1943թ. փետրվարին հիտլերականների կողմից օկուպացված գոտում, ոչնչացվել էին բրիտանական հատուկ ծառայության խմբի եւ նորվեգացի հայրենասերների համատեղ գործողությունների շնորհիվ: Իսկ ռեյխի հատուկ ծառայությունների աչքից վրիպել էր այդ գործողությունը, որի արդյունքում էլ Վեմորկ ավանում շարքից դուրս էր բերվել ծանր ջրի գործարանի հիդրոլիզային արտադրամասը: Սակայն գրքի հեղինակը, չգիտես ինչու, այս մասին չի հիշատակում, եւ հենց միայն այս փաստը թերահավատություն է առաջացնում նրա գրքի նկատմամբ:
Թարգմ.` Ս. ՄԵՍՐՈՊՅԱՆԻ
HBO