Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՑԻՉԸ



Գյուղի միակ ակացիան աճել էր մեր դասարանի պատուհանի տակ։ Աշուն էր, ու ծառի՝ լոբու նմանվող տերեւները քամուց պոկվում, ընկնում էին պատուհանի գոգին։ Հայոց լեզվի ու գրականության մեր ուսուցիչը՝ Ռազմիկ Ռշտունի-Հովհաննիսյանը, հայոց պատմություն էր դասավանդում։ Ու մենք՝ աշակերտներս, վերացած լսում էինք նրան՝ տխրում, թախծում, երազում… Գրատախտակի վրա բացված քարտեզի մոտ կանգնել էր ցուցափայտը ձեռքին եւ պատմում էր, ու մենք մտովի տեսնում, զգում էինք պատմական Հայաստանի քաղաքների շունչը, գետերն ու լճերը։ Քար լռություն էր դասարանում, իսկ ուսուցիչը պատմում էր, պատմում։

Մեր փոքրիկ գյուղում ամեն սար ու քար, հանդ ու ձոր իրենց անուններն ունեն՝ Սարոյի տափ ու Սախո քար, Սահակի աղբյուր ու Արմենի խաչքար։ Այդ անուններն իրենց հետ բերել էին եղեռնից փրկվածները, իսկ մինչ այդ՝ պատմության խորշակը սրբել-տարել էր դրանք, այլալեզու անուններ թողել եկեղեցիների ու խաչքարերի կողքին։ Երբ գյուղի ծերերը հավաքվում էին գյուղամիջում ու սկսում իրենց անվերջանալի պատմությունները, ուսուցիչը, պատին թիկն տված, լսում էր նրանց, փորձում մեղմել հոգու բոցավառվող կրակը։ Ժամանակի հետ պատի տակ շարված նրանց քարերը մեկիկ-մեկիկ որբացան, մնացին պապերից լսած թախծոտ ու տխուր պատմությունները…

Ողորմի քեզ, օլթեցի Գրիգոր։ Երբ ցորենքաղն սկսվում էր, ու կոմբայնավարները բարձրանում էին գյուղի դիմացի լանջերին կպած արտերը հնձելու, կանգնում էր գյուղամիջում, ձեռքը դնում ճակատին ու ցավով կանչում. «Հե՜յ վա՜խ, իմ Մարալ ու Շողո եզներ ջան… Սրանք էլ կասեն՝ ցորե՞ն կքաղեն։ Ես ասեմ, դու հաշվե, թե քանի օքմի բերքը կփչացնե (կսկսեր մատները ծալել)։ Մուկը կտանե, ծիտը կտանե, էս մեկ՝ հալալ է, անասուն, գել, գազան կուտեն, կտրորեն՝ էս քեզ երկու՝ Աստծո օրենքն է։ Մի քանի հատիկ հասկին կմնա՝ էն էլ կոմբայնը կփչացնե, կթափե։ Իմ Մարալ, Շողո եզներ, մեր գործն ո՜ւր, սրանցն ո՛ւր»։ Եվ այնպիսի ջերմագին կարոտով էր ձայնում, որ թվում էր՝ ուր որ է՝ բառաչելով պիտի նրան ընդառաջ գային։

…Գաղթականներն իրենց հետ բերել էին ծննդավայրի մանանա ու տառեխ, Վանա ծով ու Ռշտունյաց լեռնաշխարհի քչքչան աղբյուրներ, որովհետեւ նրանց պատմությունները համեմված էին այդ ամենով։ Պատմում էին նույն համուհոտով, թախծին խառնած հումոր ու կարոտ. «Մշեցի Արշակը կովը տարել էր անասնաշուկա, վաճառել ու գյուղ վերադառնալուց առաջ մտել էր ճաշարան՝ մի բաժակ օղի խմելու։ Մի բաժակը դարձել էր երկու, երկուսը՝ երեք, սեղանակիցները՝ անթիվ, ու այսպես ծախսել էր ողջ գումարը։ Աշխարհն ու ժամանակները փոխվել, խառնվել էին իրար, ու երբ սեղանի օղին վերջացել էր՝ Արշակը բռունցքն ուժեղ խփել էր սեղանին. «Արմանո՛ւշ, ա՛յ կնիկ, արաղ դիր սեղանին, հյուրն Աստծունն է»։ Արմանուշը մշեցի Արշակի առաջին կինն էր, որ մնացել էր գաղթի ճամփեքին։ Ու հիմա Արշակը նորից էր ամուսնացել, ու հաճախ էին խառնվում ժամանակները, իսկ մշեցի Արշակն իր երկրորդ կնոջը դիմում էր Արմանուշ անունով»։

Կաճեթցի Սախո բիձեն ամեն անգամ հարեւանի հետ վեճի բռնվելուց ասում էր. «Քիչ էլ համբերի, Էրգրի դռները կբացվին, ու ես կերթամ իմ բարձրիկ սարեր։ Էս տուն ու տեղն էլ, էս բաղ ու այգին էլ հո չվանով (պարանով) չե՞մ շալակի հետս տանեմ։ Ես էնտեղ գյուղ էլ ունեմ, տուն ու տեղ էլ»։

Մի անգամ էլ Սարիբեկ պապի ձեռքն էր ընկել Ամերիկայում հրատարակվող հայկական մի թերթ, որում տպագրված էին Կարապետ Սիտալի ստեղծագործություններն ու մեծադիր նկարը։ Նայել, նայել էր նկարին ու տխուր մի մենախոսություն էր սկսել. «Յա՜, Կրպո, էս դո՞ւ ես։ Վայ, Կրպո՛ ջան, փրկվե՞լ ես կոտորածից, հասել Ամերիկա՝ լավ է։ Է՜, կհիշե՞ս, Կրպո՛, մեր գառնարած ժամանակ, մեր սարեր, մեր պաղ աղբրներ։ Վայ, Կրպո՛ ջան, Կրպո՛…»։

Իսկ գյուղի հարավային կողմի փոքրիկ բլրակին, որտեղից միայն Մասիսի ճերմակ գագաթն էր երեւում, իր տան պատշգամբից էրզրումցի Վահեն գարնան հետ հայացքը Մասիսներին, ամեն անգամ ձեռքը թափով խփում էր ծնկանը. «Հեյ վախ, ոչ ու փուչ աշխարհ։ Էրնեկ մի օր փոթորիկ էղներ, ինձ ու իմ Վարսենին թռցներ-տաներ Մասիսի ձյուների մեջ ձգեր։ Թե մեկ օր էլ ապրեի՝ ապրեի իմ Վարսենի հետ»։ Վարսենը Վահեի մանկության սերն էր, որ կորցրել էին իրար փախեփախին։

Եվ այս պատմությունները պատմում էր մեր ուսուցիչը, թողնում իր աշակերտների հիշողության մեջ։ Լսում էինք կլանված, աշխարհից վերացած։ Ցուցափայտի ամեն մի շարժումից մեր հայացքի առաջ մեկը մյուսին հաջորդում էին որբացած, սրբացած պատկերներ… Պատմում էր, որ Ռշտունյաց աշխարհում ընկույզը ձվի մեծությամբ է, կեղեւը բարակ, ու երբ աշնան քամին ձմեռնամուտին օրորում էր ծառի ճյուղերը՝ ընկույզները թափվելով գլորվում էին ձորն ի վար՝ իրենց հետ տանելով թռչունների ճիչ- աղաղակը…

Ամռան խոտհունձի օրերին, երբ հնձվորները բարձրանում էին Ուրցի լեռների խոտհարքները, նրանց հետ էր նաեւ ուսուցիչը։ Ուրցի լեռան գագաթից հայացքն ուղղում էր Արաքսից այն կողմ… Պարզ երեւում էին Մասիսներն ու Հայոց պար լեռնաշղթան, մշուշի մեջ նաեւ Բինգյոլը, հեռվում կապույտին էր տալիս Ուրմիո լիճը։ Հետո հնձից հոգնած նստում էին աղբյուրի մոտ, բացում հացի կապոցն ու ծարավը հագեցնում զարմանալի աղբյուրի ջրով։ Եվ նորից շարունակվում էր հայոց պատմության դասը…

…Երբ 2004 թվականին դպրոցի տնօրեն Վազգեն Հովհաննիսյանն ուխտագնացության մեկնեց պատմական հայրենիք, վերադարձին ուսուցչի շիրմին շաղ տվեց նրա ծննդավայրից բերած հողն ու ջուրը, եւ թվում է՝ վերջապես խաղաղվեցին գյուղի հանգստարանում հանգչող, ծննդավայր կորցրած թափառական, անհանգրվան հոգիները։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #16 (1034) 1.05.2014 – 7.05.2014, Հոգևոր-մշակութային, Ճակատագրեր


30/04/2014