ԴԻՐՔԱՊԱՀԸ
Գործընկերուհիս` Ալիսը, հիացմունքով եւ հպարտությամբ էր խոսում քրոջ միակ որդու` Հարությունի մասին: Ասում էր, որ նա ծառայում է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Սերժանտ է, անցած ամիս էլ ճանաչվել է դիրքի լավագույն ավագ, խրախուսվել է արձակուրդով: «Հարությունը որոշել է զորացրվելուց հետո պայմանագրային հիմունքներով նույն զորամասում շարունակել ծառայությունը, երազում է զինվորական դառնալ… Տնեցիներին էլ է խանդավառել-համոզել, որ ընտանիքով տեղափոխվեն սահմանամերձ բնակավայր, տուն կառուցեն… Ինքն էլ նշանված է, կամուսնանա եւ երջանիկ կապրեն»,- ասում էր ընկերուհիս:
Այնինչ ապրիլի 11-ին արձակված ադրբեջանական դիպուկահարի կրակոցը կանխեց դեպքերի ընթացքը՝ փոխելով զինվորի երազանքների ճանապարհը… Անողոք էր ճակատագրի դատավճիռը. հրազենային վնասվածքները անհամատեղելի են հնարավոր հետագա ծառայության համար: Երկու վիրահատությունից հետո Հարությունը այժմ բուժվում է ՊՆ Կենտրոնական հոսպիտալում: Որոշեցի ընկերուհուս հետ այցելել վիրավոր զինվորին: Հիվանդասենյակում ենք: Սեղմում եմ Հարությունի ձեռքը, հարցնում որպիսությունը: Նա ժպտում է` ցույց տալու համար, որ լավ է, ապա զսպելով ցավը` նստում է, կատակում: Բոլորովին ընկճված չէ: Նայում եմ նրան եւ մտածում` որքան տոկուն է, ուժեղ:
-Ծառայում էի զորամասի ՀՕՊ ստորաբաժանումում, բայց միշտ մտածել եմ, որ ծառայությունը զենք բռնելն է, սահման հսկելը: Երկու անգամ զեկուցագիր եմ գրել եւ խնդրել, որ ինձ տեղափոխեն հրաձգային գումարտակ, մերժել են: Հրամանատարին ասել եմ, որ այնքան եմ գրելու, մինչեւ ցանկությունս հաշվի առնվի: Ընդառաջել են: Առաջին անգամ մարտական հենակետ եմ բարձրացել մայիսի վերջին: Հերթափոխի ամբողջ ընթացքում գրեթե չեմ քնել, մանրակրկիտ ուսումնասիրել եմ դիրքի կառուցվածքը, մեր եւ հակառակորդի միջեւ ընկած տարածությունը: Մտածել եմ` երրորդ-չորրորդ անգամ սովորական կդառնա, բայց` ոչ: Միշտ էլ ոգեւորվածությամբ եմ սահմանը հսկել, սիրով, երբեք չեմ ձանձրացել, չեմ հոգնել: Մեր դիրքը յուրահատուկ է. այն շրջապատված է հակառակորդի երեք դիրքով: Բարդ դիրք է, վտանգավոր… Բայց մենք միշտ պատվով ենք կատարել մեր ծառայությունը… Դա տեսնում էր նաեւ հակառակորդը… Նրանց կրակոցները ուժի նշան չեն, նրանք վախից են կրակում… Նրանք անհանդուրժող եւ անմարդկային են անգամ կենդանիների նկատմամբ: Եթե մեր դիրքապահ շունը հանկարծ անցնում է իրենց տարածք, ոտքն են կտրում, աչքն են հանում ու հետ ուղարկում… Իբր, վախեցնելու ձեւ է… Մենք՝ հակառակը, նրանց շներին պահում ենք մեզ մոտ, կերակրում…
-Փաստորեն 10 հոգով զսպում եք հակառակորդի 50-ից ավելի զինվորների,-ընդհատում եմ ես:
-Ես կասեի` խեղճացրած ենք պահում: Մեր տղաները անվախ են, համարձակ, նվիրված ու դիմացկուն, արագ են կողմնորոշվում եւ երբեք չեն դժգոհում, չեն բողոքում` ո՛չ շոգից, ո՛չ անձրեւից, ո՛չ ցրտից: Մենք իրար հետ շատ լավ ենք, հարազատ եղբայրների պես…
-Այնքան է սիրում իր ընկերներին, զորամասը, դիրքը, որ անգամ այս վիճակում ասում է` լավանամ, վերադառնալու եմ,- մեր զրույցին միջամտում է Ալիսը:
-Առաջինը չեմ, բայց կուզենայի վերջինը լինել… Ծառայություն է, դիրքեր… Միշտ մտածել եմ՝ ինձ հետ նման որեւէ բան չի պատահի, շատ ինքնավստահ էի, վստահ՝ աչալրջությանս, զգոնությանս վրա… Հանգստյան ժամ էր, տղաներն ասացին` «հաց ուտենք, հետո կհանգստանաս»: Համաձայնեցի, բայց, որպես դիրքի ավագ, որոշեցի մի անգամ էլ բարձրանալ դիրքապահ ընկերներիս մոտ` տեսնելու՝ ինչ կա, ոնց են: Բարձրացա ու…
Հարությունը լռում է: Անգամ տնեցիներին ոչինչ չի պատմել: Միայն վիրահատությունից հետո է զանգահարել մորը` Նաիրային, և ասել, որ ինքը հիվանդանոցում է, բայց պետք չէ անհանգստանալ, ընկել է, ոտքը ոլորել:
-Բարձրացա դիտակետ, դիտարկում էի կատարում,- այնուամենայնիվ, որոշում է պատմել:- Ոչ մի շարժ չնկատեցի, իրավիճակը հանգիստ էր: Մի քանի րոպե անց մեծ տրամաչափի դիպուկահար հրացանով կրակեցին պատին, այն փլվեց, եւ գնդակը դիպավ ոտքիս, իսկ բեկորները վնասեցին կրծքավանդակս, ձեռքերս… Արյան մեջ կորել էի, բայց գիտակցությունս տեղն էր… Տղաներն ինձ գրկած տարան գետնատնակ, այնտեղ առաջին բուժօգնություն ցուցաբերեցին, բոլորը միաբերան ասում էին` ամեն ինչ լավ է, չվախենաս… Իսկ ես չէի էլ վախեցել… Միայն մի հարց ինձ հանգիստ չէր տալիս` ո՞նց չնկատեցի… Դեպքից մի քանի օր անց միայն հանգստացա. զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալն ասաց` չմտածե՛ս, իրենք իրենց պատասխանն ստացել են…
Մեր զրույցն ընդհատում է վնասվածքաբանական բաժանմունքի բժիշկ-օրդինատոր, կապիտան Միքայել Մաղաքելյանը: Եկել է զինվորի վերքերը զննելու: Մենք սպասում ենք միջանցքում: Մեզ է մոտենում բուժվող զինվորներից մեկը, ներկայանում որպես Հարությունի ծառայակից ընկեր. «Մանուկյան Հովհաննեսն եմ, նույն զորամասում ենք ծառայում: Ուզում եմ, որ ձեր հոդվածում նշեք` Հարութը շատ քաջ, ազնիվ ու համարձակ տղա է, և որ մենք նրա նման զինվորներ շատ ունենք: Մի հայ զինվորը թշնամու հազար զինվոր արժե…»: Վերադառնում ենք հիվանդասենյակ: Բժիշկը գոհ է բուժման ընթացքից: Բոլորս ուրախանում ենք: Մեզ հետ ուրախանում է նաև նույն հիվանդասենյակում պառկած տարեց մանկավարժ Գառնիկ Հովանյանը.
-Ես նրա կյանքին մատաղ (հուզվում է): Ընդամենը տասնութ ժամ է, ինչ նույն սենյակում ենք, բայց տեսնում եմ, որ քաջ տղա է, մի հատ հոգոց չի հանում: Չնայած ոտքի, կրծքի ցավին, վեր է կենում ու քայլում… Ասում է` պապի՛ ջան, պիտի շուտ լավանամ ու նորից դիրք բարձրանամ…
Հ. Գ. Մեր հոդվածը տպագրվում էր, երբ իմացանք, որ Հարությունին է այցելել «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա» ՀԿ-ի նախագահ, պահեստի գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը եւ բուժվող զինվորների, հոսպիտալի անձնակազմի ծափողջույնների ներքո զինվորին հանձնել պատվոգիր ու կազմակերպության՝ «Ղարաբաղյան պատերազմի վետերան» մեդալը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ